Լրահոս

Սառը ջուր Ադրբեջանի գլխին. Օղակը սեղմվում է

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Մարիա Զախարովան, խոսելով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին, ասել է, որ դրան ինչ որ պահից կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Այդ տեղեկությունն անկասկած բավական տհաճություն կպատճառի պաշտոնական Բաքվին, որի ամբողջ խնդիրը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափից Արցախի գործընթացը Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ ձեւաչափ տեղափոխելն է, որտեղ Ադրբեջանը ապրիլից առաջ հարմարավետությամբ եւ ապահով կռել է իր ապրիլյան ագրեսիան՝ քայլ առ քայլ, տարեցտարի լարելով իրավիճակը սահմանին:

Փաստորեն, ԱՄՆ ու Ֆրանսիան Ռուսաստանին մենակ չեն թողնում հակամարտ կողմերի հետ, եւ համանախագահների ներկայությունը գործնականում կլինի «ռեվիզորի» ներկայություն: Ըստ երեւույթին, ԱՄՆ ու Ֆրանսիան առաջնորդվում են հենց ռուսական հայտնի ասացվածքով՝ վստահիր, բայց ստուգիր:Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը թեեւ փորձ արեց ստանձնել հետապրիլյան գործընթացը, այդուհանդերձ ԱՄՆ ու Ֆրանսիան հստակ գծեցին օրակարգն ու առաջնահերթությունը՝ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրում: Ադրբեջանն այդ մեխանիզմը որակեց իբրեւ ստատուս-քվոն պահելու միջոց: Բաքուն իհարկե չէր սխալվում:

Այլ առաջնահերթություն լինել չէր կարող, քանի որ հայկական զինուժն ապրիլին Ադրբեջանի ագրեսիային տված հակահարված-պատասխանով չթողեց այլ տարբերակ:Զենքով, պատերազմով խաղաղություն պարտադրելու ադրբեջանական տարբերակը չանցավ, հաստատվեց խաղաղություն պարտադրելու հայկական տարբերակը, որը առավել ամրագրվեց փետրվարի 25-ին Ադրբեջանի գրոհի հերթական փորձին հասցված կանխարգելիչ հուժկու հարվածով, որն անկասկած անակնկալի բերեց Ադրբեջանին՝ հայկական առաջնագծում արձանագրված տեխնոլոգիական արդիականացման առումով, որի ամերիկյան հետքը բավական կսկիծով արձանագրում էին ադրբեջանական լրատվամիջոցները:

Ռուսաստանն ապրիլից հետո Հայաստանին տրամադրեց Իսկանդեր՝ Ադրբեջանի ռազմավարական զսպման համար, միաժամանակ փորձելով այդպիսով խոցել երկու թիրախ կամ մեկ ձեռքով բռնել երկու ձմերուկ. Մոսկվան մի կողմից Հայաստանի հանրության մոտ փորձեց ռեաբիլիտացվել ապրիլյան պատերազմում գրեթե հակահայկական դիրքորոշման համար, մյուս կողմից Հայաստանին Իսկանդերի տրամադրումը Ադրբեջանին ակնարկ էր, թե ինչ սահմանում է ռազմական դիվանագիտությունն արգելված, բայց ինչ սահմանում է կանաչ լույսը դեռեւս վառվում:

Իսկանդերը ռազմավարական զսպման մեխանիզմ է, բայց ոչ պակաս կարեւոր է առաջնագծի զսպումը: Թերեւս պատահական չէ, որ Բաքուն պաշտոնապես առանձնապես չաղմկեց Իսկանդերի կապակցությամբ, հասկանալով ակնարկը՝ առաջնագծային դիվերսիոն մարտերը արգելված չեն:Սակայն, հենց այդ հարցում հայկական զինուժը բառի բուն եւ պատկերավոր իմաստով «կարմիր լույս» վառեց Ադրբեջանի առաջ, անակնկալի բերելով արդիական արեւմտյան տեխնոլոգիաների կիրառմամբ հասցված ուժգին հարվածով:

Ինչպես օրերս հայտարարել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Հայաստանի առաջնագիծը համալրվել է հեռահար դիտարկման եւ հակառակորդի ցանկացած շարժ վաղաժամ արձանագրելու ամերիկյան սարքավորումով:Ադրբեջանի շուրջ օղակն անկասկած սեղմվում է, եւ Ռուսաստանը կամա թե ակամա ստիպված է ներգրավված լինել այդ գործընթացին, հաշվի առնելով առավել լայն աշխարհքաղաքական մակարդակում Ռուսաստանի համար արձանագրվող տհաճ անակնկալները, որ մատուցում է Թրամփի նոր վարչակազմը:Ահա այդ իրավիճակում, Մոսկվան մի կողմից փորձում է չկորցնել Բաքվի հետ կապը՝ շարունակում է ռազմական տեխնիկայի մատակարարումները եւ փորձում է ընդառաջել եռակողմ հանդիպման ադրբեջանական ակնկալիքներին, սակայն անկարող է անել ավելին, այսինքն փոխել օրակարգը եւ դրանից հանել հրադադարի պահպանման մեխանիզմի հարցը:

Մյուս կողմից, բոլորովին բացառված չէ նաեւ, որ Ռուսաստանը գործնականում այդքան էլ մեծ ձգտում չունի հասնել դրան, քանի որ ապրիլի պատերազմը գործնականում դաս էր նաեւ Մոսկվայի համար՝ եւս մեկ այդպիսի ձգտում՝ Ռուսաստանը ոչ թե կստանա Արցախում ներկայության հնարավորություն, այլ կկորցնի Հայաստանն ընդհանրապես:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing