Սերժ Սարգսյանը դրեց վերջին քարը. նոր եւ բարդ իրավիճակ

0

lragir.am — Նոյեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ԵԼՔ դաշինքի նախաձեռնած լսումը ԵՏՄ-ից դուրս գալու թեմայով: Բայց այդ լսումը առաջացնում է տպավորություն, որ խորհրդարանի դահլիճում ոչ թե նոյեմբերի 27-ն է, այլ նոյեմբերի 23-ը: Բանն այն է, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համաձայնագիրը, շրջանակային համաձայնագիր, որ անգամ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատմամբ բացառիկ է ԵՏՄ անդամի կարգավիճակ ունեցող պետության համար:

Այլ կերպ ասած, անգամ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն են փաստացի արձանագրում ԵՏՄ անդամությունը «խնդիր չլինելու» հանգամանքը: Ավելին, Եվրամիության հարեւանության հարցերի հանձնակատար Մանը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կվկայի, որ հնարավոր է գործակցել՝ հակադրվելու փոխարեն: Ակնառու է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով մի շարք իրողությունները, գնաց մեկ այլ ճանապարհով՝ Հայաստանի ԵՏՄ անդամությունը դարձնել ոչ թե խնդիր, այլ հնարավորություն՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերության խորացման ու սերտացման համար:

Առաջին հայացքից դա թվում է պարադոքս, գործնականում անհնար մի բան, հատկապես նկատի ունենալով, որ ԵՏՄ լոկոմոտիվ Ռուսաստանը Եվրամիության հետ գտնվում է դիմակայության ռեժիմում, ու ԵՏՄ-ն էլ հենց դրա համար անհրաժեշտ գործիք է կամ դրանից բխող նախաձեռնություն:Մյուս կողմից, սակայն, Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է եւ եթե կարողանար, ապա չէր հայտնվի այնտեղ ընդհանրապես: Օբյեկտի՞վ եւ շահեկա՞ն է այնտեղ հայտնվելը Հայաստանի համար, թե ոչ, այստեղ իհարկե հնարավոր է բանավիճել, ընդ որում տնտեսական եւ քաղաքական առանձին դիտարկումներով: Բայց կա իրողություն, փաստ, եւ այն ժամանակից, երբ Հայաստանը կանգնել է այդ փաստի առաջ, գործոնների էական փոփոխություն խոշոր հաշվով տեղի չի էլ ունեցել: Ավելին, Հայաստանի 2017 թվականի խորհրդարանի ընտրությանը մասնակից որեւէ ուժ, բացառությամբ թերեւս խորհրդարան չանցած Ազատ դեմոկրատների, չի համարձակվել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը դիտարկել որպես նախընտրական քարոզչարշավի եւ դիրքավորման բարձրաձայն եւ առանցքային տարր:

Եվրամիությունը, հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական իրականությունը, փորձեց առաջնորդվել այլ մոտեցմամբ, ԵՏՄ-ն դիտարկելով արդեն ոչ թե խանգարող, այլ այսպես ասած օգնող հանգամանք: Հայաստան-ԵՄ հարաբերությունը գործնականում դիտարկվեց ոչ միայն երկկողմ տիրույթում, այլ թերեւս նաեւ առաջարկ ԵՏՄ-ին կամ Ռուսաստանին: Եվրամիությունը փաստացի Ռուսաստանին առաջարկեց Հայաստանի միջոցով ԵՏՄ միջազգային լեգիտիմություն, ինչն էլ թերեւս ընդունվեց:Ըստ այդմ, ԵՏՄ-ից դուրս գալու խնդիրը քաղաքական իմաստով վերածվում է մի կողմից «ոչ լեգիտիմ» նախաձեռնության, մյուս կողմից՝ Հայաստան-ԵՄ հարաբերության համար խնդրահարույց նախաձեռնության:

Հայաստան-ԵՄ հարաբերության՝ արդեն շրջանակային համաձայնագրով, ընդ որում իմպլեմենտացիայի կարեւորագույն խնդիր ունեցող համաձայնագրով ամրագրված հարաբերության համար ԵՏՄ-ից դուրս գալու հարցը դառնում է խնդիր, այն լուծում է ոչ թե ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարց, այլ հարվածի տակ է դնում Եվրամիության հետ Հայաստանի սահուն հարաբերության կառուցումը: Ուզենք, թե ոչ, դուր գա, թե ոչ, բայց այդ հարաբերությունը պետք է կառուցվի՝ հաշվի առնելով ԵՏՄ-ն:Իհարկե, այդ հանգամանքը նոր իրավիճակի մի ասպեկտն է միայն, որ տարածաշրջանային ու անգամ եվրասիական իմաստով առկա է Հայաստան-ԵՄ համաձայնագրով ձեւավորված նոր իրավիճակում:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Գործնականում, Սերժ Սարգսյանը կարողացավ իր նախագահության ավարտին, ու նաեւ հետնախագահական խնդրի մեկնարկին այսպես ասած ծածկել բաց թողած վերջին «անցքը», որտեղից Հայաստանում ոչիշխանական կամ ընդդիմադիր որեւէ ուժի համար կար արդիական քաղաքականության մուտք՝ եվրոպական ուղղությունը: Մնացյալ բոլոր ուղղություններով Սերժ Սարգսյանն իրավիճակը ծածկել էր վաղուց: Նա 2008-ից հետո կարողացավ քայլ առ քայլ քանդել հանրության հետ «չհասկացվածության պատը» եւ հետո արդեն քայլ առ քայլ շարել միջազգային ուժային կենտրոնների հետ «հասկացվածության պատը», որի վերջին քարը Եվրամիության հետ համաձայնագիրն էր:

Այդպիսով, Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի համար ստեղծվում է մի իրավիճակ, երբ չի մնում այլընտրանք, քան Սերժ Սարգսյանին թիրախ դիտարկելուց հրաժարումը: Որքան էլ դա բարդ է հոգեբանորեն, ինտելեկտուալ առումով, միեւնույն է՝ քաղաքական տեսանկյունից չի մնում դրան այլընտրանք, այն պարզ պատճառով, որ Սարգսյանը կարողացել է «պոկվել» եւ ընդդիմության համար զուտ քաղաքական-հայեցակարգային դիսկուրսի առումով դառնալ «անհասանելի»:Ընդդիմությանը մնացել է լոկ հնարավորինս աղմկոտ եւ էպոտաժային քննադատության մարտավարությունը, որն իր մեջ չի կարող պարունակել որեւէ ռազմավարական հեռանկար եւ Հայաստանում այլեւս սպառված գործիքակազմ է եւ ոճ:

Սերժ Սարգսյանը կարողացել է ստեղծել է մի վիճակ, նաեւ իհարկե իրենից անկախ մի շարք գործոնների, այդ թվում նաեւ ընդդիմության քաղաքական-հայեցակարգային անբավարար մրցունակության պատճառով, երբ հնարավոր չէ հակադրվել նրա քաղաքականության ներքին կամ արտաքին ուղղություններին, համարժեքությանը: Հնարավոր է միայն թիրախավորել դրանց ընթացքի արդյունավետությունը: Բայց խնդիրն այն է, որ դրա արդյունավետության համար էլ նախ պետք է քաղաքականապես միանալ այդ նախաձեռնություններին:Որոշակիորեն, Սարգսյանը ստեղծել է պատային իրավիճակ, քաղաքական մրցակիցներին գործնականում չթողնելով քայլի հնարավորություն: Բանն այն է, որ իրավիճակը Սերժ Սարգսյանի համար բացարձակապես չի եղել շահեկան, բայց նա կարողացավ ավելի լավ դասավորել քայլերը եւ քայլ առ քայլ հասցնել իրավիճակը պատի, երբ չունենալով դիրքային առավելություն, նա ապահովում է իր համար շահեկան ելք:

Հայաստանի ընդդիմությունը կանգնած է նոր իրավիճակի առաջ, եւ կա այդ իմաստով սկզբունքային, ու նաեւ իհարկե զգալիորեն կամային որոշումների կայացման անհրաժեշտություն, քանի որ նոր իրավիճակում որեւէ հեռանկար ունենալու համար առաջնային անհրաժեշտություններից մեկը հայհոյախառն աղմուկից, քաղաքա-գեղագիտական էպոտաժից եւ պոպուլիզմից հրաժարվելն ու երկարաժամկետ պլանավորման անցնելն է, որտեղ քաղաքական դիրքորոշումների ելակետը պետք է լինի ոչ թե իշխանության հանդեպ վերաբերմունքը, այլ պետությանն առնչվող որեւէ մարտահրավերի կամ հնարավորության համար անձնական պատասխանատվության զգացումը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache