good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանը չբացեց զուգարանները, կբացի՞ խորհրդարանը

 

Հայաստանի ակտիվ հանրությունը քննարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր ելույթը՝ Կենտրոն հեռուստաընկերությամբ, վատ մոռացված հնի մասին: Տեր-Պետրոսյանը Կենտրոնի եթերում ներկայացնում էր Արցախի խնդրում իր մոտեցումն ու խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության նախընտրական մարտավարությունը:Հանրային հեռուստաընկերության եթերում ՀԱԿ առաջնորդի հարցազրույցից հետո հանրային ուշադրությունն արագորեն շեղվեց Սամվել Բաբայանի ձերբակալության վրա, եւ հարցազրույցն ըստ էության չունեցավ ՀԱԿ 7 տոկոսի հաղթահարման համար անհրաժեշտ ՕԳԳ:Կունենա՞ նոր հարցազրույցը, թե ոչ: ՀԱԿ սոցիոլոգիական ցուցանիշները, որ հրապարակվում են, հեռու են անցողիկությունից: Իրական է այդ սոցիոլոգիան, թե ոչ, կապ չունի:

Եթե անգամ իրական չէ, ուրեմն իշխանությունը չի տեսնում ՀԱԿ-ին խորհրդարանում: Կամ ՀԱԿ-ը չի ձգում այն շեմին, գոնե, որից հետո Սերժ Սարգսյանը կարող է «քաշել», ինչպես 2012 թվականին:Տեր-Պետրոսյանն Արցախի խնդիրն ընտրել է ոչ թե հանրությանը, այլ Սերժ Սարգսյանին եւ աշխարհքաղաքական կենտրոններին առաջարկելու համար, որպես ՀԱԿ քաղաքական ֆունկցիոնալության անփոխարինելի բաղադրիչ: Բայց առաջանում է որոշակի հակասություն՝ որքան Տեր-Պետրոսյանը խոսում է, այդքան ավելի է կարծրանում հանրության վերաբերմունքը Արցախի խնդրում:

Տեր-Պետրոսյանը «հակառակ արձագանք» է խթանում: Մեծ հաշվով, դա է իհարկե ֆունկցիոնալության բուն իմաստը, բայց դրա հետ մեկտեղ, ՀԱԿ-ն այդպիսով ավելի է հեռանում 7 տոկոսից:Նկատելի է, որ Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը կանգնած են այդ հակասականությունից ելքը գտնելու առաջ, որպեսզի ՀԱԿ-ը մնա ու խթանի հանրային դիմադրունակությունը, բայց մյուս կողմից էլ կարողանա հանրությունից ստանալ 7 տոկոս կամ մոտենալ դրան:Սերժ, տուր ՀԱԿ-ին 7 տոկոսը, գործնականում ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը հին ընկեր Սերժ Սարգսյանին, ինչպես 2011 թվականի շուրջօրյա հանրահավաքներին նույն կերպ ըկերաբար դիմում էր Ազատության հրապարակի զուգարանները բացելու համար:

Սարգսյանն, ի դեպ, չբացեց զուգարանները:Հանրային գնահատականների մի զգալի մասում տեղի ունեցողի տակ դիտարկվում է ավելի լայն, աշխարհքաղաքական համատեքստ, ընդհուպ այն, որ Արցախի խնդրում հասունանում է մոտալուտ ինչ որ զարգացում կամ լուծում, եւ Տեր-Պետրոսյանի միջոցով Սերժ Սարգսյանը դրան է պատրաստում հանրությանը, ասում է այն, ինչ չի կարող ասել անձամբ:Ինչպե՞ս կարող է Սերժ Սարգսյանին կամ Արցախի հարցում լուծման աշխարհքաղաքական հասունացած անհրաժեշտությանը ոչ պոպուլյար լուծման գործում օգնել մի մարդ, որի առաջնորդած ուժը դժվարությամբ է հաղթահարում խորհրդարանի անցման 7 տոկոսը:

Ինչպե՞ս կարող են միջուկային երեք գերտերություններ՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը հանգել լուծման որեւէ տարբերակի պարտադրման հայտարարի եւ մնալ Տեր-Պետրոսյանի աջակցության հույսին:Գործչի, որի քաղաքական որեւէ ծրագիր եւ նախաձեռնություն այդպես էլ չարժանացավ միջազգային աջակցության՝ սկսած 1997 թվականից մինչեւ այժմ, այդպես էլ կտրված մնալով աշխարհքաղաքական գործընթացների տրամաբանությունից, անընդհատ գնալով հավակնությունների նշաձողի անկման ընթացքով՝ նախագահ, նախագահի թեկնածու, խորհրդարանում 7 տոկոս ունեցող ուժ, 7 տոկոսի թեկնածու:Ի դեպ, հավակնությունների սանդղակի կամ կորի այդ ընթացքը պատասխանն է նաեւ այն դիտարկումների, թե Տեր-Պետրոսյանն անփոխարինելի ռացիոնալությամբ գործիչ է:

Ռացիոնալության կորը քաղաքական գործչին եւ նրան հետեւող հանրությանը պետք է բարձրացնի վեր, ոչ թե իջեցնի վար:Մեկ այլ հարց է ընդհանրապես այն, թե որքանով է իրատեսական Արցախի խնդրի լուծման գործում այսպես ասած միջազգային կոնսենսուսի առկայության մասին պնդումը: Կամ պնդումը, թե ԱՄՆ ու Ֆրանսիան տվել են Ռուսաստանին «բանալին» եւ ասել՝ գնա ու լուծիր Արցախի խնդիրը:

Որեւէ մեկին թվում է, որ կարող է Արցախի հարցում լինել որեւէ կոնսենսուս Ացախի խնդրի լուծման որեւէ տարբերակի շուրջ, եւ ԱՄՆ, Ֆրանսիան ու Ռուսաստանը չկարողանա՞ն այդ տարբերակը պարտադրել Ալիեւին, Սարգսյանին, եւ Հայաստանի ու Ադրբեջանի բոլոր այսպես կոչված քաղաքական ու պետական գործիչներին միասին վերցրած:Եթե ԱՄՆ կամ Ֆրանսիան, կամ Ռուսաստանը որեւէ պահի զիջում են միմյանց նախաձեռնողականությունն ու աշխուժությունը միջնորդական ջանքում, դա ամենեւին չի նշանակում, որ զիջում են միմյանց ռազմավարական շահերը, հրաժարվում դրանից:Իսկ Արցախի խնդիրը, կովկասյան բարդ հանգույցն ընդհանրապես Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բարդ մրցակցության գոտի է, որտեղ բեւեռները ունեն իրենց ռազմավարական հակադիր շահերը:

Լավ է դա, թե վատ, բոլորովին այլ հարց է, բայց դա իրողություն է, պատմական իրողություն, որը շարունակվելու է նաեւ ապագայում: Դա է ընդհանրապես աշխարհքաղաքականության բնույթն ու փիլիսոփայությունն է, որտեղ մրցունակ կարող է լինել միայն սուբյեկտը: Իսկ սուբյեկտ նշանակում է նախաձեռնություն, ոչ թե այս կամ այն իրավիճակին համաձայնելու կամ չհամաձայնելու «իմաստնություն» կամ «քաջություն»:

Ընդ որում, այդ տեսանկյունից որեւէ տարբերություն չկա՝ համաձա՞յն ենք այսպես կոչված կարգավորման առաջ քաշված տարբերակներին, թե՞ համաձայն չենք: Երկու դեպքում էլ չկա սուբյեկտություն, եթե չկա ընդհանրապես Հայաստանում ձեւակերպված առաջարկ եւ նախաձեռնություն աշխարհին:Այստեղ է բուն խնդիրը, որով Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից գործնականում արդեն քառորդ դար չի զբաղվել ոչ ոք: Հայաստանի անվտանգությունը, զարգացումն ու առաջընթացը կախված է լինելու դրանից՝ թե ինչքանով հայաստանյան քաղաքական դիսկուրսը կկենտրոնանա հենց դրանով զբաղվելու, ոչ թե այո կամ ոչ ասելու վրա:Ի վերջո, հենց դա է սպասում նաեւ Հայաստանից աշխարհը, դրանով է, որ Հայաստանը պետք է գործընկերային եւ իրական դաշնակցային եզրեր գտնի աշխարհքաղաքական կենտրոններում:

Դրանով է հնարավոր հասնել կայունության եւ խաղաղության առավելագույն հուսալի վիճակի, ոչ թե ռազմավարական դիրքեր զիջելով, երբ բոլորի աչքի առաջ է Ուկրաինայի օրինակը, թե ինչպես կարող է պատռվել անվտանգության այսպես կոչված միջազգային երաշխիքը:Անազնիվ է մանր կուսակցական եւ խմբային նկատառումներով խաղալ զինվորների եւ նրանց ծնողների զգացմունքների, զոհերի հիշատակի վրա, եւ այդ խաղի վրա նենգափոխել խաղաղություն հասկացությունը, նենգափոխել պետական սուբյեկտության խնդիրները:Նենգափոխված խաղաղության հուսալիությունը չի կարող գերազանցել 7 տոկոսը: Վտանգի աստիճանը մնում է 93 տոկոս:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing