Լրահոս

Սերժ Սարգսյանը բարկացել է Սամվել Ալեքսանյանի վրա

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը անսովոր անբարյացակամությամբ է արձագանքել թանկացումների վերաբերյալ լրագրողական հարցերին: Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքը չի զբաղվում բիզնեսով: Այնպես չէ իհարկե, որ նախկինում հայտարարում էր հակառակը, երբ նրան ուղղում էին այդ թեմաներով հարցեր, սակայն նախորդ դեպքերում Ալեքսանյանը անթաքույց հաճույքով եւ նույնիսկ ինտելեկտի ներածին չափով հումորով էր պատասխանում լրագրողների հարցերին:

Ավելին, պատասխանում էր դեմքի խորամանկ ժպիտով, որն ասում էր նրա մտքինը՝ «տեսնենք, թե ով ում»:Բայց հոկտեմբերի 6-ին խորհրդարանում իրեն ուղղված հարցերին Ալեքսանյանը պատասխանել է խիստ անբարյացակամ, ավելի շուտ չի էլ պատասխանել, եւ հրել է իրենից տեսախցիկները:Իհարկե, Ալեքսանյանն էլ մարդ է եւ կարող է ունենալ տրամադրության անկում, տարբեր պատճառով: Օրինակ, նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, իսկ նախօրեին Հայաստանի հավաքականը 1:6 խոշոր հաշվով պարտվել էր Լեհաստանին՝ Երեւանում, եւ դա կարող էր անտրամադիր դարձնել ֆեդերացիայի գործկոմի անդամ Ալեքսանյանին:

Նա կարող էր տրամադրություն չունենալ նաեւ իր ընկեր Ռուբեն Հայրապետյանի համար, որը լինելով ֆեդերացիայի նախագահ, խոշոր հաշվով պարտությունից հետո ստացավ քննադատության հերթական դոզան:Արդյոք պատճառը ֆուտբոլը չէ, այլ, ասենք, տեքստիլը: Բանն այն է, որ նախօրեին՝ հոկտեմբերի 5-ին, Ալեքսանյանի ընտանիքին պատկանող տեքստիլի արտադրամաս էր այցելել Սերժ Սարգսյանը:Ահա այդ կապակցությամբ տարօրինակ է, որ Սարգսյանի այցից հետո Սամվել Ալեքսանյանն առավոտյան խորհրդարանում ունեցել է վատ տրամադրություն եւ բարկացած ու նյարդային է արձագանքել լրագրողների հարցերին, որոնց նախկինում լսում եւ պատասխանում էր սիրով:Պետք է ենթադրել, որ Սամվել Ալեքսանյանին բարկացրել է Սերժ Սարգսյանը, կամ գուցե Սարգսյանն է բարկացել նրա վրա, հենց նույն թանկացումների պատճառով: Բանն այն է, որ Ալեքսանյանը Հայաստանի մանրամեծածախ ցանցի խոշոր ներկայացուցիչ է, խոշոր ներկրող: Հետեւաբար, ապրանքային շուկայում գների վրա ունի զգալի ազդեցություն: Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ տավարի մսի գինն օրինակ թանկանում է այն պատճառով, որ Ալեքսանյանը խոշոր խմբաքանակ է արտահանում Իրաքյան Քուրդիստան:Մի շարք ապրանքատեսակների թանկացումները Հայաստանում առաջացնում են դժգոհություն, ավելի շուտ սրում են իշխանությունից դժգոհությունը:

Իսկ թանկացումների մասով կա յուրօրինակ մի հանգամանք, որի մասին խոսում է օրինակ Ծառուկյան դաշինքի անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը, որը ԱԺ փոխնախագահ է: Նա ասում է, որ կառավարությունը բյուջեի մուտքերի հետ կապված պարտավորությունը կատարելու երկու ճանապարհ ունի՝ կամ տնտեսական աճ, կամ գնաճ: Հազիվ թե Հայաստանում տնտեսական աճը ունենա այն ծավալը, որ տա բյուջեի մուտքերն ապահովելու հնարավորություն: Հայաստանի տնտեսության աճի ցուցանիշը տալիս է ընդամենը չգահավիժելու հնարավորություն: Ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ գնաճը կառավարության համար բյուջեի մուտքն ապահովելու միջոց է:Ստացվում է ուշագրավ պատկեր՝ ապրանքային շուկայում գնաճը նպաստում է, որպեսզի Կարեն Կարապետյանի կառավարությունը կարողանա ապահովել բյուջեի մուտքերի մի զգալի մաս: Միեւնույն ժամանակ, գնաճը առաջացնում է դժգոհություն իշխանությունից: Որքան էլ վարչապետը Կարապետյանն է, դժգոհության հիմնական սլաքն իհարկե ուղղվելու է Սերժ Սարգսյանին, որովհետեւ Կարեն Կարապետյանը շատ հստակ խուսանավելով քաղաքական պատասխանատվությունից եւ մնալով մենեջերական դերի մեջ, պատասխանատվությունը թողնում է հենց Սերժ Սարգսյանի վրա:

Իսկ Հայաստանի հանրությունը, քաջատեղյակ լինելով իշխող համակարգում հարաբերությունների եւ տնտեսա-քաղաքական խաղի կանոնների բույթին, համոզված է, որ այդօրինակ գնաճն՝ առանց լուրջ արտաքին տնտեսական հիմքերի, պարզապես «քաղաքական» երեւույթ է, հետեւաբար պատասխանատուն է համակարգային բուրգի վերեւում կանգնած Սերժ Սարգսյանը:Ըստ այդմ, գնաճի շնորհիվ Կարեն Կարապետյանը կատարում է բյուջեն ապահովելու իր գործառույթը, իսկ գնաճից դժգոհությունը բաժին է ընկնում Սերժ Սարգսյանին:

Չի բացառվում, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ձեռնարկություն այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այդ առիթով զրույց է ունեցել Ալեքսանյանի հետ, որպես ապրանքային շուկայի խոշոր խաղացող եւ փաստորեն որպես իրեն փաստի առաջ դնող խաղացող, որովհետեւ պետք չէ բացառել, որ Սարգսյանի համար նպատակահարմար է, որպեսզի Կարեն Կարապետյանը չապահովի բյուջեի մուտքերը, դրանով իսկ տալով 2018 թվականին ընդառաջ դժգոհության եւ անարդյունավետության արձանագրման ծանրակշիռ հիմք:Հավանաբար Սերժ Սարգսյանի հետ այդ խոսակցությունն էլ բարկացրել է եւ գցել Սամվել Ալեքսանյանի տրամադրությունը, ինչն էլ արտահայտվել է հաջորդ առավոտյան լրագրողների հետ խորհրդարանական շփման ընթացքում:

Պետք չէ բացառել իհարկե անտրամադիր լինելու մեկ այլ պատճառ, որն ինչպես գնաճը, նույնպես որոշակի կապ ունի Իրաքյան Քուրդիստանի հետ: Բանն այն է, որ ամիսներ շարունակ մամուլում հրապարակումներ էին լինում, որ Սամվել Ալեքսանյանը կամ նրա վստահելի, մերձավոր որեւէ մեկը կնշանակվի Իրաքյան Քուրդիստանում Հայաստանի Գլխավոր հյուպատոս: Էրբիլում գլխավոր հյուպատոս ունենալու մասին որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է շատ վաղուց: Քուրդիստանում Սամվել Ալեքսանյանը ունի շոշափելի բիզնես շահ, եւ անկասկած է, որ հյուպատոսի պաշտոնը կլիներ այդ շահը ավելի հարմարավետ սպասարկելու նոր գործիք: Հայաստանի հյուպատոսական պաշտոնները արտերկրում խոշոր հաշվով այդ գործիքն են շատերի համար եւ բաժանվում են հենց այդ սկզբունքով:

Բայց Քուրդիստանի մասով իրավիճակն ըստ երեւույթին փոխվում է հանրաքվեից հետո, եւ հնարավոր է, որ գլխավոր հյուպատոսի նշանակումը կամ հետաձգվում է անորոշ ժամանակով՝ քանի դեռ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու Էրբիլ-Բաղդադ հարաբերությունը, ու Երեւանը չի ցանկանում այսպես ասած լարվել նրանցից որեւէ մեկի հետ, կամ նշանակում կլինի, բայց նոր իրավիճակում այլեւս նոր սկզբունքով, հասկանալով, որ այդ պաշտոնը Էրբիլում ստանում է լրջագույն քաղաքական նշանակություն, եւ հետեւաբար անպատասխանատվության գագաթնակետը կարող է լինել հանձնել այն Սամվել Ալեքսանյանի կամ որեւէ մեկի բիզնես շահերի սպասարկմանը:

lragir.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing