Սաշիկ Սարգսյանը հանեց Կարեն Կարապետյանին

285

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական եւ ուղարկվել փորձաքննության: Սաշիկ Սարգսյանը բերման էր ենթարկվել հունիսի 25-ին, Սայաթ-Նովա պողոտայում: Համացանցում տարածվել էր նաեւ տեսանյութ, թե ինչպես են ոստիկանության հատուկ ստորաբաժանման դիմակավոր աշխատակիցները խուզարկում նրան մեքենայի վրա հենելով:

Ոստիկանությունը հաղորդում տարածեց, որ Սաշիկ Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենքի-զինամթերքի կասկածանքով: Հետո տեղեկություն եղավ, որ նրան ազատ են արձակել: Իսկ ինչ է եղել զենքի հետ, չէր մանրամասնվել: Եվ ահա, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում է, որ Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքը եղել է օրինական:

«Այն, որ մենք տեղեկություն ունեինք, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և մեքենայի մեջ զենքեր կան, դա փաստ է: Այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանություն էինք տարել, բայց զենքերն օրինական էին և հիմա համապատասխան փորձաքննություն են անցնում», ասել է Վալերի Օսիպյանը:

Ոստիկանապետը փաստացի անուղղակի ակնարկել է, կամ ակամա հաստատել այն տեսակետը, որ Սաշիկ Սարգսյանին բերման ենթարկելը եղել է «խորհրդանշական» գործողություն, մեսիջ: Ոստիկանությունը հազիվ թե չիմանար Սարգսյանի զենքի «կատեգորիան»: Ըստ այդմ, անհրաժեշտ է եղել առիթը, մեսիջի համար, որ իրավապահների գործողությունները չունեն քաղաքական սահմանափակում եւ կարող են հասնել տեղեր, որոնք նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո շատերին թվում են անհասանելի:

Ինչու՞ եւ ու՞մ հղելու համար է առաջացել այդ մեսիջի անհրաժեշտությունը: Մեսիջի հասցեատերը գուցե մեկը չէ, հասցեատերեր են: Ընդ որում, բացառել պետք չէ, որ հասցեատերեր են, ում Սաշիկ Սարգսյանն արել է որեւէ «բիզնես» առաջարկ, հայաստանյան նոր իրավիճակում: Իրավապահները այդ մեսիջով գուցե ցույց են տվել, որ Սաշիկ Սարգսյանն այլեւս «հուսալի գործընկեր» չէ, եթե անգամ առաջարկի խիստ շահեկան պայմաններով որեւէ գործարք:

Ընդ որում, այդ առաջարկը կարող էր լինել ամենատարբեր բնույթի, ընդհուպ «հակահեղափոխական»: Ի դեպ, նույն օրը ԱԱԾ-ն էլ մեկուկես միլիարդ փողով բերման էր ենթարկել Սերժ Սարգսյանի համհարզ Վաչիկ Սարգսյանին: Եթե Սաշիկ Սարգսյանի զենքն օրինական է եղել, ապա Վաչիկ Սարգսյանի փողը, համենայն դեպս ԱԱԾ կասկածով՝ ապօրինի են: Նրան մեղադրանք է առաջադրվել հայտարարագիր կեղծելու, ապօրինի հարստանալու համար:

Ում էր ուղղված այդ մեսիջը, որը հասել է ընդհուպ Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատ: Այստեղ շարժառիթները կարող են լինել տարբեր, ընդ որում ոչ միայն ներքին քաղաքական, այլ ընդհուպ արտաքին: Ի վերջո, երբ իրավապահները որեւէ երկրում հասնում են ընդհուպ այդ երկրի նախկին առաջին դեմքին՝ նրա մերձավորագույն անձանց, ապա դա այսպես թե այնպես, դա ստանում է նաեւ արտաքին նշանակություն, որովհետեւ այդ առաջին դեմքը եղել է թե ներքին, թե նաեւ արտաքին ուղղությամբ գործունեության գլխավոր անձն ու պատասխանատուն:

Հետաքրքիր է, որ հունիսի 25-ի այդ խորհրդանշական ձերբակալությունների հաջորդ օրը Շմայսը հանձնեց իր ու համակարգի հետպատերազմյա խորհրդանիշը՝ «Շմայսեր» ավտոմատը: Բայց տեղի ունեցավ եւս մի հանձնում, որը դիտարկվեց հունիսի 25-ի «սարգսյանական» համատեքստից դուրս, բայց հենց հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը դիմում է գրել ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնը թողնելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache