«Սասնա ծռերը» վերադառնում է հին «ռեժիմի՞ն»

0

Հայաստանում որոշակի աննկատ մնաց «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի օրերս արած գրառումն այն մասին, որ Հայաստանում կառավարումը ճգնաժամի մեջ է, կառավարությունը չի կարողանում տիրապետել իրավիճակին, և իրենք ունեն տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել իշխանությունը նախկին համակարգին և կրեմլյան, ԿԳԲ-ական շրջանակներին: Դա կանխելու, թույլ չտալու և ազգային պետություն կառուցելու համար Սեֆիլյանը կոչ էր անում համախմբվել բոլոր առողջ ուժերին: Կլինի՞ համախմբում, թե՞ ոչ, կերևա առաջիկա գործընթացներում:

Սակայն անկախ դրանից, «Սասնա ծռերի» առաջնորդի փաստորեն կոշտ գրառումն ու անգամ մեղադրանքը Նիկոլ Փաշինյանի հասցեին, առաջ են բերում մի հարց, հատկապես նկատի ունենալով այն, որ «Սասնա ծռերը» դեռևս նախորդ տարի նրա հետ հանդիպումից կարճ ժամանակ անց հայտարարեց այլևս արմատական ընդդիմություն դառնալու մասին: Հարցն այն է, թե արդյո՞ք կուսակցության առաջնորդի կոշտ հայտարարությունն ու հռետորաբանությունը նշանակում են, որ կուսակցությունն անգամ որոշակի փուլում կարող է դիտարկել կառավարության դեմ պայքարի կոշտ, ընդհուպ ֆիզիկական դիմակայությամբ կամ զինված պայքարի տարբերակը:

Համենայնդեպս պետք է արձանագրել, որ «Սասնա ծռերի» առաջնորդի մակարդակով շոշափվում է հռետորաբանություն, որը զգալիորեն մոտ է քաղաքական այդ ուժի հռետորաբանությանը, որ կիրառվում էր նախկին իշխանության հանդեպ: Իհարկե, չարժե անել մեկ գրառումով հեռուն գնացող եզրակացություն, սակայն խնդիրն այն է, որ Ժիրայր Սեֆիլյանը տալիս է իրավիճակի՝ քաղաքական հետագա վարքագծի որոշակի վեկտոր ենթադրող բնորոշում, գնահատում, բնութագրում:

Դա էլ առաջացնում է հարց, թե արդյոք «Սասնա ծռերը» վերադառնո՞ւմ է նախորդ համակարգի հանդեպ կիրառվող հռետորաբանությանը, և նշանակո՞ւմ է դա արդյոք, որ կարող է հաջորդիվ արդեն լինել նաև այդ իրավիճակում եղած գործողությունների ու վարքագծի տրամաբանությունը:

Լուսանկարը՝ Photolure-ի


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները