Լրահոս

Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան. կռիվ փլատակների «թագավորության» համար

 

Կես տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է դրամային արտահայտությամբ 76.2 մլրդ դրամով, դոլարային արտահայտությամբ 198.7 մլն դոլարով` կազմելով 6 մլրդ 140.8 մլն ԱՄՆ դոլար: Որպեսզի ավելի պարզ լինի իրավիճակի ողբերգականությունը և նույնիսկ Հայաստանին սպառնացող դեֆոլտի հեռանկարը, արձանագրենք, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմում է ընդամենը 10,8 միլիարդ դոլար:

Այս տխուր իրավիճակը հենց այնպես չի ստեղծվել և հետևանք է կոնկրետ մարդկանց քաղաքականության: Ճակատագրի հեգնանքով` հենց այդ մարդիկ են հավակնում 2018-ի իշխանության ձևավորմանը` պատրանք ստեղծելով, թե առանց իրենց երկիրը կործանվելու է: Երկրի պարտքային բեռն էապես մեծացել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում միտումը պահպանվել է, նույնիսկ` խորացել:

Դա առնվազն նշանակում է, որ Սարգսյանն ու Կարապետյանը համանման պատկերացումներ ունեն պետության, դրա հիմքում ընկած մոդելի մասին: Եթե նույնիսկ իշխանության համար պայքարն իմիտացիա չէ և իրական է, ապա Սարգսյանն ու Կարապետյանը հակադրվում են ոչ թե քաղաքական, արժեքային դաշտում, այլ` ազդեցության ոլորտների, համակարգին վերահսկելու հարցերում:

Հայաստանն այս օրին հասցրել են տրանսֆերտներն ու վարկերը, որոնք անարդյունավետ կառավարման, համակարգի կոռումպացվածության և իրական տնտեսության բացակայության պարագայում հանգեցրել են քրեաօլիգարխիկ ստատոււս քվոյի ամրապնդմանը:

Հայաստանի իշխանություններն իրականում շահագրգռված չեն զարգացում ապահովող ներդրումներով, որովհետև դրանք անխուսափելիորեն հանգեցնելու են տնտեսական և քաղաքական հարաբերությունների ազատականացմանը, բացվածությանը, իրական միջին խավի ձևավորմանն, որը քաղաքացիական հասարակության հիմքն է: Մեր իշխանություններն անմեղսունակ չեն` քրեական մտածողություն ունեն ու դրանով է պայմանավորված, որ ունենալով ընդամենը 11 միլիարդանոց տնտեսություն` անտարբերությամբ են արձագանքում ամերիկյան ութ միլիարդ դոլարի ներդրումային փաթեթին:

Իշխանությունները նաև խրախուսում են արտագաղթը` մի կողմից ձևախեղելով հասարակության սոցիալական կառուցվածքը ու անկենսունակ դարձնելով հասարակությանը, մյուս կողմից` տրանսֆերտների հաշվին ստեղծելով տնտեսական աշխուժության պատրանք և սնուցելով քրեաօլիգարխիային: Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կռվում են, թե ով է 2018-ից հետո թագավորելու փլատակների վրա:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing