Լրահոս

Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունը. Չի հավատում ոչ ոք

 

Կառավարության գործունեության, վարչապետի նշանակման տարեդարձի կապակցությամբ ծավալված խոսակցությունները նոր թափ հաղորդեցին Հայաստանի ներքաղաքական օրակարգի «գլխավոր» խնդրին՝ Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրին: Այդ ճակատագրի սցենարներից ամենաշատ դիտարկվողը նրա վարչապետության տարբերակն է, թեեւ կան իհարկե նաեւ այլ տարբերակներ: Իշխող ՀՀԿ-ն, որի ղեկավարն է Սարգսյանը, ընդհանրացնում է իրավիճակն ու հայտարարում, թե ինչ էլ լինի, ինչպես էլ լինի, Սերժ Սարգսյանը լինելու է ամեն ինչի գլխավորի դերում: Թե հատկապես ինչ կարգավիճակով, ոչ ոք չի ասում, որովհետեւ չգիտե:

Պարզապես, ելնելով իշխանության բնույթից, ավանդույթներից եւ պատկերացումներից, ոչ միայն ընդդիմության դաշտում, այլ նաեւ հենց իշխանության մեջ որեւէ մեկի մտքով չի անցնում, որ Սերժ Սարգսյանը կարող է կամովին հանձնել իշխանությունը, հանձնել գլխավոր դերը, կամ փոխել այդ դերը, բնույթը:

Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրությունից հետո ուղերձ հղելով նոր օրենսդիր մարմնի ամբիոնից, հայտարարեց, թե Սահմանադրությամբ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց խորությունը շատերը չեն էլ պատկերացնում:
Այլ կերպ ասած, ոչ ոք չի պատկերացնում ու հավատում, որ Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունը:
Իսկ նա իշխանությունը հանձնում է, թե ինչ կարգավիճակով, դա արդեն ստորադասվում է այդ գլխավոր խնդրին ու առանցքին:

Իհարկե, Սարգսյանն ինքը չի հայտարարում այդ մասին եւ ավելին, ասում է բաներ, որոնք թողնում են լիովին հակառակ եզրակացության հիմք: Ի վերջո, նա ինքն ամենից լավ գիտե, որ եթե հայտարարի իշխանությունը հանձնելու մասին, ապա համակարգը դա թույլ չի տա՝ դեռ չհանձնած նրանից ուղղակի կխլեն իշխանությունը:
Բանն այն է, որ Սարգսյանն իշխանությունը ոչ թե ինչ որ մեկին է հանձնում, այլ հանձնում է այսպես ասած «բնությանն» ու աշխարհքաղաքականությանը, ներսից լավագույնս պատկերացնելով, որ այլեւս հնարավոր չէ Հայաստանի իշխանությունը, իշխող համակարգը պահել այնպես, ինչպես անցնող մեկուկես-երկու տասնամյակում:
Սարգսյանը կառավարման նոր մոդելի ներդրմամբ ստեղծում է մի համակարգ, ներքին մի վիճակ, երբ բոլորը բոլորի դեմ են, բայց արդեն այսպես ասած բացահայտ եւ ինստիտուցիոնալացված տարբերակով: Կառավարման նոր մոդելը ձեւավորում է իրական իշխանության մի քանի թեւ: Ամեն ինչի համար մեկի պատասխանատվության փոխարեն ձեւավորվում է կոնկրետ իրողությունների համար կոնկրետ պատասխանատվության միջավայր:

Այդ միջավայրում առավել ճկուն եւ անկաշկանդ լինելու է նա, ով պատկերացնելու է այն փոփոխությունների խորությունը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը, կամ պատկերավոր ասած՝ ով հավատալու է, որ Սերժ Սարգսյանը հանձնել է իշխանությունը, եւ Հայաստանում այլեւս նոր իրավիճակ է եւ բոլորովին նոր իշխանության «փորված հիմք»: Սերժ Սարգսյանը «հին» իշխանությունը հանձնում է նաեւ հենց նորին հավակնելու համար:
Իսկ դա առայժմ պատկերացնում եւ դրան հավատում է առավելապես Սերժ Սարգսյանը, դատելով թե ընդդիմադիր, թե իշխանական, թե մերձ կամ ոչիշխանական քաղաքական միավորների պահվածքից: Սարգսյանին այդ տեսանկյունից ներկայում առավելագույնս մոտ է ՀՅԴ-ն: Իրավիճակը թերեւս պատկերացնում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց Սերժ Սարգսյանը չներեց այն, որ պատկերացնելով հանդերձ, ՀԱԿ-ը չաջակցեց Սահմանադրության փոփոխության գործընթացին:

Այդուհանդերձ, հանգամանքը, որ փոփոխության խորքային բնույթը պատկերացնողների եւ իշխանությունը հանձնելու Սերժ Սարգսյանի քայլին հավատացողների շրջանակը չափազանց փոքր է, բավական մեծ է պահում հավանականությունը, որ որոշակի փուլում տեղի կունենա ՀԱԿ քաղաքական «ռեաբիլիտացիա»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing