Լրահոս

Սամվել Բաբայանը ակտիվ դերակատարություն կունենա «800 հեկտարի շարժմանը». Աղասի Ենոքյան

 

Աղասի ենոքյան

Tert.am-ի հետ զրույցում  քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադառնում է շուրջ 5 տարի Հայաստանից բացակայած Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին. արդյո՞ք դա քաղաքական վերադարձ է, եթե այո, ապա ինչ դերակատարում է ունենալու նա 2017-ի խորհրդարանական ուժերի համար, և առաջին հերթին, նոր-նոր ձևավորվող շարժմանը, որը պայմանականորեն կարելի է կոչել «800 հեկտարի շարժում»:
-Պարոն Ենոքյան, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը վերադարձել է Հայաստան, նշել է, որ չի պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության, բայց տեսնում է գաղափարակիցների, ապա ավելացրել, որ մեծ հույս ունի, որ նրանք կունենան հաջողություն: Ի՞նչ գաղափարակից ուժերի մասին է խոսքը, արդյո՞ք «Համախմբում» կուսակցության:
-Այո, կարծում եմ` առաջին հերթին նկատի ունի այդ կուսակցությունը: Համենայնդեպս, իր հայտնվելու ձևը, իր հարցազրույցները դրա մասին են վկայում: Եվ նաև նրա, որ Սամվել Բաբայանը այստեղ եկել է քաղաքական նպատակներով:
-Ինքը հարցին, թե ինչով է պայմանավորված իր վերադարձը, ըստ էության չի պատասխանել, Ձեր կարծիքով` ստորագրահավաքը, որ նախաձեռնվել էր, ա՞յս վերադարձի հողն էր նախապատրաստում:
-Այո, և հիշենք, որ Սամվել Բաբայանը Հայաստանում ֆինանսական խնդիրներ ուներ, և դեռ պարզ չէ այդ խնդիրները լուծվե՞լ են, թե՝ ոչ, իր գլխին դեռ կա՞ վտանգ, եթե չկա, դա ո՞վ է վերացրել… բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն իր լայնածավալ հարցազրույցում տրված չէ: Բայց պարզ է, որ տվյալ պահին՝ ընտրություններից մեկ տարի առաջ, Հայաստանում երկու քաղաքական ճամբար է ձևավորվում, և նա հայտնվելու է դրանցից մեկում:
-Այսինքն` Դուք Սամվել Բաբայանին ակտիվ դերակատարությո՞ւն եք վերագրում 2017-ի խորհրդարանական ընտրություններում:
-Ես ենթադրում եմ, որ ինքը նման պոտենցիալ ունի կամ հավակնություն` նման դերակատարություն ունենալու: Նրան կարելի է լրջորեն այդ երկու ձևավորվող ճամբարներից որևէ մեկի խաղի մեջ ներգրավել: Արդեն ձևավորվում է, պայմանական ասած, «800 հեկտարի շարժում»-ը, որում, ըստ իս, կներգրավվի Սամվել Բաբայանը և ակտիվ դերակատարություն կունենա:
-Իսկ այն, որ Սամվել Բաբայանը վերադարձել է, արդյոք չի՞ վկայում, որ ֆինանսական խնդիրները հարթվել են:
-Հարթելը երկու ձևով կարող է լինել. մեկ, որ իր պարտքերն են վճարել, մյուսը՝ պարտքատերերն իրենց պահանջները սառեցրել են մինչև ինչ-որ քաղաքական որոշում ընդունվի:
-Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսը ներկա պահին, Սամվել Բալայանը պատասխանել էր, որ մտահոգիչ է, սակայն նշել, որ ռուսների հետ կապված մեզ մոտ մի քիչ թյուր մոտեցում կա, և որ մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարող էինք շատ ավելի լավ պայմաններով ՌԴ-ից զենք ձեռք բերել, քան Ադրբեջանը:
-Սրա հետ կապված միայն այն կարող եմ ասել, որ դա ճիշտ պնդում չէ, որովհետև մենք արել ենք, փորձել ենք, պարզապես Ռուսաստանը մեզ չի մատակարարել: Այստեղ հարցն այն է, որ նմանատիպ դիրքորոշմամբ Սամվել Բաբայանն այդ ճամբարներից մեկը հայտարարում է պրոռուսական՝ մյուս ճամբարին բրթելով դեպի արևմտյան ճամբար: Ի դեպ, ճամբարը, որում կլինի Սամվել Բաբայանը` հենց պրոռուսական է:
-Իսկ ովքե՞ր կլինեն այնտեղ և ի՞նչ ձևաչափով:
— «Հիմնադիր խորհրդարան», «Ժառանգություն», առայժմ մաս-մաս, բայց միավորվելու հեռանկարով:
-Իր հիմնական առաքելությունը Սամվել Բաբայանը կապել էր Արցախի հետ: Արցախում նա ի՞նչ ընդունելություն կունենա:
-Դժվարանում եմ ասել, որովհետև երկար ժամանակ դուրս էր Արցախի քաղաքական, սոցիալական ու տնտեսական կյանքից: Բայց այնտեղ ունի իրեն հավատարիմ կուսակցություն:
-Բայց Արցախը կուսակցություններ չէ, Արցախը գեներալներ է, հրամանատարներ է, նաև շատ ավելի ռուսամետություն կա, քան Հայաստանում:  Հետևաբար, չե՞ք կարծում, որ Արցախում ավելի մեծ ընդունելություն կունենա:
— Իհարկե: Նաև այն պատճառով, որ Արցախում շատ ավելի դժվար են արտաբերում, որ այդ 800 հեկտարը ռազմավարական չէ:
-Նաև Սամվել Բաբայանին վերագրվում են փայլուն ռազմական գործչի հատկանիշներ, ավելին` խոսվում էր, որ 90-ականներին, երբ նա չկար, մերոնք հողեր էին հանձնում, իսկ նրա օրոք արդեն հաղթանակներ էին տոնում: Իրո՞ք որևէ ռազմական գործչի դերակատարումը 21-րդ դարի ռազմական գործողություններում կարող է գործոն լինել:
-90-ականների սկզբի և ներկայիս ռազմական գործողությունները որակապես տարբերվում են և՛ ռազմական ստրատեգիայի, և՛ ներգրավված տեխնիկայի մակարդակի տեսանկյունից, սրանք բացարձակապես տարբեր ռազմավարություններ են և ինձ համար դժվար է ասել` էն ժամանակվա ռազմական կազմակերպիչները հիմա ինչքանով ադեկվատ կլինեն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...