Սերժ Սարգսյանը բաց թողեց ՀՀԿ ձեռքը. ինչ կասի Նիկոլ Փաշինյանը

105

1in.am — Այն, որ Հանրապետական կուսակցությունը չի տեսնում խորհրդարանի արտահերթ ընտրության անհրաժեշտություն, միանգամայն բնական է: Ու խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն նախկին իշխանությունն է, որն ունի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը և որը, բնականաբար, չի ցանկանում զիջել իր այդ դիրքը, որը մնացել է միակը, ինչը թույլ է տալիս ՀՀԿ-ին համարվել քաղաքական գործոն: Այս հանգամանքը, իհարկե, կա, սակայն բուն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրության անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև ՀՀԿ-ն չի տեսնում ընդհանրապես: Հանրապետական կուսակցությունը շատ վաղուց քաղաքական տեսողությունը կորցրած քաղաքական ուժ է, և հենց այդ քաղաքական կուրությունն է եղել նաև պատճառը, որ Հանրապետականը, ի վերջո, կորցրել է իշխանությունը, թեև ֆորմալ առումով այդ իշխանությունը թվում էր անսասան և անվիճարկելի: Պարզապես Հանրապետականի ձեռքից բռնած տանում էր Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը թողեց ՀՀԿ-ի ձեռքը, և դրանից հետո Հանրապետականն այլևս չունի որևէ մեկը, որը ձեռքից բռնած առաջնորդի որևէ ճանապարհով: Ըստ այդմ` կուսակցությունը լիովին մատնվել է քաղաքական տեսողության կորստի, դրանից բխող հետևանքով, երբ չկա առաջ տանող, ուղեկցող որևէ մեկը: Կուսակցության ներսում կային հույսեր, որ ուղեկցող կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, սակայն Քոչարյանը բավականին հստակ ակնարկում է իր հարցազրույցներում, որ ամենևին մտադիր չէ ստանձնել պատասխանատվություն քաղաքական տեսողությունից զուրկ ուժի համար, առավել ևս չունենալով դրա համար կարևորը՝ իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը դիտարկում է որոշ անհատների, որոնց միջոցով կփորձի ընդամենը թույլ չտալ, որ ՀՀԿ-ում կամ դրա շուրջ տեղի ունենան զարգացումներ, որոնք կարող են հարվածել իրեն: Ավելին` երկրորդ նախագահը ՀՀԿ-ի հետ անել չի կարող, և միևնույն ժամանակ չի էլ ստանձնի ավելի պատասխանատվություն, եթե նկատելի չէ համարժեք էֆեկտի հեռանկար:

Հետևաբար, երբ խոսք է գնում խորհրդարանի արտահերթ ընտրության մասին և հիշատակվում է ՀՀԿ դիմադրության ռեսուրսը, այստեղ այդ ռեսուրսը պարզապես գերագնահատվում է: Հարցն այն է, որ պարզապես պետք է որևէ սուբյեկտ բռնի ՀՀԿ ձեռքն ու դուրս բերի խորհրդարանից, այլապես կուսակցությունն ապրիլի 23-ից հետո բացարձակապես ապակողմնորոշված վիճակում է՝ առ այսօր: Դա էլ իր հերթին անսպասելի չէր, քանի որ կուսակցությունը տարիներ շարունակ կողմնորոշվել է դեպի մեկ կենտրոն՝ իշխանություն և դրա կրող: Ընդ որում` այդպես է 1995-ից, երբ այդ ուժը միացավ ՀՀՇ առաջնորդած բլոկին: Պարզապես 1998-ից հետո իշխանության կենտրոնը, դրա կրող գործիչները իրենց հերթին հենվեցին ՀՀԿ-ի վրա՝ Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Ռոբերտ Քոչարյանը հենվեց, իհարկե, ոչ ամբողջապես՝ ՀՀԿ-ին չտալով բացարձակ իշխանություն: Այդպիսով, ներկայումս ՀՀԿ-ն, անկասկած, դարձյալ կողմնորոշված է մնում դեպի մեկ կենտրոն, իշխանություն և դրա կրողը, և գործնականում Հանրապետականը արձագանքելու է այն ազդային, որ կգա իշխանության կենտրոնից, կրողից, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանից: Մնացյալը հռետորաբանություն է, որն իրականում ավելի մոտեցնում է արտահերթ ընտրությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache