Սենսացիոն բացահայտում էր. ովքեր են այդ երկու հոգին

104

 

Հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ բացահայտումները սենսացիոն բնույթ ունեն, քանի որ պարզվում է՝ ոլորտի գրեթե բոլոր ընկերությունները մեկ ընկերություն են: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով քննչական կոմիտեի բացահայտումներին:

Նա նշում է, որ տարիներ շարունակ ներկայացվել է, թե հայտնի կազմակերպություններ են ներդրումներ արել Հայաստանում այս ոլորտում, բայց հիմա պարզվելու է, որ այդ ամենը ղեկավարել են մեկ կամ երկու անձինք:

«Հիմա մենք բոլորս, որպես ՀՀ քաղաքացիներ, իրավունք ունենք պահանջ ներկայացնելու այդ ընկերության ներկայացուցչին՝ խնդրում ենք ասեք, որտե՞ղ են մեր գումարները, քանի որ ըստ Սահմանադրության ընդերքը պատկանում է ժողովրդին»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի բացահայտումների համաձայն՝ ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության: Նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների և ակտիվների սեփականությունը և դրանց տնօրինումն իրականացվում է միևնույն կենտրոնից, ինչի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ, ինչը հանգեցրել է ապրանքային շուկաներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության մեծացմանը:

«Ամենակարևոր հարցի պատասխանը մեզ երբեք չեն տվել՝ հանքարդյունաբերության բնագավառում ովքե՞ր են իրական սեփականատերերը: Բոլորս էլ ցանկացել ենք իմանալ, թե ի վերջո ինչ է կատարվում այդ ոլորտում: Եվ հասարակությունն իրավունք ունի իմանալ, որովհետև Սահմանադրությամբ ընդերքը ՀՀ քաղաքացիների սեփականությունն է: Բայց այդ հարցի պատասխանը մենք մինչև հիմա չենք ստացել»,- ասում է Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետը հիշեցնում է, որ Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվողները հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններն են: Աշխարհի հզոր երկրները հրաժարվեցին բանկային գաղտնիք կամ օֆշոր հասկացություններից: Բոլորը համաձայնեցին այդ խաղի կանոններին, օֆշորային գոտիները կտրուկ փոքրացան, շատ քիչ են մնացել: Հայաստանն այն եզակի երկրներից էր, որը մինչ նոր կառավարության գալը որևէ կերպ չէր ցանկանում օֆշորային գոտիներում գտնվող երկրների հետ կապված պարզաբանումներ տալ:

«Եվ պետք չէ ձևանալ, որ մենք տեղյակ չէինք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ընդհանուր երկրի կառավարման մոդելի մեջ տեղավորվում է նաև սա՝ չի կարող որևէ կազմակերպություն ՀՀ-ում, առավել ևս հանքարդյունաբերության ոլորտում, տնտեսական գործունեություն ծավալել, և դրա հետ կապ չունենային իշխանության ամենաբարձր օղակները: Այսինքն՝ դա տեղի է ունեցել իրենց գիտությամբ»,- ասաց նա:

Հայաստանում, ըստ Խաչատրյանի, հարցերը լուծել է Հայաստանի առաջին դեմքը, վերջին 20 տարիներին այդպես է եղել: Այսինքն՝ տնտեսության այն կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեին, որոնք Սահմանադրությամբ ու օրենքներով են կարգավորվել, չեն գործել, ինչպես մյուս բնագավառներում: Իսկ հանքարդյունաբերությունում առավել ևս այդպես է եղել, քանի որ դա բարձր եկամտաբերություն ապահովող բնագավառ է, ասում է նա:

Ամենավտանգավոր միտումը, որը եղել է ոլորտում, ըստ Վահագն Խաչատրյանի, այն է, որ տեղի է ունեցել փողերի լվացում: Աշխարհում որոշել էին օֆշորային գոտիների «հարցերը լուծել», քանի որ, մասնագետի խոսքով, դրանք դարձել էին անկառավարելի, դրանց միջոցով փողեր էին լվացվում, օֆշորային գոտիների միջոցով ֆինանսավորում էին տեռորիստական կազմակերպություններին:

«Հայաստանի հերթը հասավ, կա նոր իշխանություն, որի մոտեցումները փոխվել են: Եվ իրենց շատ է հետաքրքրում, թե ի վերջո ովքեր են այսօր հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների սեփականատերերը: Եվ տեսեք, թե ինչ սենսացիոն հայտնագործություններ են լինում»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ հույս կա, որ այս ուսումնասիրությունը կխորանա, բացահայտումների արդյունքում արդեն ջրի երես դուրս կգա իրական պատկերը:

«Այստեղ ֆինանսական կողմից բացի կա նաև այլ կարևոր խնդիր՝ բնապահպանական, շրջակա միջավայրին վնաս հասցնելու խնդիր: Ժամանակին, երբ պատմություն էինք ուսումնասիրում,  մեզ ներկայացնում էին, թե ինչպես են զարգացած երկրները հետամնաց աֆրիկյան երկրների ժողովրդին ու հարստությունը շահագործել: Շատ տպավորիչ օրինակներ էին բերում, և այդ ամենը մեր աչքի առաջ իրականացվել է մեր երկրում, մեր իշխանության ներկայացուցիչների գիտությամբ: Տեղի է ունեցել մեր ժողովրդի ու ընդերքի շահագործում՝ աննախադեպ շահութաբերություն ստանալու նպատակով, ինչը մեծ վնասներ է հասցրել բոլորիս: Սա պետք է մինչև վերջ բացահայտել», ասում է Վահագն Խաչատրյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache