Լրահոս

Սերժ Սարգսյանը չի կարող խուսափել տարածքների հանձնումից, Տեր-Պետրոսյանն էլ կօգնի նրան

 

Պատերազմող երկրում, որտեղ օր չի անցնում առանց կրակոցների ու զոհերի, անթույլատրելի է ռուս բոլշևիկների օրինակով շահարկել պատերազմի ու խաղաղության թեման իշխանության համար մղվող պայքարում, «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով ներքաղաքական և նախընտրական գործընթացների համատեքստում արցախյան հարցի դերին ու նշանակությանը վերաբերող թեմայի շուրջ:

Քաղաքագետը մասնավորապես անդրադարձավ այն փաստին, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը, ըստ էության, իր նախընտրական քարոզարշավի հիմքում դրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հասնելու խնդիրը:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բոլշևիկները ռազմաճակատը կազմալուծեցին և սեփական երկիրը պարտության դատապարտեցին՝ առաջ քաշելով ճիշտ այսօրվա ՀԱԿ-ի կարգախոսը՝ «Խաղաղություն ժողովուրդներին»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ դեր է խաղալու կամ ի՞նչ կարևորություն է ունենալու ղարաբաղյան հիմնահարցը ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների, դաշինքների նախընտրական քարոզարշավում կամ ծրագրերում, ներքաղաքական իմաստով, եթե հարցին նայենք «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության օրինակով:

– Հայաստանի քաղաքագետների միությունը իր քսանհինգամյա գործունեության ընթացքում մշտապես մեծ ջանքեր է գործադրել արցախյան հիմնահարցի կարգավորման բոլոր ծալքերի ուսումասիրության, հիմնահարցի վերաբերյալ քաղաքական ուժերին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու և միջազգային հանրությանը ճիշտ կողմնորոշելու ուղղությամբ: Առանց կեղծ համեստության ասեմ, որ դժվար է գերագնահատել այն վիթխարի աշխատանքը, որը մենք կատարել ենք ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային՝ հատուկ դիվանագիտական շփումների և քննարկումների հարթություններում:

Ժամանակը կգա և ապագայում բարեխիղճ պատմաբաններն ու նոր սերնդի քաղաքական գործիչները մեր արածին կտան անաչառ գնահատական, սակայն վերջին տարիներին ի հայտ եկած նոր սպառնալիքները, ինչպես նաև դրանց դիմակայելու իշխանությունների անկարողությունը այսօր կասկածի տակ են դրել մեր երկրի ապագան ընդհանրապես:

Գլոբալիստական միտումներին աշխարհում այժմ գալիս են փոխարինելու այլ՝ ռեգիոնալիստական միտումները: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր տարածաշրջանում հարցերը պետք է կարգավորվեն տվյալ տարածաշրջանի ժողովուրդների ջանքերով, այլ ոչ թե գերտերությունների անմիջական մասնակցությամբ: Ընդհանուր անկայունության պայմաններում գերտերությունները գնալով ավելի ու ավելի են խրվում ներքին խնդիրների և անմիջական հարևանների հետ իրենց հարցերը կարգավորելու ճահճի մեջ՝ հրաժարվելով հեռավոր երկրների հոգսերին հաղորդակից լինելուց:

Խորտակվողների փրկությունը նորից համարվում է խորտակվողների գործը, և անգլոսաքսերի նավերը նորից հանգում են այն մտքին, որ պարտադիր չէ նավարկեն ամենուրեք՝ կովկասյան լեռներում, Ղրիմում կամ նույնիսկ մերձբալթյան տարածաշրջանում: Եթե հաշվի առնել մեր նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները, ապա հասկանալի է, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու կապակցությամբ միջազգային աշխարհակարգը պաշտպանելու գործում Միացյալ Նահանգների պատրաստակամության անկումը չափազանց լուրջ մարտահրավեր է մեզ համար, մանավանդ, եթե հաշվի առնել այն, որ այդ «եսակենտրոն» մոտեցումները վարակիչ են ու ազդում են ինչպես եվրոպացիների, այնպես էլ ռուսների վրա:

Արդեն այսօր անտարբերությամբ են վերաբերվում, թե ո՞վ, ո՞ւմ և ինչպե՞ս է սպանում հայ-ադրբեջանական սահմաններին: Հասկանալի է, որ միջազգային քաղաքականության այս նոր միտումների խորապատկերում Թուրքիան ավելի մեծ հնարավորություններ կստանա ինքնահաստատվելու որպես տարածաշրջանային գերտերություն, որին իրավունք է վերապահված Հյուսիսատլանտյան դաշինքի անունից և Ռուսաստանի հետ համատեղ մեր տարածաշրջանում կարգ ու կանոն հաստատել: Իսկ թե հայերիս գլխին ի՞նչ կարող է բերել թուրքական «կարգ ու կանոնը», մենք բոլորս լավ գիտենք պատմությունից:

Այս միջազգային համատեքստում և արցախյան ստատուս-քվոն խաթարած Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց մեզանում պետք է անցկացվեն հինգ տարիների կտրվածքով միակ ուղիղ և համընդհանուր համապետական ընտրությունները՝ Ազգային ժողովի ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է խորհրդարան, որը փոփոխված Սահմանադրությամբ օժտված է լինելու միակ առաջնահերթ մանդատով և ամբողջական պատասխանատվություն է ստանձնելու ազգային շահերի պաշտպանության գործում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara