Լրահոս

Սերժ Սարգսյանը դեմ չէ, որ բոլորը հայտնվեն խորհրդարանում, միայն մի պայմանով

 

Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

Լևոն, նախընտրական քարոզարշավը մեկնարկն ինչպե՞ս եք գնահատում:

Բավական ձանձրալի: Միակ հետաքրքրաշարժ քննարկումը ՀՀԿ ներկայացրած տեսահոլովակի հետ էր կապված: Բայց քննարկումը, ինչպես հաճախ է պատահում, գտնվում էր էսթետիկայի դաշտում, և որևէ քաղաքական հետևությունների այդ քննարկումը չբերեց: Իսկ նման քննարկումները դրսևորման տեղ ունեն քանի որ կուսակցությունների և դաշինքների միջև չկա ծրագրային բանավեճ: Բացառությամբ ՀԱԿ-ի ծրագրի, ում դեմ մարտնչում են բոլոր կողմերը և Հրանտ Բագրատյանի կողմից Ազատ դեմոկրատների տնտեսական ծրագրի ներկայացման, մյուս դեպքերում մենք ունենք գեղեցիկ բարեմաղթանքների ժողովածուներ: Նույնիսկ Բագրատյանի կողմից իրենց տնտեսական ծրագրի ու կառավարության տնտեսական քաղաքականության մասին բավական ակադեմիական քննադատությունը որևէ արձագանք չունեցավ: Ինչ որ տեղ կարելի է հասկանալ, որ ոչ իշխանական ուժերը իրար հետ չեն բանավիճում, բայց կուսակցությունների ծրագրերը, որոնք 15, 30 կամ 50 քայլով փոփոխություններ են խոստանում, անուղղակիորեն մարտահրավեր են կառավարությանը, կասկածի տակ են դնում կառավարման արդյունավետությունը, և իշխանությունը պիտի դրանց պատասխանի: Բայց չի պատասխանում, և անկեղծ ասած մյուս ուժերը չեն էլ պնդում, որ պատասխաններ ստանան:
Միայն մեկ հարց կա, որի շուրջ մենք բանավեճի նման մի բան ենք տեսնում՝ ղարաբաղյան կոնֆլիկտը, որ շնորհիվ առաջին նախագահի ներքաղաքական դաշտին գոնե որոշակի քաղաքականացման ֆոն է տվել: Բայց այստեղ ևս քննարկումները տեղի են ունենում «ոչ մի թիզ հող» տրամաբանության շրջանակներում: Ընդհանուր գնահատականս հետևյալն է ՝ դիալոգներ չկան, կան առանձին մոնոլոգներ:

Հիմնական պայքարը ո՞ր քաղաքական ուժերի մեջ է:

Եթե խոսում ենք այն մասին, թե ովքեր են ֆավորիտները, կարծում եմ ակնհայտ է՝ ՀՀԿ և Ծառուկյան դաշինք: Բայց պայքար նրանց միջև չկա. ինչպես նշեցի, նրանք չեն բանավիճում, չեն երկխոսում, այլ առանձին մենախոսության մեջ են: Ընդհանրապես պայքար կա երկու տեղ: ՀՀԿ ռեյտինգային ցուցակների թեկնածուների միջև և ոչ իշխանական այն ուժերի միջև, որոնք կամ շռայլ ռեսուրսներ չեն ծախսելու (ինչպես ԾԴ-ն ու ՀՎԿ-ն) կամ չունեն հստակ էլեկտորատ (ինչպես ՀՅԴ-ն): Խոսքը ՀԱԿ-ի, ԵԼՔ-ի, Ազատ դեմոկրատների մասին է: Վերջին երեք ուժերը, ըստ էության, հավակնում են նույն էլեկտորատին: Ամենաբարդ էլեկտորատին, որին շատ դժվար է տեղայնացնել, ուրվագծել նրանց սահմանները և թիրախավորված աշխատել նրանց հետ:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում երկրորդ նախագահի հայտարարությունը և խիստ քննադատությունն առ այն, որ լինելու է զոռբայության մթնոլորտում քսակների կռիվ:

Երկրորդ նախագահի 3-4 տողանոց հարցազրույցները վերջին 4-5 տարիներին ունեն մեկ նպատակ՝ տեղեկացնել քաղաքական դաշտի մասնակիցներին իր գոյության մասին: Ամեն ինչ վատ է, բայց ես ոչինչ անել չեմ պատրաստվում՝ ահա նրա տեքսի հակիրճ բովանդակությունը: Նախկին նախագահը կարող է հանդես գալ մի քանի ֆորմատով: Որպես վերադարձող քաղաքական գործիչ սկսել լայն կոնսոլիդացիա, իր կողմնակիցների անվանականչ անել: Կամ որպես համակարգը լավ պատկերացնող, փորձառու գործիչ տալ իրավիճակի վերլուծություն: Երկուսն էլ մենք չենք տեսնում: Ուրեմն կարող ենք ենթադրել, որ նրա նմանատիպ հարցազրույցների նպատակը ինչ-որ մեսիջներ փոխանցելն է ինչ-որ մարդկանց:

Ըստ Ձեզ՝ որ քաղաքական ուժերին կամ դաշինքներին կտեսնենք մյուս խորհրդանանում, և արդյոք այն որակի առումով կտարբերվի՞ այս մեկից:

ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, ՀՎԿ-ն անպայման կլինեն նոր խորհրդարանում: Կարծում եմ՝ ՀՅԴ-ն ևս: Մյուս ուժերի ճակատագիրը անհայտ է: Բայց ընտրական գործընթացներից բացի, պառլամենտի կազմը որոշող այլ գործոններ ևս կան: Իշխանությանը նախ պետք են ընդդիմադիրներ, որոնք հանրության աչքերում վստահություն կվայելեն: Վերոնշյալ չորս ուժերը, որոնք պոտենցիալ նոր պառլամենտի մաս են կազմելու, այդպիսիք չեն: Ծառուկյանին, իհարկե հանրությունը սիրում է, բայց ոչ որպես ընդդիմադիրի: Նա չի կարող ներկայացնել հանրության ռադիկալ տրամադրությունները, իսկ օրինակ Փաշինյանը կարող է:
ՀՀԿ-ն չի կարող իրեն թույլ տալ ազատորեն, առանց մանևրելու խոսել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում փոխզիջումների մասին, վախենում է հանրային արձագանքից, շատ լավ հասկանալով, որ այդ արձագանքը տարիներ շարունակ հենց ինքն է սնսել պաթոսով ու ուռա-հայրենասիրությամբ: Իսկ ՀԱԿ-ը չի վախենում:
Մենք ունենք նաև մի իրավիճակ, երբ Հայաստանը ստիպված է բավարարել ոչ միայն ռուսական կողմի քմահաճույքները և պրո-ռուսական սուբյեկտներին տեղեր տալ նոր պառլամենտում, այլև կա խնդիր դուր գալ նաև Արևմուտքին, մասնավորապես Եվրոպային:
Սա իհարկե չի նշանակում, թե նախագահականն է ամեն ինչ որոշում: Բայց քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ որևէ մեկին իշխանությունը չի խանգարում: Ընդ որում, չի խանգարում կասկածելի հանգստությամբ: Ընդհանրապես Սերժ Սարգսյան քաղաքական գործչի գործունեության ոճը ուսումնասիրելով, կարելի է գլխի ընկնել, որ նա մեծ հաշվով դեմ չէ, որպեսզի բոլոր մասնակիցներն էլ հայտնվեն պառլամենտում, որ գործընթացի բոլոր սուբյեկտները գոհ լինեն, միայն ՀՀԿ-ի մեծանասնություն լինելու պայմանով:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing