Լրահոս

Սամվել Ալեքսանյանն առաջինը կատարեց Սերժ Սարգսյանի խոսքը

 

Հայկական Ժամանակ թերթը գրում է, որ Սամվել Ալեքսանյանի որոշմամբ, նրան պատկանող սուպերմարկետների այն աշխատակիցները, որոնք Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ չեն՝ կազատվեն աշխատանքից: Ալեքսանյանը, ըստ թերթի, որոշել է իր կառույցում աշխատանքի ընդունել միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ որպես խորհրդարանի ընտրությանը ռեյտինգային կարգով իրեն տված ձայների համար վարձահատույց լինելու քայլ:

Մալաթիա-Սեբաստիան Ալեքսանյանի այսպես ասած հայրենի շրջանն է:Այս տեղեկությունն առանձնակի ուշագրավություն է ստանում օրերս Կարեն Դեմիրճյան կենտրոնում անցկացված Ազգ-բանակ համաժողովում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ֆոնին: Այդ ելույթում Սերժ Սարգսյանը մեջբերում էր Վազգեն Սարգսյանին. «Վազգենն ասում էր՝ տեղական հայրենասերների ցավը տանեմ: Ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում կան այդպիսի տեղական հայրենասերներ, որ գիտեն իրենց բնակավայրի պատմությունը, այդտեղից դուրս եկած մարդկանց անուններն ու կենսագրությունները», Ազգ-բանակի համատեքստում չգիտես ինչու ասում էր Սերժ Սարգսյանը, որ պետության նախագահ է:

Պետությունը տեղական հայրենասիրության բացառման համար է, պետության պաշտպանությունն ու անվտանգությունը չի կարող կառուցվել տեղական հայրենասիրության վրա: Ավելին, տեղական հայրենասիրությունը կարող է պարզապես քանդել պետությունը՝ պետական անվտանգությունը, պետական կառուցվածքը:Ընդ որում ոչ միայն ռազմական հարթության վրա, այլ ընդհանրապես՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական:

Տեղական հայրենասիրությունը գործնականում ֆեոդալիզմի յուրօրինակ ստուգաբանությունն է, ֆեոդալական հիերարխիան կառուցող բաղադրիչներից մեկը:Օրինակն էլ փաստորեն չուշացավ՝ Սամվել Ալեքսանյանը որոշեց, որ իր մոտ պետք է աշխատեն միայն Մալաթիա-Սեբաստիայի, այսինքն իր «տեղական հայրենիքի» բնակիչները: Ալեքսանյանն անկասկած ազատ է իր կառույցում աշխատանքի ընդունել ցանկացած «աշխարհագրական պատկանելությամբ»:

Խնդիրն այստեղ մտածողությունն է, որ կոնկրետ օրինակով դրսեւորվում է ֆեոդալ-օլիգարխիական մակարդակում, իսկ մինչ այդ հայեցակարգային, փիլիսոփայական հարթության վրա ողջույնի է արժանացել պետական կառավարման բարձրագույն մակարդակում:Փաստացի, դա մի փիլիսոփայություն, մի արժեհամակարգ է, որտեղ քաղաքացիները պաշտպանված լինելու համար պետք է կառուցեն տեղական հիերարխիա եւ անպայման ձգտեն ունենալ իրենց օլիգարխին կամ ֆեոդալին՝ անաշխատանք չմնալու եւ անվտանգ լինելու համար:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing