Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժը

203

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է օգոստոսի 17-ի հանրահավաքում նրա ելույթից հետո տված հարցը: Խոսքը վերաբերում է Արցախի տարածքների հանձնման մասին հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «հող հանձնելու» մասին իրեն վերագրվող մեղադրանքին, որ այդ օրերին աշխուժորեն փորձում էին շրջանառել Ռոբերտ Քոչարյանի թիմն ու նաեւ նրան աջակցող ՀՀԿ-ականներ, հանրահավաքում հայտարարել էր, թե այդ մեղադրանքը փորձում են տարածել մարդիկ, որոնք իրենք են բանակցել «հող հանձնելու» շուրջ:

Արմեն Աշոտյանն էլ Նիկոլ Փաշինյանին էր դիմել ներկայացնելու, թե ո՞րն է այդ հայտարարության հիմքը, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ստանձնելով պետության Առաջին դեմքի պարտականությունն ու ծանոթանալով բանակցային գործընթացի ամբողջ փաթեթին, կարող է անել այդպիսի հայտարարություն:

Փաշինյանն Արմեն Աշոտյանին ասել էր, որ պետական շահից ելնելով չի կարող հրապարակել այդ փաստաթղթերը, բայց Աշոտյանը կարող է պարզել Սերժ Սարգսյանի հետ զրույցի միջոցով:

Արմեն Աշոտյանը խորհրդարանում սեպտեմբերի 12-ին հայտարարել է, որ Սարգսյանի հետ զրուցել է, նա էլ ասել է, որ բանակցային գործընթացի առանցքում եղել է Արցախի կարգավիճակի հարցը: Արմեն Աշոտյանը դարձյալ դիմել է Նիկոլ Փաշինյանին, նույն հարցով: Փաշինյանը ասել է, որ վախենում է հրապարակել ամբողջ ճշմարտությունը գործընթացի նախկին բովանդակության մասին, որովհետեւ դրանից հետո Արմեն Աշոտյանը կարող է ունենալ հոգեբանական օգնության կարիք: Նա կրկնել է, որ չի եղել Արցախի կարգավիճակի մասին որեւէ խոսք, այն փաստաթղթում, որ ինքը ստացել է ժառանգություն նախկինից:

Բայց Փաշինյանն ասել է նաեւ, թե կգա ժամանակը, եւ ինքը կհրապարակի այդ ճմշարտությունը, բայց ինքը կորոշի, թե երբ:

Մինչ Արմեն Աշոտյանն այդ թեմայով բանավիճում է Նիկոլ Փաշինյանի հետ, Սերժ Սարգսյանը հրապարակել է պետք եղածը, կամ համենայն դեպս շատ բան:

Նա այդ բանն արել է 2016 թվականի ապրիլի վերջին, Բլումերգ գործակալությանը քառօրյա պատերազմից շաբաթներ անց տված հարցազրույցում, խոսելով Կազանի պլանի մասին եւ ասելով, որ ինքը պատրաստ էր ստորագրել այն, սակայն վստահ էր, տեսնում էր, որ Ալիեւը պատրաստ չէ:

Սարգսյանը ասել է նաեւ, թե որն էր Կազանի բովանդակությունը. «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն այդ փաստաթուղթը ստորագրելուց, մինչև ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»:

Ահա այն, ինչ փաստորեն պատրաստ էր ստորագրել Սերժ Սարգսյանը, եւ կամ առնվազն բանակցել է դրա շուրջ եւ հասցրել ստորագրման: Փաստացի ստացվում է, որ Սարգսյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ Արցախը ստանում էր ընդամենը միջանկյալ կարգավիճակ՝ անհայտ, անորոշ է, թե ինչքան ժամկետով, իսկ ահա Ադրբեջանը ստանում էր 5 շրջան եւ բնակչության հետ վերադարձ, խաղաղապահների երաշխիքով:

Բանակցե՞լ է Սերժ Սարգսյանը դրանից հետո որեւէ այլ պլան: Դրա մասին տեղեկություն չկա, բայց փոխարենը կա Սարգսյանի խոստովանությունը, որ նա բանակցել է մի գործընթացի շուրջ՝ ընդ որում ստորագրելու պատրաստակամությամբ, որը չի ենթադրել կարգավիճակի հստակեցում:

Եվ այն, որ Սերժ Սարգսյանը դրա մասին խոստովանել է ապրիլյան քառօրյայից հետո միայն, հուշում է, որ մինչ այդ հայկական կողմը ամենեւին չի ստացել ավելի լավ տարբերակ, այլապես Սարգսյանն ավելի շուտ «գրողի ծոցը» կուղարկեր ավելի վատը: Իսկ Կազանի պլանը բացահայտելով, նա փաստացի արեց հենց դա, օգտվելով Հայաստանի զինված ուժերի եւ հանրության միասնական ջանքից, որով ապրիլյան քառօրյայում հետ մղվեց Արցախի դեմ գրոհն ու Սարգսյանին այդպիսով հնարավորություն տրվեց փաստորեն հրաժարվել զանազան պլաններից, որի կապակցությամբ հայտնել էր ստորագրելու պատրաստակամություն:

Դա չի նշանակում, որ Սարգսյանը մեծ ցանկությամբ էր ստորագրելու դրանք: Նա թերեւս պատրաստ էր ստորագրել ստիպված, կամ ավելի շուտ ակնկալում էր, որ բանը դրան չի հասնի, ամենատարբեր հանգամանքների եւ պատճառների բերումով: Սակայն ապրիլյան քառօրյան էլ ցույց տվեց, որ բանն այդպիսի մարտավարության դեպքում կարող է հասնել պատերազմի՝ միջազգայնորեն լեգիտիմ պատերազմի, որ թեկուզ չորս օր ժամկետով, բայց ունեցավ Ադրբեջանը, իրականացնելով միջազգայնորեն անպատիժ ագրեսիա:

Սարգսյանին փրկեցին զինուժն ու հանրությունը, կամավորական ջանքով ու պատրաստակամությամբ, միասնականությամբ, մի կողմ դնելով ներքին քաղաքական բաժանարար գծերը:

Դրանից հետո Սերժ Սարգսյանը կարողացավ օգտագործել պահն ու գոնե արեց նվազագույնը՝ հրաժարվեց «ստորագրություններից», իհարկե թեկուզ խոստման տեսքով, ինչը սակայն գործնականում Դամոկլեսյան սուր էր հայկական կողմի քաղաքական դիրքերի վրա: Իհարկե հանուն արդարության պետք է նկատել, որ Սարգսյանն էլ ժառանգել էր այդ սուրը:

Միեւնույն ժամանակ, այս դեպքում թերեւս ի պատիվ նրա, նա ընտրեց նաեւ այդ խնդրից ավելի երկարաժամկետ ազատվելու՝ իշխանությունը հանձնելու տարբերակը՝ իհարկե հանրության «օգնությամբ»: Ադ տարբերակը, Հայաստանում թավշյա հեղափոխությամբ նոր իրավիճակի ձեւավորումը Հայաստանի համար նախկին «ստորագրություններից» ավելի հիմնարար եւ կոնցեպտուալ կերպով հրաժարվելու նոր հնարավորություն է, որն օգտագործելու ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը գոնե առայժմ կատարում է համարժեք քայլեր:

Հարցն այն է, թե ինչու են Սերժ Սարգսյանի կուսակիցները փորձում այդ ճանապարհին ստեղծել խոչընդոտներ: Մյուս կողմից, նրանք խոշոր առումով իշխանությունը կորցնելու համար չեն ներել Սերժ Սարգսյանին, պարզապես այլեւս չկա նրանից վրեժխնդիր լինելու հնարավորություն, ստիպված են դա անել Նիկոլ Փաշինյանից: Չէ որ Սարգսյանն ասել էր, որ Փաշինյանը ճիշտ էր:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache