Լրահոս

Սերժ Սարգսյանը հեռացնում է մրցակցին

 

1439828020-5731

1in.am – Այսպիսով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը արդեն գործնականում կայացած փաստ է, և խնդիրն այն է, թե որ օրը դրա մասին կհայտարարվի:

Կառավարությունը նույնիսկ չի էլ փորձում հերքել Հովիկ Աբրահամյանի հեռացման մասին տեղեկությունները: Նաև կարծես թե չեն հերքվում տեղեկությունները, որ նրան փոխարինելու է Կարեն Կարապետյանը՝ Երևանի նախկին քաղաքապետն ու «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրենը, որը տնօրենի տեղակալի բարձր պաշտոն էր զբաղեցնում «Գազպրոմի» համակարգերից մեկում:

Վարչապետի կամ կառավարության փոփոխությունը ըստ էության հարկ է դիտարկել երկու զուգահեռ կոնտեքստներում: Մեկը՝ հասարակական և պետական շահի, մյուսը՝ ներիշխանական վերադասավորումների, հարաբերությունների պարզաբանման, ներիշխանական դիմակայությունների:

Ի՞նչ կտա վարչապետի և կառավարության փոփոխությունը հասարակական-պետական շահերի կոնտեքստում: Ինչ-որ փոփոխություններ տնտեսական քաղաքականության, մոտեցումների, նաև արդյունքների, քայլերի իմաստով երևի թե պետք է սպասել, քանի որ դա իշխող համակարգին անհրաժեշտ է հասարակության վրա նախընտրական տպավորություն թողնելու համար, քանի որ դժգոհությունն այնքան մեծ է, միաժամանակ այնքան մեծ է միջազգային ուշադրությունը, որ դժվար կլինի վերարտադրությունն իրականացնել ավանդական մեխանիզմներով:

Եվ այս իմաստով, իհարկե, նոր կառավարության գործունեության տեսանկյունից մինչև խորհրդարանական ընտրություններ ընկած ժամանակահատվածն ըստ էության չի կարող լինել «դիտարկման» ժամանակագոտի, քանի որ այն խաբուսիկ է, և առանցքային հարցը դառնում է այն, թե այդ կառավարությունը նախ ինչքանով է պահպանվելու 2017-ի ընտրություններից հետո, և ինչպես է գործելու ընտրություններից հետո, երբ արդեն հետևում մնացած լինի ընտրական փուլը՝ եթե այն հաջողվի իրականացնել հնարավորինս անաղմուկ:

Այսինքն՝ այն, ինչ կանի կառավարությունը մինչև 2017 թվականը՝ հասարակական-պետական շահերի տեսանկյունից, իհարկե՝ կլինի ողջունելի, սակայն չի կարող լինել համոզիչ կամ վստահելի: Իրական գնահատականների ելակետը կլինեն հետընտրական գործողությունները՝ այդ կամ արդեն նոր կառավարության:

Ինչ վերաբերում է մյուս զուգահեռին՝ ներիշխանական մոտիվներին, ապա այստեղ ակնհայտ է, որ առանցքայինը Հովիկ Աբրահամյանի չեզոքացումն է: Աբրահամյանը Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցնելու գլխավոր ժառանգորդն էր, բայց ամբողջ խնդիրն այն էր, որ նա իշխանությունը չի կարող այլ կերպ վերցնել, քան ուղղակի զոհաբերելով Սերժ Սարգսյանին: Սահուն փոխանցման տարբերակը բացառվում էր, քանի որ դա կառաջացներ հասարակական ոչ պակաս դժգոհություն, քան Սերժ Սարգսյանի հանդեպ է, քանի որ Հովիկ Աբրահամյանի հանրային վարկանիշը, մեղմ ասած, ավելին չէ: Սա նշանակում է, որ Աբրահամյանի ժառանգորդությունը համակարգային տեսանկյունից նպատակահարմար չէր, այն բարդացնում էր վերարտադրության գործընթացը:

Մյուս կողմից՝ իշխանությունը ժառանգելու իր հավակնությունն իրացնելու համար Հովիկ Աբրահամյանը պետք է գնար քայլերի, որոնք կառանձնացնեին իրեն Սերժ Սարգսյանից, և որոնց վերջին ակորդը պետք է լիներ արդեն Սերժ Սարգսյանին գահընկեց անելը: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի համար Հովիկ Աբրահամյանը դառնում էր արդեն լուրջ մրցակից:

Դժվար է, իհարկե, ասել, թե վարչապետի պաշտոնից դուրս որքանով է նա դադարում լինել այդպիսին, սակայն որ վարչապետի պաշտոնը չափազանց կարևոր ռեսուրս էր, որից Աբրահամյանը զրկվում է, կասկածից վեր է:



Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing