«Սասնա ծռերի» քաղաքական դատավճիռը՝ արտահերթ ընտրություններում

194

1in.am — ««Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են սպասվող «ազատ, արդար և թափանցիկ» ընտրություններին»,- լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել «Հիմնադիր Խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

«Ստեղծվել է անախադեպ հնարավորություն՝ կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, և մենք այսօրվանից պատրաստվում ենք այդ ընտրություններին: Հուսով ենք, որ առաջիկայում ձևավորվելիք Ազգային ժողովում կընդգրկվեն գաղափարական ուժեր, գաղափարակիր անհատներ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «Հիմնադիր խորհրդարանում» դեռ չեն որոշել՝ ընտրություններին կգնան միայնա՞կ, թե դաշինքով:

Նա շեշտել է, որ դեռ պետք է ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբի մնացած անդամները, ինչից հետո իրենք կանցնեն գործնական քայլերի․ «Այսօր մեր անելիքի նախապատվությունն օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ: Բոլորը պիտի լինեն ազատության մեջ: Իսկ ինչ վերաբերում է դատաքննությանը, առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որ լինի անաչառ դատաքննություն և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել»:

Այսպիսով, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի թվում լինելու է ուժ կամ ուժերի դաշինք, որը պաշտոնապես, հրապարակավ ոչ միայն չի մերժում բռնությունն ու զենքը՝ որպես քաղաքական ու քաղաքացիական պայքարի միջոց, այլ գործնականում կիրառել է դա 2016 թվականի հուլիսին՝ ՊՊԾ գնդի գրավմամբ և երեք ոստիկանների սպանությամբ։

Հասկանալի է, որ նախընըտրական ծրագրում նրանք չեն արձանագրելու, որ նպատակներին հասնելու համար պատրաստ են նաև զինված պայքարին, ավելի հավանական է, որ նրանք ընտրություններին ներկայանալու են վեհ, ազգանպաստ ճոռոմ գաղափարներով՝ դրանց աղմուկի մեջ փորձելով լռեցնել կարևորագույն հարցը՝ զենքը որպես պայքարի միջոց մերժած չլինելու հարցը։

Հայաստանում փոխվել են իրողություններ, փոխվել է իշխանություն, փոխվում են խաղի կանոնները, հուսանք՝ փոխվելու է նաև հանրային գիտակցղությունը, բայց այս խմբակի մղումներն, ըստ ամենայնի անփոփոխ են. նրանք այդպես էլ իրական զղջման խոսքեր չեն արտաբերել ոստիկանների սպանությունների առթիվ, բացի հերթապահ ցավակցություններից, նրանք ուղիղ, միարժեքորեն, առանց վերապահումների չեն հայտարարել, որ նոր Հայաստանում իրենք ոչ միայն փակում են զինված պայքարի էջը, ինչպես հայտարարել են, այլ որ մերժում են զինված պայքարի մասին միտքն իսկ՝ անկախ առաջադրված նպատակների վեհությունից։

Իսկ քանի դեռ նրանք դա չեն հայտարարել, սպառնալիքը, որ զենքը կարող է կրակել, պահպանվում է։ Մարդիկ, ովքեր ազատազրկվել էին զինված պայքարով պետությանը դեմ դուրս գալու համար, հիմա ազատության մեջ են, Սեֆիլյանը հայտարարում է, որ ամեն ինչ անելու են բոլորին ազատության մեջ տեսնելու համար։

Ընդ որում, նա չի առանձնացնում անգամ ոստիկանների սպանության մեջ ուղղակիորեն մեղադրվող երկու ազատազրկվածներին, չի հայտարարում, որ նրանք գոնե պետք է դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ, այլ ընդամենը լիրիկական ձևակերպումներով ասում է, թե կգա ժամանակը ու հասարակությունը կտեսնի, որ բոլորն էլ ռեժիմի զոհերն են եղել։ Այսինքն՝ ըստ Սեֆիլյանի, ռեժիմի զոհ են եղել նաև ոստիկաններին սպանածները։ Իսկ զոհերը, ըստ այդ տրամաբանության, պետք է ազատության մեջ հայտնվեն։

Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությամբ ապացուցեց, որ առանց զինված պայքարի, խաղաղ, բաց ձեռքերով ոչ միայն հնարավոր է իշխանափոխություն իրականացնել, այլ, որ դա իշխանափոխության միակ օրինական ու լեգիտիմ ճանապարհն  է։ Թավշյա հեղափոխությունը հօդս ցնդեցրեց ծռությունն ու զենքի կիրառումն արդարացնող հակապետական մտածողությունը։

Թավշյա հեղափոխությունն անառարկելիորեն ապացուցեց, որ փոփոխությունների հասնելու գործիքները սերն ու հանդուրժողականությունն են, ոչ թե հուրն ու ջուրը, ինչպես բանտից հղված նամակում գրում է Սեֆիլյանի գաղափարակից Վարուժան Ավետիսյանը։

Հասարակությունը, որն իրականացրել է թավշյա հեղափոխություն ընտրություններում իր վերաբերմունքով, իր մերժմամբ պետք է գնահատական տա այն ուժին, որը մինչև օրս չի մերժում զինված պայքարի միջոցով նպատակներին հասնելու հակամարդկային ու հակապետական մեթոդը։

Դա կլինի «Սասնա ծռերի» առնվազն քաղաքական դատավճիռը, որը «կհրապարակվի» արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Եթե չլինի այդ դատավճիռը Հայաստանը կարող է մխրճվել զինված պայքարի միջոցով հարցեր լուծելու պերմանենտ շրջապտույտի մեջ, որը կարող է սպանել ոչ միայն քաղաքացիների, այլ պետությունն ընհանրապես։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache