good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է իշխանությունը, թե…

 

mafia

hayeli.am —  Արդեն կասկած չի հարուցում, որ առաջիկա օրերին կհայտարարվի կառավարության ղեկավարի հրաժարականի մասին։ Ռուսաստանից Հայաստան է վերադառնում Գազպրոմբանկի փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն էլ կփոխարինի Հովիկ Աբրահամյանին։Կարապետյանը Հայռուսգազարդի ղեկավարն էր, ով հետագայում Երեւանի քաղաքապետ դարձավ Գագիկ Բեգլարյանի աղմկոտ հրաժարականից հետո։

Այնուհետև Կարապետյանն ինքնակամ եւ անսպասելի հրաժարական տվեց եւ մեկնեց Ռուսաստան՝ Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Հայտարարվեց, թե նա հեռացել է անձնական հանգամանքներից ելնելով, այդուհանդերձ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Կարապետյանը հեռանում է Ռուսաստան՝ վարչապետի պաշտոնին նախապատրաստվելու համար:

Ինչեւէ, արդեն մի քանի օր է մենք տեղեկանում եւ գրում ենք այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը քննարկվել է Հայաստանի եւ հատկապես մոսկովյան հայ օլիգարխիայի կողմից։ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պահանջը հենց այդ շրջանակներն են դարձրել օրակարգային՝ 2017-ի ընտրություններին ընդառաջ մեկնարկելով քաղաքական վերադասավորումների գործընթացը։ Այստեղ առանցքային դերակատարում է ունեցել «Տաշիր» գրուպի սեփականատեր, ռուսահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ Հայաստում անգամ ներքին քաղաքականության հարցերն ու կադրային փոփոխությունները կարգավորվում են բացառապես պաշտոնական Մոսկվայի՝ Վ. Պուտինի որոշմամբ, որտեղ կայուն դերակատարում ունի նույն Սավել Կարապետյանը։ Հայաստանում տարիներ շարունակ այս գործարարի խոշոր ներդրումները, փաստորեն, գին են ունեցել, նա այդ ներդրումներն իրականացրել է նպատակային, եւ թերեւս դրա արդյունքում է, որ հիմա նա կարողանում է քաղաքականություն թելադրել, որոշել, թե ով պետք է լինի վարչապետ, ով ոչ։ Միայն թե անհասկանալի է, թե ինչպես է Կարեն Կարապետյանը տանելու իր ուսերին դրվելիք ծանր բեռը։ Նա ինտելեկտուալ պաշտոնյա է, սակայն ոչ հայաստանյան քաղաքական մշակույթի կրող, նա մեր իրականության մեջ կարելի է ասել «օտար մարմին» է ու դժվար է պատկերացնել, թե ինչպես է կառավարելու։

Անհերքելի է, որ Հովիկ Աբրահամյանը ճկուն կողմնորոշվող եւ գործնական մարդ էր, որը ամբողջովին տիրապետում էր իրավիճակը, կարողանում շփվել մարդկանց հետ, սակայն անգամ այդ հատկանիշների առկայությունը բավարար չեղան, որպեսզի հստակ սահմանված քաղաքականության մեջ նա կարողանա ինչ որ բան փոխել։ Եւ վերջապես, Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը հանդիսանալու է իշխանության առաջին դեմքն ու պատերազմի իրավիճակում Գերագույն գլխավոր հրամանատարը:

2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, ՀՀԿ վերարտադրությունից հետո, որի հարցում գրեթե կասկածներ չկան, հաջորդ ինտրիգն այն է, թե ով է լինելու ՀՀԿ վարչապետի թեկնածուն: Ներկայումս Սերժ Սարգսյանի մրցակիցը Հովիկ Աբրահամյանն է ու վարկածներ կան, որ Կարեն Կարապետյանին բերելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ազատվել գլխավոր մրցակից, որ Կարապետյանը լինելու է անցումնային վարչապետ, որը փոխարինվելու է Սերժ Սարգսյանի պատրաստած կադրով։ Գաղտնիք չէ, որ ՀՀԿ երիտթեւում այդ պաշտոնի նկատմամբ մեծ հավակնություններ կան։ Միայն թե հարց է՝ հնարավոր լինելու՞ է Կարապետյանին հեռացնել վարչապետի պաշտոնից, արդյոք նա մի քանի ամսվա համար է Հայաստան վերադառնում, թե՞ Ռուսաստանը որոշում է Հայաստանի հաջորդ ղեկավարի հարցը։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանը հանձնո՞ւմ է իշխանությունը, թե ժամանակ շահում։

Անի Սահակյան

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing