Լրահոս

Սերժ Սարգսյանը չսայթաքեց, սայթաքեց Հայաստանը. նոր փորձի առաջ

 

Ռուսաստանի Պետդուման նախօրեին վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որ նախորդ տարի ստորագրեցին Հայաստանի եւ ՌԴ պաշտպանության նախարարներն ու որով ընդլայնվում է միացյալ զորախմբի կազմն ու տեղի են ունենում կառավարման որոշակի փոփոխություններ: Զորախմբի գործունեության նրբերանգները Հայաստանում դարձան բուռն քննարկումների առարկա, այն իմաստով, թե ի վերջո ում է ենթարկվելու այդ զորախումբը եւ ում շահն ու անվտանգությունն է լինելու առաջնային:
Առաջին հայացքից այդ հարցը կարող է ունենալ պարզ պատասխան, բայց գործնական հարթության մեջ ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը մեղմ ասած բավական հաճախ չեն համընկնում առանցքային հարցերում: Պարզ վկայությունը ղարաբաղյան խնդիրն է, որտեղ Հայաստանի հակառակորդ, ագրեսիվ եւ մարտաշունչ հռետորաբանությամբ, Հայաստանին ու Արցախին պատերազմով ու ոչնչացումով սպառնացող Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր եւ ռազմա-տեխնիկական հաճախորդ՝ ստանալով իր սպառազինության գերակշիռ մասը հենց Ռուսաստանից:
Ընդ որում, այդ հանգամանքի խոսուն վկայությունն է այն, որ Ռուսաստանը մի ձեռքով վավերացնում է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, մյուս ձեռքով պետական լրատվամիջոցով ծավալուն հարցազրույց է վերցնում Ադրբեջանի պաշտպանության նախարարից, որը ռուսական պետական քարոզչական հարթակում խոսում է Հայաստանի հանդեպ ճնշող առավելության եւ ապրիլյան ռազմական հաջողությունների մասին, գրեթե բաց տեքստով ասելով, որ մեղմ ասած իրենց համար խնդիր չէ Հայաստանի «թիկունքին» Ռուսաստանի առկայությունը, լինի դա Իսկանդերի, թե այլ տեսքով: Ավելին, ադրբեջանցի նախարարը նաեւ այդ ռուսական պաշտոնական հարթակում հայտարարում է, որ հենց Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործակցության շնորհիվ է նաեւ, որ Ադրբեջանն ունի Հայաստանի հանդեպ իր բնորոշմամբ մեծ առավելությունը
Հասանովի հայտարարությունների մի զգալի մասն անկասկած հոխորտանք է, որը բխում է քարոզչական պատերազմի տրամաբանությունից, ոչ ավելի: Բայց տվյալ պարագայում խնդիրը ամենեւին նրա հոխորտանքը չէ, այլ այն, որ դրա համար տրվում է ռուսական պետական քարոզչահարթակ:
Միամիտ կլինի համարել, թե Ռուսաստանի աջ ձեռքը չգիտե, թե ինչ է անում ձախը: Թեեւ, եթե անգամ գործ ունենք այդ տարբերակի հետ, ապա վիճակն ու մտահոգությունը դրանից ոչ միայն չի նվազում, այլ հակառակը:
Ըստ այդմ առկա է հարցի բավականաչափ հիմք, թե իրական քաղաքականության ռեժիմում այդուհանդերձ ինչպես է իրեն պահելու հայ-ռուսական միացյալ զորախումբը լիազորությունների ֆորմալ բաշխվածությամբ հանդերձ:
Դա էլ իր հերթին հուշում է, որ Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական գործակցությամբ հանդերձ, Հայաստանն ունի անվտանգության գործուն այլընտրանքների անհրաժեշտություն եւ անկասկած է, որ կոնկրետ այլընտրանքների ավելացման ու ընդլայնման շնորհիվ Հայաստանի անվտանգության համակարգում Ռուսաստանի դերի տեսակարար կշռի նվազեցումը Հայաստանի համար ռազմավարական խնդիր է: Խնդիր, որից ի դեպ զգալի կախված է նաեւ հենց հայ-ռուսական հարաբերության բնույթը այսպես ասած միակողմանի թելադրողից երկկողմ միջպետականի վերածելը,եւ ընդհանրապես Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության համարժեքացումը:
Ռուսաստանը պետք է հստակ գիտեն երկու բան՝ որ Հայաստանն ամենեւին միայն իր աջակցության կամ դաշնակցության հույսին չէ, եւ երկրորդ՝ պետք է հստակ գիտենա, թե ինչ է կորցնելու Ադրբեջանի հետ Հայաստանի անվտանգության ռիսկերի ավելացման հաշվին ռազմավարական գործակցությունը խորացնելիս:
Հայաստանի իշխանության եւ քաղաքական դասի, այսինքն նաեւ քաղաքական ընդդիմության խնդիրը, առաջնահերթությունը պետք է լինի դա:
Ռազմա-քաղաքական այլընտրանքի, դիվերսիֆիկացիայի մի փորձ Հայաստանն արդեն տապալել է, եւ տապալման գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը եղել է այն, որ առանցքում եղել է ոչ թե պետական անվտանգության ռազմավարական գերակայությունը, այլ ներքաղաքական մանր իշխանական, կուսակցական, խմբակային հաշվարկները: Խոսքն այն մասին է, որ փորձը չի ունեցել քաղաքական բազա, առավել եւս գաղափարական եւ հայեցակարգային բազա: Խոսքը Եվրամիության հետ Ասոցացման գործընթացի մասին է, որը Սերժ Սարգսյանի համար 2008-ից հետո լեգիտիմության խնդրի լուծման կարեւոր տարբերակ էր, իսկ ժամանակի ընդդիմության համար՝ Սերժ Սարգսյանի սայթաքելու սպասում:
Բայց, Սերժ Սարգսյանը չսայթաքեց, նա ինչպես միշտ իր շահի հարցում կողմնորոշվեց շատ ճշգրիտ, հաշվարկեց հստակ: Սայթաքեց Հայաստանը, ընդ որում բավական ուժեղ, ու ծանր հետեւանքով:
Կա՞ Հայաստանում այժմ պետական անվտանգության համալիր, ռազմա-քաղաքական դիվերսիֆիկացիայի, կայուն այլընտրանքների ձեւավորման քաղաքական ներուժ, կամք, հետաքրքրություն:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing