Սերժ Սարգսյանը՝ հօգուտ Փաշինյանի

129

Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վերաջապես տուն ունեցավ։ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնել է, որ նա լքել է կառավարական ամառանոցը և տեղափոխվել Ձորաղբյուր գյուղ:

Կառավարության առաջարկած առանձնատների տարբերակները չընդունելուց հետո Սարգսյանը որոշեց հաստատվել գյուղում, որտեղ ապրում է նաև իր փեսան՝ Միքայել Մինասյանն, ում մատն, ըստ օդում կախված լուրերի, լավ էլ խառն է հեղափոխության իրականացման մեջ։

Թե ինչու Սերժ Սարգսյանը գյուղ գնաց, և ոչ, ասենք, Արցախ, որտեղից եկել էր, տալիս է խորհելու առիթ․ հավանաբար, Արցախ գնալով, Սարգսյանը կֆիքսեր իր քաղաքական մահը, իսկ գնացել է գյուղ, որովհետև դեռ վերակենդանացման հույս է փայփայում։

Հետաքրքիր է նաև Ձորաղբյուր տեղափոխվելու մասին լուրը մեդիային հայտնելու օրը։ Այն տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, որի անմիջապես հաջորդող օրը տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի համար բաղձալի մի իրադարձություն․ նրան կրկին կշնորհավորեն չընտրվելու կապակցությամբ։

Արդյո՞ք Ձորաղբյուրում հաստատված էքս նախագահը գյուղից քաղաք պլաններ կգծի՝ իր ղեկավարած քաղաքական թիմին պատրաստելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հայտնի կդառնա մի քանի օր անց, թեպետ նշենք, որ «ցրցամն» արդեն իսկ տվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հայտնելով, որ մասնակցելու են արտահերթ ընտրություններին։

Թե ինչ կստանա ՀՀԿ-ն՝ մասնակցելով արտահերթ ընտրություններին՝ թերևս արդեն կանխորոշված է՝ հաշվի առնելով, որ ռեյտինգային համակարգը իսկը նրանց հագով է։

Այստեղ միանշանակ է մի բան՝ Սերժ Սարգսյանն, արտահերթին մասնակցելու իր որոշմամբ՝ դարձյալ ջուր է լցնում ՔՊ-ականների ջրաղացին՝ քարոզարշավը դարձնելով ավագանու քարոզարշավի կրկնությունը, սակայն մի տարբերությամբ՝ եթե նախորդին Փաշինյանի ճարտասանության հիմքում սև Քոչարյանն էր, հիմա կլինեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները՝ էլ ավելի պերճախոս դարձնելով Նիկոլին։

Հենց Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն են, որ կրկին ստեղծելու են առիթ սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների մասին խոսելու համար, ինչը ձայն հավաքելու և ծափեր վաստակելու հիանալի առիթ է։

Ու ստացվում է, որ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ կնպաստի Նիկոլ Փաշինյանի աստվածացմանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache