Սաշիկ Սարգսյանի պատմության մանրամասները. ուր է զենքը

276

lragir.am — Ինչ պարզվեց Սաշիկ Սարգսյանի զենք-զինամթերքի մասով, որի կասկածանքով նրան բերման էին ենթարկել ոստիկանություն: Դա տեղի ունեցավ հունիսի 25-ին: Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի եղբայրը ազատ է արձակվել, ոստիկանությունում չէ: Մանրամասներ սակայն, թե ինչու էին նրան բերման ենթարկել, հայտնաբերվե՞լ է որեւէ ապօրինի զենք զինամթերք, կամ ասե՞լ է դրա վերաբերյալ որեւէ բան Սաշիկ Սարգսյանը, կարծես թե չեն հրապարակվել:

Օրինակ, նախկին պատգամավոր Շմայսը իր կամքով հանձնել էր զենք-զինամթերքը, որ փնտրել էր ԱԱԾ-ն, ու նրան բերման ենթարկելուց հետո ազատ էին արձակել:

Սաշիկ Սարգսյանի դեպքում ոչինչ հայտնի չէ եւ մանրամասներ հրապարակված չեն, որպեսզի հանրությունը տեղեկանա՝ նրան իզու՞ր էին բերման ենթարկել, թե՞ այդուհանդերձ հայտնաբերվել է ինչ որ բան:

Պետք չէ բացառել իհարկե, որ հարցը փակված չէ, եւ մանրամասներ չկան պարզապես օպերատիվ նկատառումներից ելնելով:

Հայաստանում իրավապահների բուռն գործունեությունը, որ ծավալվում է վերջին օրերին, ունի անշուշտ մի քանի շերտ: Դրանցից մեկը հենց զենք-զինամթերքի շերտն է: Այն, որ Հայաստանում դրանից շատ կա՝ օրենքից դուրս կարգավիճակում, կասկած չի հարուցում թերեւս որեւէ մեկի մոտ:

Իսկ դա նշանակում է պետական անվտանգության սպառնալիք, մի շարք դրսեւորումներով: Բանն այն է, որ նախորդ համակարգում ապօրինի զենք զինամթերքը ուներ թերեւս այլ «հաշվառում», ինչպես եւ ամեն ինչ: Այսինքն, զինամթերքի եւ զենքի հետ «թղթով ամեն ինչ կարգին չէր», բայց ամեն ինչ կարգին էր ներհամակարգային հաշվառման հետ:

Այստեղ իհարկե կարեւոր է, թե արդյոք իրավապահները տիրապետում էին այդ «հաշվառմանը», թե՞ մանրամասն հաշվառում չկար, կային «հաշվառված» խմբերն ու ենթախմբերը, որոնք ունեին «զինանոցի» իրավունք՝ օլիգարխներ, քրեական հեղինակություններ, պաշտոնյաներ եւ նրանց մերձավորներ, իսկ անմիջապես զինանոցի կազմն արդեն «կարգավորվում» էր «շուկայական մեխանիզմներով», այսինքն այդ խմբերի փոխադարձ վերահսկողությամբ եւ պայմանավորվածություններով: Իսկ դրանք անշուշտ կատարվում էին սրբորեն, քանի որ վեր էին ամեն ինչից, նույնիսկ օրենքից:

Ըստ այդմ, իրավապահները ներկայում փնտրում են զենքը գիտենալո՞վ, թե ում մոտ ինչ կա եւ ինչքան, այսինքն որտեղից ինչքան պետք է դուրս գա, որ թեման համարվի փակված, թե՞ փնտրում են ինչ որ իմաստով կուրորեն, առավելապես օպերատիվ աշխատանքի արդյունքում, քանի որ չգիտեն, թե ով ինչքան է ունեցել կամ ունի ապօրինի ռազմամթերք:

Իհարկե դժվար է ասել՝ հնարավո՞ր է հասնել վիճակի, երբ վստահաբար կբացառվի ապօրինի զենք զինամթերքի առկայությունը որեւէ մեկի կամ խմբի մոտ, սակայն աներկբա է, որ քանի դեռ կա զենք, որի տեղն իրավապահները չգիտեն, այն մի օր կարող է կրակել, ասենք ինչպես Ադրբեջանը սահմանին. մենք սպասում ենք, որ ամեն օր ինչ որ բան կարող են անել: Նույն կերպ, եթե Հայաստանի ներսում կա ապօրինի ռազմամթերք որեւէ մեկի ձեռքին, ապա ամեն օր հնարավոր է սպասել կրակոց, որեւէ ուղղությամբ, որը կարող է ապակայունացնել իրավիճակը:

Մյուս կողմից, ակնառու է, որ իրավապահները լրջորեն  զբաղվում են այդ խնդրով եւ անունները, որ շրջանառվում են, վկայում են այդ մասին: Թաքցված զենքը պետության համար պակաս վտանգավոր չէ, քան թաքցված հարկը: Ավելին, եթե լուծված չլինի թաքցված զենքի հարցը, թաքցված հարկի խնդրի լուծումը ամուր չի լինի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache