Լրահոս

Սառը պատերազմի տաքությունը

 

Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո կարծիքներ էին հնչում, որ հնարավոր է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավում: Համենայնդեպս, ԱՄՆ նոր նախագահի ելույթներից ու տրամադրվածությունից այդպես էր զգացվում:

Բայց քաղաքականության մեջ միշտ չէ, որ խոսքը գործ է: ԱՄՆ նախորդ նախագահները, ի տարբերություն Թրամփի, Ռուսաստանի ու նրա նախագահի մասին ջերմ խոսքեր չէին ասում, բայց ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն այսքան սրված չէին, ինչքան հիմա՝ այս պահին: Քաղաքագետներից ոմանք այն կարծիքին են, որ Թրամփը Ռուսաստանի հետ բազմակողմանի ու բազմանշանակ խաղեր է տալիս, ոմանք էլ կարծում են, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները սրվում են անկախ Թրամփի ցանկությունից, ավելին՝ ի հեճուկս Թրամփի: Ոմանք էլ կարծում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) հարաբերություններն այսաստիճան սրված են եղել մեկ էլ խորհրդային տարիներին, այն էլ՝ ոչ միշտ:

Թե ինչ ընթացք ու շարունակություն կունենան ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները՝ դժվար է ասել, բայց որ հարաբերությունների անսպասելի ու անակնկալ փափկացում չի սպասվում՝ կասկածից վեր է: Ավելին. առաջիկա սրացումներն առավել սպասելի ու առավել տրամաբանական են: Այս երկուսի հարաբերությունների հետագա շարունակությունը ոչ միայն մեզ է հուզում, այլև ողջ աշխարհին: Մեզ՝ առավել ևս, որովհետև այս երկու հզորների հարաբերություններն ուղղակիորեն են անդրադառնում մեր տնտեսության վրա: Ինչպես նաև՝ Ղարաբաղյան հակամարտության:

Եվ պատահական չէ, որ հենց Հայաստանում են ընդունված արևմտամետ և ռուսամետ մակդիրներն ու մականունները, և այս պահի դրությամբ առավել ակտիվներն արևմտամետներն են, և հատկապես մեր լրատվական դաշտերում ու տարածքներում են արևմտամետներն ակտիվ, մինչդեռ ռուսամետներն ավելի «մարաղ մտած» են և իրենց քաղաքական կարծիքներն ու տեսակետները հազվադեպ են բացահայտ ու բարձրաձայն արտահայտում, բայց որ կան և քանակով բավական պատկառելի են՝ համոզվեցինք Հայաստանի ԱԺ վերջին ընտրություններից հետո: Փաստ է, որ ներկայիս մեր խորհրդարանում ռուսամետները բացարձակ մեծամասնություն են: Շատ մեծ ցանկության դեպքում կարելի է «Ելք» դաշինքը համեմատաբար արևմտամետ համարել, բայց եթե Փաշինյանին, Մարուքյանին ու Արամ Զավենի Սարգսյանին որոշ քաղաքագետներ շատ մեծ ցանկության դեպքում արևմտամետ են համարում, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Սասուն Միքայելյանին արևմտամետ համարել հնարավոր չէ:

Այսուհանդերձ, իրենք մեր Ազգային ժողովում ընդգրկված մյուսների՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Բարգավաճի» համեմատ արևմտամետ են, ավելի ճշգրիտ՝ ոչ թե արևմտամետ են, այլ ռուսամետ չեն: Ինչ վերաբերում է ռուսամետներին, նրանց ռուսամետ լինելն ընդամենը ենթադրում ենք, որովհետև նրանք, ինչպես արդեն ասացինք, իրենց ռուսամետ լինելու մասին չեն բարձրաձայնում: Չեն բարձրաձայնում, որովհետև այսօր՝ այս պահին մեզանում ռուսամետությունն առանձնապես չի խրախուսվում: Ռուսամետության առումով այսօր նույնիսկ Արտաշես Գեղամյանի ձայնը չի լսվում, և վերջերս նույնիսկ Զորի Բալայանը Ռուսիո թագավորին նամակներ չի գրում: Իհարկե, կարող եք ասել, որ շատ եմ շահարկում ու չարաշահում արևմտամետության ու ռուսամետության թեմաները մանավանդ այսօր՝ այս պահին, երբ շատերի համար պարզ չէ ամենակարևորը. ինքը՝ Դոնալդ Թրամփը, արևմտամե՞տ է, թե՞ ռուսամետ: Սա, իհարկե, կեսկատակ: Բայց չմոռանանք, որ ցանկացած կատակի մեջ լրջության ու ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա: Հատկապես՝ այս կատակի մեջ: Կեսկատակ ու կեսլուրջ շատ ուրիշ բաներ էլ են խոսում: Եվ ընդհանրապես՝ ժողովրդական բանահյուսությունը ժամանակակից հայ քաղաքագիտության մեջ չափազանց մեծ տեղ ունի: Մանավանդ՝ արևմտամետության ու ռուսամետության ծիրերի մեջ: Բանահյուսությունը՝ բանահյուսություն, բայց քաղաքական բանահյուսության մեջ էլ ենք լուրջ ու ճշմարտանման մտքերի հանդիպում: Օրինակ՝ շատ է արտահայտվում այն միտքը, որ ով էլ դառնար ԱՄՆ նախագահ, միևնույն է՝ այդ երկրի քաղաքական կուրսը չէր կարող փոխել: Թրամփը ձեզ տիպիկ ու լավագույն օրինակ:

Մոտավորապես նույնը կարելի է Ռուսաստանի մասին ասել: Բայց Ռուսաստանի ու Պուտինի մասին ժողովրդական բանահյուսությունն այլ բաներ էլ է ասում: Ժողովրդական բանահյուսությունն ասում է, որ Պուտինը տառապում է Խորհրդային միության կարոտախտով և թաքուն նպատակ ունի վերականգնել սոցիալիզմը՝ նախ Ռուսաստանում, ապա և՝ Խորհրդային միության նախկին այլ հանրապետություններում: Ա՛յ սրան արդեն չհավատաք: Պուտինը կարող է ԱՊՀ, ԵԱՏՄ և նմանատիպ այլ բաներ երազել, բայց ոչ երբեք՝ սոցիալիզմ: Եվ ընդհանրապես՝ հնարավոր չի, որ կապիտալիստը սոցիալիզմ երազի:

Իսկ որ Պուտինը կապիտալիստ է և բազմաթիվ սեփականություններ կունենա՝ ենթադրում ենք: Ենթադրում ենք նաև, որ միլիոնատեր կլինի: Առնվազն: Սա էլ թող լինի մեր տուրքը ժողովրդաքաղաքական բանահյուսությանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան ներկայիս հարաբերություններին ու դրանց հետագա ընթացքին, դա, իհարկե, միանգամայն լուրջ հարց է և աշխարհի բոլոր երկրներին ու բոլոր ժողովուրդներին է ուղղակիորեն առնչվում ու վերաբերում:

Ցավոք սրտի:

 

 

aravot.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing