Լրահոս

«Սասնա ծռերի» անարդար դատավարությունը կտապալի վարչակարգը

 

arm147054693117

lragir.am – Հիմիկվանից կարելի է գուշակել սցենարը։ Վարչախումբը հերթով կուրանա իր խոստումները, որ պետք է կատարեր «Սասնա ծռերի» հանձնվելու դեպքում։ Սա որևէ մեկին, նույնիսկ Սերժ Սարգսյանին պետք չէ վերագրել՝ սա «միլիցայության» տրամաբանությունն է, որը հիմա կոչվում է ոստիկանություն։
Այսինքն, կանցնեն «գործ սարքելուն», անմեղության կանխավարկածին, սովորականի նման, կփոխարինի մեղավորության կանխավարկածը։ Երևի իմաստ ունի թվարկել գործ սարքելու «օգուտները», եթե իրավապահ համակարգը մնում է դրան կառչած.
ա) բացահայտումների բարձր ցուցանիշ,
բ) թույլ «մեղադրյալից»՝ կաշառք, որ թեթև պրծնի, ուժեղից՝ նույնպես, որ թույլը պատժվի,
գ) …իսկ եթե հանկարծ ապացուցվի, նույնիսկ Եվրադատարանում, որ գործը սարքած է… մեկ է, ոչ ոք գործ սարքողին չի պատժի, իսկ հանցավոր որոշման համար պետական բյուջեն՝ հարկատուներս, կմուծենք տասնյակ հազարավոր եվրոների տուգանքը։
Մեջբերեմ մի թարմ դեպք։ Ռուսաստանից, բայց, դե, նույն… ԵՏՄ-ն է։ Ռուս մի ակտիվիստից խլած հեռախոսը 18 ժամ ձայնագրել էր դատավորի (ուհու) խոսակցությունը ոստիկանության հետ, որտեղ նա բառացիորեն տրտնջում է, որ ստիպված է «հորինել» գործը՝ չունենալով ոչ օրենսդրական հիմք, ոչ գոնե ինչ-որ հրամանագրեր։
Ճիշտ է, հիմա Հայաստանում իրավապահ համակարգից ինչ-որ «գլուխներ են թռնում», բայց սովորականի պես հայտնի չէ՝ անմեղ ցուցարարներին չպաշտպանելո՞ւ, թե՞ բավականաչափ մոլեռանդորեն նրանց չհալածելու համար։ Հասարակության առաջ հաշվետվության բրեժնևյան մեթոդը՝ եզի պես առողջ մարդու «առողջության պատճառով» հրաժարական տալը, հուշում է, որ՝ երկրորդը։ Հուշում է, որ ինչպես «Սասնա ծռերի» ամբողջ գործողության ընթացքում, այնպես էլ հիմա, վարչակարգի բոլոր ներկայացուցիչները՝ հասարակ ոստիկանից մինչև Սերժ Սարգսյան, կգտնվեն իրենց ցածրության վրա՝ ամեն ինչ կանեն, որ ծանրացնեն տղաների, նրանց աջակցող մարդկանց ու լրագրողների մեղքը։
Բայց խորհուրդ չեմ տա, որ վարչախումբը հույսը դնի մարդկանց կարճ հիշողության վրա։ Ինչքան էլ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը սահուն կարդան իրենց համար հորինված տեքստերը, Տարոն Մարգարյանը գլխի թափահարումով՝ ցույց տա, որ հասկանում է ամեն ինչ, իսկ հեռուստատեսությունները տարփողեն կառավարության մեծահոգությունը, որ պետբյուջեից փոխհատուցվելու է Օֆելյա Համբարձումյանի թաղման 2 միլիոն 900.000 դրամի ծախսը, ոչ ոք չի մոռանալու ոստիկանական ու քաղաքացիական հագուստներով սադիստների կողմից լրագրողների ու ցուցարարների վայրենի ծեծը հուլիսի 29-ին, հարյուրավոր անմեղ քաղաքացիների հանդեպ բռնությունները ոստիկանական բաժանմունքներում։
Դրանք միմիայն հաստատեցին ՊՊԾ գնդի գրավման ուղերձը.
դուք՝ կլան, վարչախումբ, ոհմակ, ելք չեք թողել մեզ խաղաղ ճանապարհով երկրում բան փոխելու։
Իրավիճակի խաղաղ լուծման համար հազիվ օրեր են մնացել՝ վարչախումբը պետք է փոխի «Սասնա ծռերի» խափանման միջոցը, բաց թողնի հանրահավաքների ղեկավարներին, որոնք ամեն կերպ կանխում էին արնահեղությունը, ինչպես նաև՝ «հաց հասցնող» փառահեղ անունով կնքված Արթուր Սարգսյանին։
Այլապես, երբ ամբողջ թափով գլորվի «գործ սարքելու» ձնագունդը, իշխանության բուրգից ոչ մեկի ուժը չի պատի, որ դեմն առնի։ Ինչպես «ձնագնդի», այնպես էլ հանրային ՆՈՐ ԶԱՅՐՈՒՅԹԻ:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am