Սերժ Սարգսյանը հունից հանեց Տարոն Մարգարյանին

0

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնվեց հանրային հերթական աղմուկի կենտրոնում, այս անգամ ոչ թե կոյուղու, այլ նվեր քարտերի առիթով: Մարտի 8-ի առիթով Տարոն Մարգարյանի անունից դրամական նվեր քարտեր են տրամադրվել Երեւանի Ավագանու եւ քաղաքապետարանի կին աշխատակիցներին՝ յուրաքանչյուրին կարծես թե 20 հազար դրամ արժողության: Տրամադրվել են բոլորին, բացի Ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության հայտնի երեք կանանցից:Քաղաքապետարանը պարզաբանել է, թե դա ոչ թե կոյաջրի հայտնի պատմության հետ կապված քինոտ խտրականություն էր նրանց հանդեպ, այլ պարզապես մի քանի անգամ փորձել են տալ նվեր քարտը՝ նրանք չեն եղել իրենց աշխատասենյակում:

Բացատրությունն անշուշտ մեղմ ասած թույլ է, որովհետեւ ցանկության դեպքում հնարավոր էր գտնել այդ քարտը տեղ հասցնելու, ինչպես Մեծ Կոմբինատորը կասեր, օրինական 400 տարբերակ:Ի վերջո, դա պետք է որ անհրաժեշտ լիներ հենց Տարոն Մարգարյանին, քինախնդիր չներկայանալու համար: Թեեւ, դա գուցե նրան չի հետաքրքրել եւ Մարգարյանը համարել է, որ ավելի կարեւոր է ոչ թե հանրության, այլ այն շրջանակի կարծիքը, որի վրա կառուցված է Մարգարյանի ներիշխանական գործոնն ու որի մի խումբ ներկայացուցիչներ նրան փորձեցին պաշտպանել «ահաբեկությունից»՝ բռնություն կիրառելով Ավագանու նիստում, երբ արդեն ակնհայտ էր, որ «ահաբեկությունը» թափվել էր գետին եւ այլեւս չկար սպառնալիք:Այդ տեսանկյունից, Երեւանի քաղաքապետի վարքագիծը հասկանալիության, պրագմատիզմի շրջանակում է:Այստեղ խնդիրը ամենեւին այն չէ, թե ինչու Երեւանի քաղաքապետի անունից հանձնվող նվերներից բաժին չի հասել Երկիր Ծիրանիին: Առավել եւս, որ Ծիրանին դրանք չէր էլ վերցնելու, եւ չտալը Մարգարյանի քայլի պրագմատիզմի մյուս կեսն է՝ ինչու նվիրել, որպեսզի նրանք էլ հրապարակավ հրաժարվեն ու քաղաքական միավոր հավաքեն Մարգարյանի շռայլության հաշվին:Բուն խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետը Ավագանու եւ քաղաքապետարանի կանանց Մարտի 8-ի առիթով նվերներ է անում Երեւան հիմնադրամից, որը կարծես թե ստեղծված է բոլորովին այլ կարիքների եւ խնդիրների լուծման համար:Ավելին, որքան հայտնի է, համենայն դեպս քաղաքապետի դեռեւս նախորդ ընտրությունից, Տարոն Մարգարյանը դոլարային միլիոնատեր է: Այդ հարցը բարձրացնում էր Հայ ազգային կոնգրեսը: Մարգարյանը թերեւս կարող է իրեն թույլ տալ Ավագանու եւ քաղաքապետարանի կանանց հաճելի անակնկալ մատուցել իր անձնական միջոցների հաշվին, ոչ թե Երեւան հիմնադրամի, որը պետք է ծառայի Երեւանին, ու ոչ թե Տարոն Մարգարյանի PR-ին:

Կանանց  նվեր անելը անկասկած Աստվածահաճո գործ է, բայց նվեր պետք է անել կամ Երեւան հիմնադրամի բոլոր նվիրատուների անունից, կամ եթե դա արվում է քաղաքապետի անունից, ապա պետք է նվեր անել սեփական միջոցներից: Հատկապես որ դրանք քիչ չեն:Իհարկե, բոլորովին այլ հարց է, որ Ավագանու անդամին տրվող նվերը պետք է լինի խորհրդանշական, ոչ թե ֆինանսական, որովհետեւ այստեղ արդեն իրավիճակը տոնական տրամադրությունից կարող է սահուն անցում կատարել կոռուպցիոն ռիսկի:

Տարոն Մարգարյանը Մարտի 8-ի առիթով հայտնվեց մեղմ ասած տոնի եւ կոռուպցիայի սահմանին, թեեւ Հայաստանի իշխող համակարգի համար երեւի թե վաղուց առկա է ենթագիտակցական սկզբունքը՝ կոռուպցիան տոն է, որը միշտ մեզ հետ է:Բոլոր դեպքերում, նկատելի է, որ Մարգարյանը մի սխալի հետեւից գործում է մյուսը, որին նրան այս անգամ անուղղակի, սակայն դե ֆակտո «դրդում» է Երկիր Ծիրանին, կամ ավելի շուտ Սերժ Սարգսյանը, որի «անգործության» կամ թողտվության պարագայում է Երկիր Ծիրանին հայտնվել Ավագանում, քանի որ դա կանխելն իշխանության համար տեխնիկայի հարց էր:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը շարունակում է անուղղակիորեն, հեռակա կարգով, բայց պարբերաբար հունից հանել Տարոն Մարգարյանին, նրան դնելով այնպիսի իրավիճակների առաջ, որ գրեթե ցանկացած քայլ բերում է հանրային աղմուկի: Սարգսյանի համար այդ իրավիճակը զուգահեռ երկու խնդրի լուծման տարբերակ է՝ մի կողմից Տարոն Մարգարյանի համար բավական բարդացնելով 2021 թվականի քաղաքապետի ընտրությունը, երբ նա արդյունքի առումով ավելի կախված կլինի Սերժ Սարգսյանից, մյուս կողմից էլ զուգահեռ ոչ միայն սահմանափակել, այլ նվազեցնել նրա ներհամակարգային «համապետական» հավակնությունները, որոնք Սարգսյանը Մարգարյանի մոտ արձանագրել է շատ ավելի վաղ:



Загрузка...