Լրահոս

Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ մարտի 15-ին, հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների օրակարգին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ: «Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաեւ ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:

Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:

Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաեւ Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, եւ այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է նախագահ Պուտինը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար եւ նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, եւ բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, եւ բնականաբար, նախանշել համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի եւ հեռանկարի համար: «Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, եւ մեզ հաջողվել է ձեւավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ:

Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը:

Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը եւս կլինի բովանդակալից եւ կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում:

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara