Լրահոս

Սեպտեմբերի 3-ը Հայաստանում երկար են հիշելու:

 

arm147289714778

lragir.am — Սեպտեմբերի 3-ը Հայաստանում երկար են հիշելու: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Եվրասիական միություն: ԵՄ հետ ասոցացման շուրջ 3 տարվա բանակցություններից հետո, երբ օգոստոսին Հայաստան ժամանեց Քեթրին Էշթոնը եւ հայտարարեց բանակցությունների հաջող ավարտի մասին, Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է ԵԱՏՄ-ին:
Շոկի մեջ էին ոչ միայն Հայաստանում. եվրոպացի շատ քաղաքական գործիչները խոստովանել են, որ իրենց համար դա անսպասելի էր: Ճիշտ է, որոշ փորձագետներ եւ դիվանագետներ մասնավոր զրույցներում խոստովանել են, որ այդ մասին հայտնի էր սեպտեմբերի 3-ից առնվազն մեկ ամիս առաջ: Հիմա դժվար է պարզել, թե որ կետից է Հայաստանը շրջադարձ կատարել:
Կարծիք կա, որ ոչ մի շրջադարձ էլ չի եղել. Հայաստանի իշխանությունները չեն էլ շեղվել ռուսամետ ուղուց, իսկ Եվրամիության հետ բանակցությունները լավ միջոց էին Հայաստան «անվճար» արեւմտյան փող եւ քաղաքական աջակցություն բերելու համար: Այդ կարծիքը գոյության իրավունք ունի անգամ հիմա, երբ Հայաստանը նորից բանակցում է ԵՄ հետ նոր համաձայնագրի հարցով:
Այդ առումով սեպտեմբերի 3-ը շրջադարձային օր չի եղել իշխանության համար: Սակայն այն Հայաստանի հանրության համար դարձել է պատրանքների ավարտը, որն աստիճանաբար սկսել է բացել աչքերը: Սերժ Սարգսյանի ազնիվ խոստովանությունը, որ որոշումը կայացվել է մեկ գիշերվա մեջ, ցույց է տվել հայ-ռուսական «բարեկամության» ողջ արատավոր էությունը: Կասկածի տակ չդրվող հարաբերությունները մեկ ակնթարթում մերկացան, եւ բոլորը տեսան մահացու բարձր լարման մալուխը, որով Ռուսաստանը պահում է Հայաստանը: Բոլորը տեսան նաեւ, թե ով է այդ մալուխը լարման տակ պահում Հայաստանում՝ հայկական քաղաքական համակարգը:
Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում հակաեվրասիական շարժում սկսվեց: Որքան իշխանությունը շատ էր Հայաստանի ինքնիշխանությունը հօգուտ Ռուսաստանի սահմանափակող ակտեր ընդունում, այնքան ավելանում էին հակառուսական տրամադրությունները: Դրանք խորացան Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից եւ ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ անվտանգության առումով Ռուսաստանն արժեք չի ներկայացնում Հայաստանի համար, այլ ավելի շուտ սպառնալիք է:
Բանը հասել է այնտեղ, որ մեկ ամսվա ընթացքում Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի երեք ակցիա է տեղի ունեցել՝ կոշտ կարգախոսերով: Իսկ հուլիսին Երեւանում ՊՊԾ գունդը գրաված ապստամբներն իրենց պայքարի նպատակ են հայտարարել ապագաղութացումը:
Ռուս փորձագետները հաշվել են, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ ունեցողների թիվը 18%-ից աճել է 84 %:
Սա սեպտեմբերի 3-ի արդյունքն է: Իրականում այդ օրը տրվել է եվրասիական տարածությունից Հայաստանի դուրս գալու մեկնարկը: Դժվար է ասել, թե վերջնական ելքը երբ կլինի, սակայն դրա համար հողը լրիվ պատրաստ է: Պակասում է միայն կայծը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing