Լրահոս

Սարի թաղում քաղաքացիներին և լրագրողներին հետապնդողների մեջ եղել են Մհեր Սեդրակյանի թիմակիցները

 

0101010101-600x361

armlur.am — Այն, ինչ կատարվեց ու դեռ շարունակվում է կատարվել Սարի թաղում, հիշեցնում է 2008 թվականի մարտի 1-ի արյունալի գիշերը: Ոստիկաններն ու նրանց աջակցելու եկած թաղային խուժանները հարձակվել են անզեն կանգնած խաղաղ մարդկանց վրա ու դաժան ծեծի ենթարկել: Ոստիկանները կիրառել են պայթուցիկ նյութեր, հատուկ միջոցներ, որի արդյունքում վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ ու նաեւ ոստիկաններ: Քաղաքացիական հագուստով մարդիկ զենքերով անկանոն կրակ են արձակել: ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի թիմի տղաներից շատերն են հետապնդում Սարի թաղում հավաքված բնակիչներին: Մասնավորապես, մեր թղթակիցը ճանաչել է Նոր Արեշ 26 փողոցի հայտնի Արշակի «տղաները», ովքեր ոստիկաններին «օգնում» են չեզոքացնել հավաքված քաղաքացիներին: Թերեւս հենց թիկնապահի արտաքին ունեցողներն էին լրագրողների վրա ագրեսիվ հարձակվող քաղաքացիական հագուստով անձիք: Այլ տվյալներ այս պահին ArmLur.am-ը չկարողացավ ճշտել: Կփորձենք Սարի թաղում տեղի ունեցածի մանրամասները ներկայացնել ավելի ուշ: Հիշեցնենք, որ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների` այսօր Ազատության հրապարակում կայացած հավաքից հետո «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, Անդրեաս Ղուկասյանի եւ այլոց առաջնորդությամբ հավաքի մասնակցիները երթով շարժվեցին դեպի Խորենացու փողոց, սակայն Սարի թաղի բարձունքին հասնելուն պես, մարդկանց մեծ մասը, ինչպես ասաց Արմեն Մարտիրոսյանը` սադրիչների դրդմամբ, թեքվեց դեպի Սարի թաղ: Մի փոքր խումբը շարունակեց երթը դեպի Խորենացու փողոց: Այստեղ ոստիկանները 5 րոպե ժամանակ տալով քաղաքացիներին` առանց զգուշացման` հարձակվեցին եւ ցրեցին հավաքը: Իսկ Սարի թաղում պարզապես դաժան ծեծկռտուք, կրակոցներ, պայթյուններ հնչեցին, ինչի արդյունքում տուժածների մասին դեռ որեւէ տվյալ չի հաղորդվում: Վերջում հավելենք, որ քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: «Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am