Լրահոս

Սարգսյանն ու Ալիևը՝ նույն տաշտակում. Անփոխարինելիները

 

 

Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու պաշտոնական որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն:

mitk.am -Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախագահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատեսված հերթական նախագահական ընտրությունները տեղափոխել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է մոտ 90 տոկոս ձայն, ինչը, սակայն, խանական Ադրբեջանի պայմաններում ամենևին արտառոց բան չէ:

Այդպիսով, Հայաստանում և Ադրբեջանում 2018թ. ապրիլը հաստատում կամ վերահաստատում է իշխանական կոնֆիգուրացիաները կամ ստատուս քվոն, ու դա տեղի է ունենում աշխարհաքաղաքական դիմակայության բավականին բարձր, գերբարձր լարվածության ֆոնին, երբ աշխարհը կանգնած է գրեթե նոր Կարիբյան ճգնաժամի շեմին, իհարկե՝ հույսով, որ այս անգամ էլ ճգնաժամը չի վերաճի միջուկային տերությունների միջև բախման: Նրանց միջև ուղիղ բախումներից խուսափումը մի կողմից կարող է նշանակել լիցքաթափում, մյուս կողմից՝ կարող է նշանակել, որ ուղիղ բախման տարբերակին նրանք կնախընտրեն անուղղակի, այսինքն՝ որևէ այլ տիրույթում այլ սուբյեկտների միջոցով բախումը: Ու քանի որ ադպիսի տարբերակի հնարավոր օջախ կարող են լինել կոնֆլիկտային գոտիները, ապա Հայաստանն ու Ադրբեջանն այդպիսի գոտի են: Մյուս կողմից՝ այս գոտին գոնե առայժմ այն բացառիկ տարածքն է, որտեղ դիմակայության մեջ գտնվող ԱՄՆ-ն և Ռուսաստանը գերազանցապես գործակցում են, քան բախվում:

Կփոխվի՞ որևէ բան ապրիլից հետո, թե՞ ոչ, սա է խնդիրը, և այս հարցը առաջացել է հենց այն պահից, երբ Ալիևը հոկտեմբերին տեղի ունենալիք հերթական ընտրությունը տեղափոխեց ապրիլ՝ արտահերթի, շատերի մոտ տպավորություն ստեղծելով, որ ցանկանում է ազատել ձեռքերը ռազմական գործողությունների համար: Ալիևի տոկոսները, իհարկե, նրա ձեռքերը ազատելու պարարտ հող են, մյուս կողմից՝ անկասկած է, որ տոկոսներով չէ, որ այդ հարցը լուծվելու է, այլ աշխարհաքաղաքական գործոնների և Հայաստանի պաշտպանունակության գործակցի վիճակով: Այդ իմաստով, Հայաստանի պաշտպանունակությունն այսօր, անկասկած, ավելի բարձր է, քան երկու տարի առաջ ապրիլին, և Հայաստանը, մեղմ ասած, ավելի խոցելի չէ: Մյուս կողմից, սակայն, Ալիևի համար մարդկային կյանքը երբեք չի ունեցել արժեք, և այդ իմաստով կարևոր է, թե ինչպիսին է աշխարհաքաղաքական ֆոնը:

Այստեղ, իհարկե, ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար կարևորն այն է, որ ունենա ազդեցիկ ուժային հովանի, որ ռազմական ավանտյուրայի համար չկրի, այսպես ասած, քաղաքական պատասխանատվություն: Ահա այդ տեսանկյունից ներկայիս, այսպես ասած՝ 21-րդ դարի Կարիբյան ճգնաժամը նրա համար ե՞լք է, թե՞ ոչ, սա իսկապես հարցադրում է, որի պատասխանը մի կողմից բարդ է, մյուս կողմից՝ առնվազն այս օրերի իրավիճակից ելնելով, ամենևին միարժեք չէ: Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար, և միջազգային դիվանագիտական ճգնաժամը կարող է նրան մատուցել այդ կամա, թե ակամա «ծառայությունը»: Դա, իհարկե, ռիսկ է, սակայն ոչ իրողություն, քանի որ առայժմ չեն նշմարվում նշաններ, որ Ալիևը մոտ է հովանավոր գտնելուն: Պարզապես աշխարհաքաղաքական ֆոնը նրան կարող է տալ այդ հարցում արդյունքի հասնելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է արդեն իսկ աշխուժորեն աշխատի դրանք չեզոքացնելու ուղղությամբ:

Բայց խնդիրը այս դեպքում զուտ դիվանագիտական նոմինալ աշխատանքը չէ, այլ իրավիճակը, ստատուս քվոյի բովանդակությունն ու կոնցեպտուալ հենքը փոխելու անհրաժեշտությունը, և այդ իմաստով հատկանշական է նոր նախագահ Արմեն Սարգսյանի ավելի վաղ արած մի հայտարարություն, որ երբ ամբողջապես կձևավորվի իշխանությունը և կառավարությունը, կնստեն ու բոլորով կքննարկեն, թե ինչ մարտավարություն ու ռազմավարություն պետք է վարել արցախյան խնդրում: Այլ կերպ ասած՝ նախագահի մակարդակով ազդարարվել է, որ Հայաստանն, այդուհանդերձ, օրակարգում դիտարկում է նոր ռազմավարության հարցը, այլապես ինչ կարիք կա նստել ու քննարկել խնդիրը, եթե բուն նպատակը փոփոխությունը չէ:

Հայաստանը պետք է շտապի այդ փոփոխության հարցում, առնվազն ձևակերպելու և որոշումների հարցում, Ադրբեջանի պատերազմի, այսպես ասած, իրավունքի առավել խորքային, ինստիտուցիոնալ ու երկարաժամկետ արգելափակման համար, որպեսզի աշխարհաքաղաքական լարումները Բաքվին պարբերաբար չօժտեն ապաարգելափակման հույսով: Որովհետև աշխարհը առաջիկա տարիներին թերևս գտնվելու է պերմանենտ ու անկանխատեսելի լարվածությունների ու բախումների փուլում, հետևաբար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ամրացնել բախման ներուժ ունեցող կոնֆլիկտային այս գոտում գոնե առայժմ առկա աշխարհաքաղաքական կոնսենսուսային մթնոլորտը, արցախյան գոտին ռազմավարական կոնցեպցիայով վերածելով, այսպես ասած, աշխարհաքաղաքական «արձակուրդի» գոտու, և որպեսզի այդ մեծ դիմակայությունն այստեղ շարունակի հանգստանալ, Հայաստանը պետք է չդադարի աշխատել իրավիճակը խորապես փոխելու ուղղությամբ: Իսկ դա ահռելի աշխատանք է, ոչ պակաս կարևոր, քան պաշտպանական ամրությունների ապահովումը:



Загрузка...

Հեղինակի մասին

Hing2