Լրահոս

Սերժ Սարգսյանի վերջնագիրն Ադրբեջանին

 

Երեւանում ՀՀ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, ով ամուր կանգնած է և հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում և ինչ խնդիր է լուծում», ասել է նա:Վերջին շրջանում լարվածությունը շփման գծում «կայուն աճ» է արձանագրել, մեծացել է կիրառվող զենքի տրամաչափն ու տեսականին: Միեւնույն ժամանակ, հայկական ուժերը նոր մարտավարություն են որդեգրել՝ ավելի հաճախակի են դարձել կանխիչ եւ այլ բնույթի գործողությունները:

Այս ֆոնին, կարծես թե ավելի է հստակեցվել քաղաքական ղեկավարության դիրքորոշումը. Հայկական կողմը պնդում է բանակցությունների նախապայմանը՝ Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը, որից Բաքուն հրաժարվում է: Այսինքն, հայկական կողմը չի գնալու բանակցությունների եւ ուժեղ հարվածներ է հասցնելու հակառակորդին, քանի դեռ վերջինս չի կատարի այդ պայմանը:Սա արդեն իսկ լավ է՝ նախորդ տարիների ամորֆ դիրքորոշման, «հանդուրժողականության ու խաղաղասիրության» համեմատ, ինչը հանգեցրեց Ադրբեջանի ակտիվացմանն ու ագրեսիային: Ներկայում կա այդ ակտիվությունը կոտրելու խնդիրը, ինչը թե Հայաստանի, թե կարծես թե նաեւ շահագրգիռ արտաքին կողմերի խնդիրն է:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը դիվանագետների հետ հանդիպմանը վկայում է, որ Հայաստանը մտադիր չէ հետ կանգնել այս դիրքորոշումից, համենայնդեպս այս փուլում: Զինանոցում եղած բոլոր հնարավորությունները կիրառելու մասին հավաստիացումը հնչում է նաեւ վերջնագրի պես, որն ուղղված է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ շահագրգիռ արտաքին կողմերին՝ քաղաքական առումով:Իսկ ի՞նչ դիրքորոշում ունեն արտաքին շահագրգիռ կողմերը:

Այս հարցում էլ կարծես թե հայկական կողմը կողմնորոշվել է որոշակի դրական դինամիկայով: Այն է՝ նկատվում է ընկալումը, որ առաջնահերթը հայկական շահերն ու խնդիրներն են: Երեւում է՝ ինչ որ պահի տեղի է ունեցել «խզում», եւ քաղաքական ղեկավարությունը համոզվել է, որ արտաքին երաշխիքներ չկան, կամ «ավանդական երաշխավորը» հայտնվել է բարդ իրավիճակում:Դա են վկայում Սերժ Սարգսյանի ու Նալբանդյանի վերջին շրջանի հայտարարություններն ու հարցազրույցները, որոնցում առաջին պլան է բերվում բանակն ու զինվորը՝ որպես Հայաստանի անվտանգության, հայկական քաղաքականության առաջամարտիկ ու կերտող:

Արդյոք Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը կկարողանա այս մեկնակետից հարաբերվել բոլորի հետ, պահել այս դիրքորոշումը: Հայ զինվորին արվող հղումները կարեւոր են, սակայն ոչ բավարար, այն առումով, որ անհրաժեշտ է հետեւողական քաղաքականության կամք:

Իսկ դա չի կարող արդյունք չունենալ, եւ արդեն իսկ արդյունք է տալիս շփման գծում ու միջազգային հարթակներում: Մասնավորապես, չնայած Ադրբեջանի դիմադրությանը, հայկական զինուժն արդեն իսկ շփման գծում ստեղծել է յուրահատուկ հետաքննության մեխանիզմ, ռազմական գործողություններն ուղեկցելով ապացույցների ձեռքբերմամբ, այդպիսով փաստի առաջ կանգնեցնելով բոլորին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing