Լրահոս

Սարգսյանի ու Ալիեւի առաջին պայմանավորվածությունը. Այդ ի՞նչ թեմա է բացվել

 

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը այցելել է Ստեփանակերտ, այնուհետեւ Երեւանում միացել մյուս համանախագահներին, որոնք հանդիպել են Սարգսյանի հետ, այնուհետեւ մեկնել Բաքու եւ հանդիպել Ալիեւի հետ: Շեֆերը սակայն նաեւ առանձին հանդիպումներ է ունեցել Սարգսյանի ու Ալիեւի հետ:
Նոր համանախագահի դեպքում դա կարծես թե օրինաչափ է, սակայն նրա առանձին այցը Ստեփանակերտ հնարավոր է քիչ ինչ դուրս է «ավանդույթից»: Բանն այն է, որ նրա այցի նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնը հայտարարել էր Արցախի խնդրում ԱՄՆ առաջնահերթության մասին, որը հանգում էր սահմանին մոնիտորինգի մեխանիզմների տեղակայմանը, դիպուկահարների հեռացմանը եւ Արցախի ամբողջական ականազերծմանը: Հնարավոր է՝ Շեֆերն անձամբ է Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հասցրել ԱՄՆ դիրքորոշման մանրամասները:
Սարգսյանի ու Ալիեւի հետ հանդիպումներից հետո Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նախագահները բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Դրանում ասվում է նաեւ, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները:
Մինսկի խմբի հայտարարության մեջ կրկին բացակայում է Վիեննայի պայմանավորվածությունների հիշատակումը: Այս հանգամանքը շատերին մղել է այն եզրահանգմանը, որ Վիեննայի օրակարգը դուրս է մղվել, Ադրբեջանին հաջողվել է չեզոքացնել այն:
Այդ պարագայում հարց է առաջանում, թե ինչ պայմաններով են կողմերը համաձայնվել շարունակել բանակցությունները: Ադրբեջանն օրինակ պնդում է հայկական զորքերի դուրսբերումն Արցախից ու տարածքային ամբողջականության սկզբունքը, հայկական կողմը դնում է Արցախի կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների հարցերի առաջնահերթ լուծումը:
Եթե կողմերը նման իրարամերժ դիրքորոշման պայմաններում համաձայնվում են շարունակել բանակցությունները, նշանակում է նրանք նահանջել են իրենց դիրքորոշումներից, կամ կողմերից մեկն է նահանջել: Առայժմ, հրապարակային ռեժիմում «նահանջող կողմը» Հայաստանն է, քանի որ վերջին շրջանում պաշտոնական մակարդակով չի խոսվում Վիեննայի օրակարգի մասին, իսկ ադրբեջանական կողմն ակնարկում է, թե ի հայտ են եկել «հետաքրքիր ու կառուցողական» հանգամանքեր:
Իսկ եթե զիջել է ադրբեջանական կողմը, նշանակում է համաձայնվել է ճանաչել Արցախի կարգավիճակը եւ մենիտորինգի մեխանիզմների տեղակայմանը: Սա է տրամաբանությունը, եթե կողմերը պատրաստ են շարունակել բանակցությունները:
Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվում է, թե Երեւանում ու Բաքվում քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները:
Համանախագահների այցը տեղի ունեցավ մի իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտնվել է միջազգային ուժեղ ճնշման տակ ու «իզգոյացման» սահմանագծին է: Միջազգային մամուլում բացահայտվել են Ադրբեջանի իշխող ռեժիմի կոռուպցիոն սխեմաները, ԱՄՆ-ն ու Եվրոպան պատժամիջոցներ են պատրաստում: Արցախի հարցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վաղուց չի նշվում ոչ հայտարարությունների, ոչ էլ պաշտոնական փաստաթղթերի մեջ, որի վերաբերյալ Ադրբեջանը հայտնում է իր դժգոհությունը:
Իր հերթին, Ռուսաստանն ի դեմս Պուտինի խորհրդական Գլազեւի անսպասելի հարված հասցրեց Բաքվին, հայտարարելով, թե ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը լիովին կախված է Հայաստանից: Իսկ այդ հարցը, թեկուզ խաղի ու առեւտրի մակարդակով, առնչվում էր Արցախին:
Այս պայմաններում, երբ միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են հայկական կողմի հռչակած դիրքորոշմանը, հարց է առաջանում, թե այդ ի՞նչ թեմա է բացվել քննարկումների համար:
Ադրբեջանը պահանջում է ամբողջն ու միանգամից, հակառակ դեպքում սպառնալով պատերազմ սկսել: Հայաստանի իշխանությունն էլ տեղի է տալիս Ալիեւի սպառնալիքների՞ն:
Հայկական կողմն ասում է, թե բանակցության այլընտրանքը պատերազմն է: Սա ոչ մի քննադատության չդիմացող թեզ է, ընդամենը՝ վարվող քաղաքականության արդարացում: Իսկ այդ քաղաքականությունն ինքնին Ալիեւին «պատերազմի իրավունք» տվող քաղաքականություն է: Բանն այն է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանը դեռ 1990-ականներին, եւ հետագա քաղաքականությունն ու «կարգավորման» տրամաբանությունը ենթարկվել է այս հանգամանքին:
Մինչդեռ, հայկական կողմն ունի միջազգային իրավունքի հզոր զենքը՝ ինքնորոշումը: Հայաստանի քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է ուղղված լինեն այդ իրավունքի իրացմանը, որն իր մեջ ավելի մեծ ու համարժեք քաղաքական սուբյեկտային պոտենցիալ ունի նոր աշխարհակարգի կերտման քաղաքականության մեջ, քան հին աշխարհակարգի «տարածքային ամբողջականության» մեռած սկզբունքը:
Աշխարհը չի խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, Քուրդիստանն ու Կատալոնիան ցույց են տալիս, թե ինչպես է փոխվում աշխարհը եւ թե որքան անհրաժեշտ են այդ նոր սխեմաները միջազգային նոր քաղաքականության մեջ:
Հայաստանի միակ գործը պետք է լինի իր ձեռքին այդ հզոր զենքի՝ ինքնորոշման իրավունքի իրացումը: Ադրբեջանի հետ խոսելու այլ թեմա չկա: Իսկ եթե կա՝ կամ պետք է հայտարարվի, որ Բաքուն ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կամ էլ դա նշանակում է, որ հայկական կողմը լիովին այլ գործով է զբաղված, որը ոչ մի առնչություն չունի մեր ազգային-պետական խնդիրների հետ:
Բանակցության այլընտրանքը պատերազմը չէ, փոխարենը Ադրբեջանի իրավունքների շրջանակում բանակցությունը կարող է հանգեցնել պատերազմի:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing