Սերժ Սարգսյանը հեռացնում է վարչապետին՝ թիրախի՞ց, թե՞ պաշտոնից

1

1in.am — Թանկացումների դեմ բողոքի երթ անցկացնելու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն առիթ ունեցել ենք գնահատելու որպես հետխորհրդարանական քաղաքական, այսպես ասած, ընդդիմադիր օրակարգի եզակի ադեկվատ քայլերից մեկը, որը, սակայն, ամբողջականանալու համար դեռևս պետք է պատասխանի մի քանի հարցերի: Հարցերի մի մասն էլ անկասկած «Ծառուկյան» դաշինքի տիրույթում է, քանի որ «Ելք»-ի նախաձեռնությունը ոչ միայն իշխանությանն է մարտահրավեր, այլ նաև խորհրդարանում ընդդիմության կարգավիճակ վերցրած և այդ հռետորաբանության դիրքում ամրացած «Ծառուկյան» դաշինքի համար:

Իրավիճակը որոշակիորեն փոխվում է նախօրեին թանկացումների թեմայով Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո: Բանն այն է, որ այդ խորհրդակցությամբ Սերժ Սարգսյանը ըստ էության կատարեց որոշակի կանխարգելիչ քայլ՝ իր վրա վերցնելով հարվածը, որը թվում է, ըստ տրամաբանության, պետք է ուղղվեր վարչապետին: Ինչո՞ւ գնաց Սարգսյանն այդ քայլին՝ առայժմ դժվար է նշմարել:

Իրավիճակը բավական նման է 2014-ի ապրիլին, երբ դարձյալ հայտարարվեց սոցիալական վատ վիճակի պատճառով կառավարության դեմ բողոքի զանգվածային և փողոցային ակցիաներ սկսելու մտադրության մասին, իհարկե՝ այն ժամանակ անհամեմատ ավելի հոծ և ուժեղ ոչ իշխանական բևեռով՝ ԲՀԿ գլխավորությամբ: Մինչ կսկսվեին այդ ակցիաները, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց վարչապետին՝ այդպիսով իմաստազրկելով ակցիան, իմաստազրկելով ընդդիմության փողոց դուրս գալը:

Նախօրեին Սերժ Սարգսյանը դարձյալ կանխարգելիչ քայլ արեց, որը, սակայն, ավելի բազմիմաստ է: Բանն այն է, որ այդ քայլը հնարավոր է մի կողմից՝ վարչապետի դե ֆակտո պաշտոնանկություն, մյուս կողմից հակառակը՝ պաշտպանություն բնորոշել: Այսպես, Սարգսյանը Կարապետյանի արձակուրդի պայմաններում խորհրդակցություն է անցկացնում թանկացումների դեմ՝ կարծես թե այդպիսով ցույց տալով վարչապետի «անգործունակությունը» և ակնարկելով, որ դե ֆակտո մի կողմ է մղել նրան: Մյուս կողմից՝ Սարգսյանը, խորհրդակցությունն անցկացնելով, իր վրա է վերցնում գնաճի և թանկացումների համար պատասխանատվությունը՝ այդպիսով վարչապետին հանելով թիրախավորումից:

Այդպիսով հարց է առաջանում՝ Սարգսյանը վարչապետին թիրախավորումից հանել է, որովհետև հանում է նաև այդ պաշտոնի՞ց՝ ուշ թե շուտ, թե՞ Սարգսյանը, այսպես ասած, օգնում է Կարապետյանին ավելի լավ հանգստանալ, փաստորեն զբաղվելով նրա գործով:

Այս իրավիճակն էլ երկիմաստ վիճակ է ստեղծում, այսպես ասած, դրսում, առաջին հերթին «Ծառուկյան» դաշինքի պահվածքի մասով: Իսկ Սարգսյանի խնդիրը նվազագույնն այս փուլում «Ծառուկյան»-«Ելք» դաշինքային որևէ մերձեցում թույլ չտալն է, առաջին հերթին այն պատճառով, որ դա կարող է, այսպես ասած, մանևրի կամ մանիպուլյացիաների դաշտ ստեղծել իշխող համակարգի ներսում բաժանարար գծերի տարբեր կողմերում կանգնած թևերի համար՝ Սարգսյանին դնելով ավելորդ փոխզիջումներ փնտրելու անհրաժեշտության առաջ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache