Սառը պատերազմը. Հայ գիտնականների խոշոր ձեռքբերումը

0

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, որ սառը պատերազմի երկու կողմերում՝ ԽՍՀՄ-ում եւ ԱՄՆ-ում, սպառազինության առանցքային մի քանի զինատեսակների, նաեւ տիեզերական որոշ տեխնոլոգիաների հեղինակները հայեր էին:

Բագրատյանը հետաքրքրական համարելով այդ դիտարկումը, հարց էր տվել, թե ինչու ուրիշների համար կարող ենք, իսկ մեզ համար՝ ոչ:Բագրատյանը վերջին շրջանում իր ֆեյսբուքյան գրառումներով կարծես թե փորձում է կրքեր բորբոքել, որոշակի քննարկում, բանավեճ խթանել, տալ այսպես ասած ստանդարտից դուրս մտորելու առիթներ, կամ էլ, հենց համացանցային լեզվով ասած՝ «թրոլինգ» անել:

Օրինակ, նրա հայտարարությունը Հայաստանի միջուկային զենքի մասին, կամ Հայաստանն Արմենիա վերանվանելու անհրաժեշտության մասին, Հայ Առաքելական եկեղեցու դերի մասին:ԱՄՆ ու ԽՍՀՄ սպառազինության ու տիեզերական տեխնոլոգիաների հայ հեղինակների մասին գրառումն ըստ երեւույթին այդ շարքից է, թեեւ այդքան էլ պարզ չէ, թե դրանով ինչ է խթանվելու՝ քննարկում, մտորում, թե՞ պարզապես ազգային սնապարծության կամ սնափառության մի հերթական չափաբաժին:Ավելի հավանական է երկրորդը, հաշվի առնելով հանրային գիտակցության մի շարք դրսեւորումներ, հատկապես աշխարհի այս կամ այն կետում թեկուզ մեկ քառորդ գենով որեւէ նշանավոր հայ փնտրելու մոլուցքը, որով հանրությունը հպարտանում է, իսկ գործնականում պարզապես ենթագիտակցորեն ինքնարդարացնում այն անարդյունավետությունը, որ կա հայկական պետականության եւ ընդհանրապես հայկական հավաքականության մասշտաբում:

Նախկին վարչապետը հարցնում է, թե ինչու՞ ուրիշի համար կարող ենք, իսկ մեզ համար՝ ոչ: Պատասխանը թերեւս այդ հարցն է, որովհետեւ այն հիմքից ձեւակերպված է սխալ: Բանն այն է, որ այդ մարդիկ՝ հայերը, որոնք մշակել են կամ մասնակցել այդ ռազմական ու տիեզերական տեխնոլոգիաների ստեղծմանը, դա չեն արել «ուրիշի» համար: Դա արել են «իրենց» համար, արել են այդ գիտակցումով, արել են որպես հենց սովետական կամ ամերիկյան միջավայրի մասնիկներ: Նրանց էթնիկ պատկանելությունը եթե դեր ունեցել է, ապա հազիվ թե այդ դերը եղել է առանցքային:Նրանք գործել են իբրեւ ամերիկյան եւ սովետական համակարգերի մաս: Այստեղ առանցքայինը համակարգն է: Թե ամերիկյան, թե սովետական համակարգերում հնարավոր է գտնել էթնիկ այլ պատկանելություն ունեցող գիտնականներ, որոնք մշակել են լրջագույն տեխնոլոգիաներ:

Գուցե մի տեղ հայերը շատ են, աչքի են ընկել, մի տեղ քիչ են եղել, մի տեղ չեն եղել ընդհանրապես:Բուն խնդիրն այն է, որ մենք կենտրոնանում ենք, կամ մեզ կենտրոնացնում են էթնիկ պատկանելության վրա, մինչդեռ բուն խնդիրը համակարգային, միջավայրային հարթությունն է ու դրան պատկանելիությունը:Մենք մեզ համար հայտնագործել ենք «էթնոգիտություն»՝ նվազագույնը ենթագիտակցական մակարդակում, մինչդեռ հայկական համակարգում օրինակ կարող է իր տեղը գտնել էթնիկ որեւէ այլ պատկանելությամբ գիտնական եւ Հայաստանի Հանրապետության համար մշակել ռազմական, տիեզերական, հեռահաղորդակցական կամ որեւէ այլ տեխնոլոգիա:Այստեղ անշուշտ անվիճելի է հայերի գիտատեխնիկական ներուժը, հարցը ամենեւին դա չէ, այլ այն, որ ինքնին այդ ներուժը ոչինչ է, եթե չկա դրա բացահայտման ու դրսեւորման միջավայր:

Գիտական «պատկանելությունը» արդյունավետ եւ մրցունակ է միջավայրային, ոչ թե գենետիկ հիմքի պարագայում:Ըստ այդմ, Հայաստանի կամ հայության խնդիրն այն չէ, որ մենք «ուրիշի համար» անում ենք, բայց չենք կարողանում «մեզ համար»: Բանն այն է, որ չկա այդ մերը, ձեւակերպված, հայեցակարգված, գաղափարապես, արժեքներով ամրացված եւ համակարգված չէ:Ամիսներ առաջ Հայաստանում, ստանալով Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր ներդրման համար Հայաստանի նախագահի ամենամյա մրցանակը, «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելը ասել էր. ««Դուք պետք է բացեք ձեր երկիրը արտաքին աշխարհի համար, պետք է պատմեք, թե ինչ դրական զարգացումներ կան ձեզ մոտ»:Առաջին հայացքից թվում է, որ ՏՏ ոլորտում մեծագույն ավանդ ունեցող գործիչներից մեկը բարձրացնում է ավելորդ խնդիր, ի վերջո գոնե աշխարհի առաջ բաց լինելու առումով Հայաստանում ներկայում չկա որեւէ խնդիր:

Մյուս կողմից, բուն հարցն անշուշտ տողատակում է եւ առնչվում է այն հանգամանքին, որ Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա, պետք է բացվի իր ստեղծած համակարգերով, ոչ թե այս կամ այն անհատներով կամ պատմամշակութային նկարագրով:Խնդիրը Հայաստանի ներկան է, թե որքանով է Հայաստանը դեպի աշխարհ բացվում ներկայում ստեղծվող արժեքներով, համակարգերով, ինստիտուտներով, որոնք կենսունակ ու մրցունակ կլինեն համաշխարհային հաղորդակցության մեծ դաշտում, ընդ որում ոչ միայն ռազմարդյունաբերության, այլ պրոֆիլային բալանսավորված բազմազանության մեջ, որովհետեւ միայն այդ բալանսի դեպքում է համակարգը կենսունակ ու մրցունակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache