Լրահոս

Սենսացիոն առաջարկ Երեւանից

 

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ հակամարտության գոտիներում զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանը:
Նա հիշեցրել է, որ նախկինում ինքը մի գաղափար էր առաջ քաշել՝ քանի որ Ղարաբաղի հարցով համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, ունեն բավարար ներուժ ու հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ այդպիսի գոտիներում զենքի մատակարարման վրա լինի ընդհանուր էմբարգո:
«Այ դա կլիներ հարցի լուծում: Այդ դեպքում որևէ պետություն չէր ասի՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնեն: Ես հասկանում եմ՝ ինչքան բարդություններ կան նմանատիպ որոշում կայացնելու հարցով, բայց համարում եմ, որ դա անհավանական չէ, եթե շահագրգիռ լինեն հենց համանախագահ երեք պետությունները», ասաց Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանն այն քիչ պաշտոնյաներից է, ովքեր երբեմն իրերն անվանում են իրենց անունով: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանն այս առումով բավական թափանցիկ ակնարկներ է արել Ռուսաստանի քաղաքականության հասցեին ու միաժամանակ նաեւ առաջարկել բավական հետաքրքիր տարբերակ:
Նա ասում է, թե դա իր անձնական տեսակետն է, սակայն թերեւս ժամանակն է, որ Հայաստանը պաշտոնական առաջարկով դիմի ՄԱԿ ԱԽ մշտական անդամներին: Հիմնավորումները կան, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդիրը պատերազմով լուծելու վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն ու ագրեսիաները:
Բացի այդ, համանախագահները հայտարարում են, որ ներկայում առաջնային խնդիրը վստահության մեխանիզմների ու կայուն խաղաղության հաստատումն է:
Այս ֆոնին, Հայաստանը կարող է պաշտոնապես ՄԱԿ ԱԽ որեւէ անդամի միջոցով դիմել այդ խնդիրը ՄԱԿ ԱԽ-ում քննարկելու համար: ՄԱԿ ԱԽ մշտական անդամներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը: Նրանք ունեն վետոյի իրավունք:
Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ով է վետո դնում եւ ինչ հիմնավորումով: Ընդ որում, առավել հետաքրքիր կլիներ, եթե Հայաստանը դիմեր հենց Ռուսաստանի միջոցով՝ էլ որ օրվա ռազմավարական դաշնակիցն է, այն էլ Պուտինի այդ հայտարարությունից հետո: Բայց դա միայն հետաքրքրություն չէ, այլեւ քաղաքականություն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing