Լրահոս

«Սեւ սեպտեմբեր». Նոր հարված Հայաստանին

 

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից», tert.am-ին ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան:
Նրա հայ գործընկերը՝ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկացել պատասխանել հարցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցությունից: Դե, ինչպե՞ս մեկնաբանի իր գերագույն գլխավոր հրամանատարի մի գիշերվա մեջ կայացրած որոշումը: Սերժ Սարգսյանը հո նրա հետ չի՞ խորհրդակցել այդ կապակցությամբ:
Սեպտեմբերը դառնում է «սեւ ամիս» հայկական քաղաքականության համար: Չորս տարի առաջ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը կայացրեց ԵՏՄ մտնելու որոշում, որը հարվածեց Հայաստանին ու Ղարաբաղին: Այդ մասին շատ է խոսվել, կրկնելու կարիք չկա:
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել էր, թե Հայաստանին տրամադրում են գործիքներ եւ ցանկանում են վստահ լինել, որ Հայաստանը կայացնում է ինքնիշխան, իր շահերից բխող քաղաքականություն: Հայաստանի իշխանությունը սկսեց պնդել, որ բոլոր որոշումների հիմքում Հայաստանի պետական շահն է:
Եվ ահա, մի քանի օր անց Սերժ Սարգսյանը կայացնում է այս որոշումը, եւ արդյոք դրա հիմքում պետական շահն է: Եթե այո, ապա ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել մեկ ամիս առաջ կրկին Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությանը: Կամ, ինչո՞ւ է վերջին պահին հրաժարվում այս մի զորավարժությունից:
Դա նշանակում է, որ ոչ միայն չկա որոշումներ կայացնելու պետական, սահմանադրական մեխանիզմ, այլեւ որ այդ որոշումներն ըստ էության կայացվում են Հայաստանից դուրս, հասկանալի է՝ Մոսկվայում:
Այստեղ հարց է առաջանում, թե ինչու է այդ դեպքում Մոսկվան թույլ տվել մասնակցել նախորդ զորավարժությանը, իսկ այս անգամ՝ ոչ: Հնարավոր է՝ դա կապված է մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ: ԱՄՆ-ի հետ նոր դիմակայություն է սկսվել, կապված այդ երկրում ռուսական ներկայացուցչությունները փակելու հետ, եւ Հայաստանին արգելելը դառնում է որոշ առումով պատասխան գործողություն:
Իսկ Թուրքիայի հետ էլ երեւում է Մոսկվան լուծել է ինչ-որ հարցեր, ՆԱՏՕ-ի նախորդ զորավարժությանը Հայաստանի մասնակցության ֆոնին: Բանն այն է, որ Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը թույլ չտալու շահառուն ոչ միայն Ռուսաստանն է, այլեւ Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք հասկանում են, որ հայկական խնդիրները չեզոքացնելու լավագույն ձեւաչափն ու միջոցը նրա միջազգային մեկուսացումն է, անվտանգության, տնտեսության դիվերսիֆիկացիան թույլ չտալը:
Արեւմուտքը թույլ չի տալիս մասնավորապես Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ռուս-թուրք-ադրբեջանական եռանկյունում, եւ այս տեսակետից ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հնարավորություն է տալիս հավասարակշռել ռազմա-քաղաքական իրավիճակը:
Ավելորդ է ասել, թե այս որոշումն ինչ նշանակություն կունենա Հայաստանի միջազգային վարկի ու արժանապատվության վրա: Առջեւում Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումն է, եւ հնարավոր է մի գիշերային որոշում էլ կայացվի նոյեմբերին:
Իսկ Մոսկվան մի կողմից ցույց է տալիս, թե ով է որոշումներ կայացնում Հայաստանի հարցում, մյուս կողմից Հայաստանը դարձնում է գործիք իր խայտառակ քաղաքականության համար:
Երբ իշխանությունն ասում է, թե որոշումները կայացվում են պետական շահի հիմքով, պետք է հասկանալ հետեւյալը՝ որոշումները կայացվում են իշխանությունը պահպանելու հիմքով: Իշխանության շահը հասկանալի է, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը պետական այս նվաստացման դիմաց:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing