Լրահոս

Սերժ Սարգսյանը հանձնեց մի դիրքը, հերթը մյուսինն է

 

Իրատես թերթը գրում է, թե Կարեն Կարապետյանը Տավուշ կատարած այցի ընթացքում ունեցել է այն «դրայվը», որը վերջին շրջանում լրագրողները, փորձագետները, ընդդիմադիր գործիչները համարում էին «կորած», դա գնահատելով իբրեւ վարչապետի պաշտոնից հեռանալու դատապարտվածության նշան:
«Դրայվի» վերադարձը Իրատեսը մեկնաբանում է Կարեն Կարապետյանի հետագա՝ 2018-ի ապրիլից հետո պաշտոնավարման խնդրի շուրջ հստակեցումով, որը գոհացնում է վարչապետին:
Կարեն Կարապետյանի ապագան նրա մոտ եղած «դրայվով» գնահատելը ճշգրիտ կարող է լինել թերեւս միայն հարաբերականորեն: Ավելին, եթե Կարապետյանի խնդրում կա հստակեցում դեպի մնալը, ապա այդ հանգամանքը «դրայվի» փոխարեն նրան պետք է դարձնի հենց ավելի մտահոգ: Որովհետեւ նրա ուսին է մնում վիճակի արդեն գործնականում ամբողջական պատասխանատվությունը: Իսկ վիճակը մեղմ ասած լավ չէ, որքան էլ վիճակագրությունը փորձում է ներկայացնել հակառակը:
Կարեն Կարապետյանն այժմ իհարկե քավության նոխազի կարգավիճակում է, թեկուզ պոտենցիալ, բայց մյուս կողմից բոլորը հասկանում են, որ որոշողը նա չէ: Բայց, վարչապետ մնալն արդյոք նշանակում է իրապես լինել որոշող, կամ դառնալ որոշող: Հազիվ թե: Համենայն դեպս, գոնե մինչեւ 2022 թվականը որոշողի խնդրում իշխանության մեջ լինելու է խիստ հարաբերական իրավիճակ: Փոխարենը, վիճակը հստակ է լինելու պատասխանատուի հարցում՝ լինելու է վարչապետը՝ Առաջին դեմքը, նախագահ այլեւս չկա:
Այդպիսով, Կարապետյանը չի լինի միանձնյա որոշող, բայց կլինի միանձնյա պատասխանատու: Այդտեղ ուրախանալու, դրայվի մեջ հայտնվելու առանձնապես մեծ պատճառ չկա, նկատի ունենալով այն համակարգը, որում Կարապետյանը, չլինելով գլխավոր որոշողը, լինելու է գլխավոր պատասխանատուն:
Շատ բան է կախված նրանից, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը: Կա տարբերակ, երբ Սարգսյանը հեռանալով նախագահի, այսինքն դե ֆակտո անմիջական պատասխանատուի պաշտոնից, Կարեն Կարապետյանին կտա կադրային հարցեր որոշելու լիարժեք ազատություն: Սարգսյանը գուցե ներկայում նրան այդ ազատությունը չի տալիս, հորդորելով սպասել մինչեւ կթողնի նախագահի պաշտոնը, այսինքն մինչեւ կավարտվի Սերժ Սարգսյանի ու իշխող համակարգի միջեւ «պայմանագիրը»:
Բայց, ամբողջ հարցն էլ հենց այն է, թե արդյոք պայմանագիրն ավարտվելու է: Եթե այո, ապա Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո իրավիճակն արդեն նոր է, Սարգսյանը չունի որեւէ սեգմենտի առաջ բարոյական կամ քաղաքական որեւէ պարտավորություն եւ հանգիստ կարող է ցույց տալ Կարեն Կարապետյանին ու ասել, թե որոշողը նա է, ինքն այլեւս չի որոշում ոչինչ:
Բայց դա թերեւս խիստ տեսական տարբերակ է, եւ Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի Կարապետյանին դիտարկում է որպես պատասխանատու, բայց ոչ որոշող: Այսինքն, Կարապետյանը խոշոր հաշվով կրկին մնալու է քավության նոխազ, եթե վարչապետ մնալուց հետո հնարավորինս արագ չվերցնի ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանը պարզորոշ մատնացույց արեց այդ մարտահրավերը, ասելով, որ կարեւոր չէ ով կլինի վարչապետը, որովհետեւ նա չի լինելու որոշողը:
Ըստ այդմ, Կարեն Կարապետյանի իրական ինդիկատորը կարող է լինել մտահոգությունը՝ որքան նա մտահոգ է, ուրեմն այդքան մեծ է նրա մնալու շանսը: Այլ հարց է, որ նրա ու Սերժ Սարգսյանի միջեւ պայմանավորվածության հաջորդ փուլն արդեն նաեւ կուսակցության հանձնումն է:
Թեեւ գործնականում սկզբունքը կամ մեխանիզմը, պատճառահետեւանքային այն կապը, որով Սերժ Սարգսյանը ստիպված է հանձնել վարչապետի պաշտոնը, ունիվերսալ է եւ կարող է լինել նաեւ կուսակցությունը հանձնելու առումով: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանի համար շոշափելիորեն կարող է բարձրանալ ներկուսակցական հեղաշրջման ռիսկը, քանի որ ՀՀԿ մեծամասնությունը որոշումը կայացնելու է գործնականում բիզնես տրամաբանությունից ելնելով: Իսկ այդ տրամաբանությանը առավել հոգեհարազատ է Կարեն Կարապետյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing