«Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել». Նիկոլ Փաշինյան

1

azatutyun.am -Ժողովրդի նպատակը ոչ թե որևէ անձին որևէ անձով փոխարինելն է, այլ Հայաստանում հաստատված կոռումպացված, հակաժողովրդական, բիրտ համակարգն արմատախիլ անելը, այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Թվում էր, թե ՀՀԿ-ն սթափ կգնահատի իրավիճակը, կառաջնորդվի ժողովրդի ու պետության շահերով, իր նպաստը կբերի այս համազգային զարթոնքի դե յուրե արձանագրմանը, բայց ՀՀԿ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է մուկն ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ և մինչև այս պահն էլ չի հայտարարել, որ քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին, չնայած հասկանում են, որ դա է ստեղծված ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու միակ ճանապարհը», — ասաց Փաշինյանը՝ ընդգծելով. — «Հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով սիրո և հանդուրժողականության, ազգային համախմբման և համերաշխության մեր գաղափարաբանությունից՝ մենք մեր քայլերով ստեղծել ենք բոլոր հնարավորությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռացման համար։ Բայց երկար տարիներ սեփական ժողովրդին շղթաների մեջ պահած այս մարդիկ նման պահվածքը թերևս հակված են ընկալել որպես թուլություն»։

Վարչապետի թեկնածուն հայտարարեց. — «Երեկ երեկոյան, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որևէ կերպ չքվեարկել Հայաստանի ժողովրդի թեկնածուի օգտին։ Հայտնի տանդեմը պատկերացնում եք, համաժողովրդական ալիքը կասեցնելու և կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ֆիզիկական և հոգբանական ճնշումները, կոմպրոմատները։ Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից շատ հստակ արձանագրել՝ պարոնայք, դուք չեք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը, և ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը, որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի և անցանկալի հետևանքների։ Սթափվեք, քանի դեռ ուշ չէ, որովհետև ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով»։

Փաշինյանը կոչով դիմեց ժողովրդին. — «Ազգային ժողովի ամբիոնից դիմում եմ Հայաստանի հանրապետության ժողովրդին, յուրաքանչյուր քաղաքացուն, սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթանակը կրկին ուզում են գողանալ, մի՛ մնացեք տանը և այս պահին դուրս եկեք փողոց և ուղղություն վերցրեք դեպի Հանրապետության հրապարակ, հեղեղեք մյուս քաղաքների փողոցներն ու հրապարակները»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache