Սարսափելի և ողբերգական, և միաժամանակ քաղաքական խնդրի բացահայտում Գավառում

0

Հայաստանի հանրությունը ցնցված է Գավառում տեղի ունեցած քրեական «ռազբորկայի» ողբերգական և անգամ սարսափելի պատմությամբ: Ընդ որում, ցնցողը, որքան էլ տարօրինակ չհնչի, ոչ այնքան ռազբորկայի սկզբում հնչած կրակոցներն են, որքան հաջորդած վենդետայի իրողությունը, երբ մի խումբ քաղաքացիներ տարբեր պարագաներով զինված ներխուժել են Գավառի հիվանդանոց և ոստիկանության պատնեշը փաստորեն ճեղքելով, ինքնադատաստանի փորձ արել հիվանդանոցում հայտնված մասնակիցների նկատմամբ:

Հրապարակվում են իրարամերժ տեղեկություններ, թե դեպքի վայրում է եղել ոստիկանապետը, և անգամ նրա ներկայութամբ ոստիկանությունը փաստորեն չի կարողացել կանխել տեղի ունեցածը: Ոստիկանությունը հերքում է, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում: Նա այդ պահին եղել է Գավառում, ըստ ոստիկանության, բայց գտնվել է կրակոցների, ոչ թե ներխուժման և ինքնադատաստանի վայրում: Մեծ հաշվով որևէ էական նշանակություն չունի, թե որտեղ է եղել ոստիկանապետը: Ի վերջո, Հայաստանում ոստիկանության էֆեկտիվությունը չպետք է պայմանավորված լինի սուպերմեն ոստիկանապետ ունենալու հանգամանքով՝ եթե նա ինչ-որ տեղ է, ապա ամեն ինչ կարգին է, իսկ եթե ոչ՝ ապա ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, որ կարգին չէ:

Թող ներվի այդ բառախաղը, սակայն հանրությունը Գավառի դեպքերի առնչությամբ ընկնում է լոկալ նշանակության և առավելապես մակերեսային խնդիրների հետևից, բաց թողնելով առանցքային հարցերը: Այն, որ ոստիկանությունը Գավառում տապալվել է, դա անկասկած է: Միաժամանակ անկասկած է, որ ոստիկանությունը Գավառում տապալվել է վաղուց, տարիներ, գուցե տասնամյակ շարունակ: Ով շատ թե քիչ ծանոթ է ռեգիոնին, գիտե, որ քրեական ենթամշակույթն այնտեղ գրեթե կենցաղ է:

Իհարկե, Հայաստանի այլ բնակավայրերում էլ իրավիճակը չունի մեծ տարբերություն, բայց հարցն այստեղ այն է, որ խնդիրները պետք է դիտարկել ամբողջ խորությամբ, հասկանալու համար, թե որտեղ են լուծումներն ու բացթողումները, և ըստ այդմ որտեղ են դրա պատասխանատուները: Գործնականում կասկածից վեր է, որ Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ այսպես ասած սովորական ռեժիմով, այն պահանջում է իրավապահ համակարգի գործունեության արտակարգ ռեժիմ: Իսկ այդ հանգամանքը պահանջում է իրավական համակարգի առաջ քաղաքական ամենաբարձր մակարդակով դրված խնդիր, և ըստ այդմ դրա օրենսդրական ապահովում: Ամիսներ առաջ խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերող օրինագիծը, որի քննարկումն ուղեկցվեց անգամ հենց խորհրդարանական խմբակցություններից մեկի՝ ԲՀԿ պատգամավորների կոնկրետ քրեական ենթամշակութային դրսևորմամբ:

Օրենքը մտե՞լ է Հայաստանում գործողության մեջ, և որևէ մեկը համարում էր, որ բավարար էր ընդամենը օրենքի առկայությունը, որպեսզի Հայաստանում այն սկսի գործե՞լ: Գավառում տեղի ունեցածը գործնականում քաղաքական մակարդակում առկա խնդրի դրսևորում է, ցավալի դրսևորում և այն պետք է ենթադրի քաղաքական արձագանք, ու երևույթի հանդեպ քաղաքական պատասխանատվություն՝ ոստիկանության գործունեության էֆեկտիվության հարցում շրջադարձ ստանալու և կրկնություն թույլ չտալու համար:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները