Սերժ Սարգսյանը հասկացավ, բայց արդեն ուշ է

3

lragir.am — Սերժ Սարգսյանի խոսնակն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի` մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ արտահայտությանը, եւ հարցին, թե ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը, արդյոք դա սպառնալիք էր, նշել է. «Ճիշտ հակառակը: Ցավում ենք, որ նորից փորձ է արվում հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Բաժանարար գծեր ստեղծելու դառը փորձ մենք ունենք ի դեմս 2008-ի հետընտրական զարգացումների, որը հաղթահարելու համար մեր հասարակությունից եւ իշխանություններից մեծ ջանքեր են պահանջվել: Հենց այդ դասերն է, որ իշխանությունը եւ հասարակության մեծամասնությունը քաղել է պատմությունից, որից հիմա պետք է ամեն գնով խուսափել: Այդ սխալ ճանապարհից պարոն Փաշինյանին երկրորդ անգամ զերծ պահելու համար էր երեկ հրապարակ գնացել հանրապետության նախագահը, եւ այդ նպատակով է այսօրվա հանդիպմանը նման հորդոր հնչեցրել երկրի վարչապետը:

Հանրապետության վարչապետը բաց է մնում իրական երկխոսություն ծավալելու հարցում եւ ներկայում էլ չեն դադարում այդ ուղղությամբ ջանքերը», ասել է նա:

Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը փաստացի սպառնացել էր ցուցարարներին, մեղադրել ուլտիմատումների մեջ եւ լքել հանդիպումը, որից հետո ձերբակալել են Նիկոլին ու այլ պատգամավորների, ջարդել խաղաղ երթի մասնակիցներին:

Դրանից հետո կոշտ հայտարարություններ են արել Հայաստանում Եվրամիության երկրների դեսպաններն ու Եվրամիության ներկայացուցիչը, պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին:

Բացի այդ, դեսպանների հայտարարության մեջ կա էական մի պահ՝ կապված բանակցության հետ. «Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն, ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով»:

Բանակցության թեման առանցքայինն է նաեւ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:

Եվ ահա, Սարգսյանի խոսնակը փորձում է մեղմել իրավիճակը եւ հայտարարում, թե վարչապետը բաց է իրական երկխոսության համար: Դժվար է ասել՝ տասնյակ հազարավոր ցուցարարների համառությունն ու վճռականությունն է նրա վրա ազդել, թե Եվրամիության ու ԱՄՆ հայտարարությունները, բայց երեւում է արդեն ուշ է:

Բանն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն այլեւս չի կարող լինել բանակցող կողմ: Իսկ բանակցության թեման Սերժ Սարգսյանի հրաժարականն է:

Ինչպես նշում են քաղաքագետները, ներկայում իշխանությունից ժողովրդի ներկայացուցիչների հետ միակ բանակցող կողմ կարող է լինել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, այն առումով, որ նրա վրա դրվում է ահռելի սահմանադրական առաքելություն՝ իշխանության վերադարձը ժողովրդին եւ Սերժ Սարգսյանի գործողությունների գնահատականը: Գասպարյանն այս առումով դառնում է Հայաստանի միակ լեգիտիմ պաշտոնյան ու միաժամանակ այս գործընթացի պատասխանատուն:

Ես Վովա Գասպարյանն եմ, ներքաղաքական լարված հանգրվաններից մեկին հայտարարել էր ոստիկանապետը: Ահա այն պահը, երբ դա կերեւա առարկայորեն:

Մինչ այդ, լուսանկարից երեւում է, որ Նիկոլի հետ հանդիպումը լքելուց հետո Սերժ Սարգսյանը չէր պատկերացնում, թե ինչ կարող է լինել: Նույնիսկ իր ուղեկիցների մռայլ դեմքերն այդ պահին նրան ոչ մի բան չեն հուշել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache