Լրահոս

Սերժ Սարգսյանը կասկածում է, որ ՀՀԿ-ն կհաղթի

 

Մոսկվա այցից առաջ Սերժ Սարգսյանն իսպանական EFE ռադիոկայանին հարցազրույց է տվել եւ խոսելով իր քաղաքական ապագայի մասին՝ հայտարարել է, որ կցանկանար իր կուսակցությունը հաղթեր խորհրդարանական ընտրություններում:

«Այդ դեպքում, վստահ եղեք, վարչապետի պաշտոնում կառաջադրվի գործող վարչապետը», ասել էր նա:Սերժ Սարգսյանի հայտարարությունում առանցքային կարող է լինել «եթե մեր կուսակցությունը հաղթի ընտրություններում» նախադասությունը:Սերժ Սարգսյանը կասկածո՞ւմ է, որ ՀՀԿ-ն կհաղթի: Թե՞ նա չի ցանկանում այդ հաղթանակը, որ ստիպված չլինի ոչ իր թեկնածուին՝ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, նշանակել վարչապետ:

Սերժ Սարգսյանը ծանրակշիռ հիմքեր ունի ՀՀԿ-ի հաղթանակին «կասկածելու» համար: Ընտրություններից առաջ երկու սոցիոլոգիական ծառայություններ՝ Գելափը եւ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, հարցումներ են անցկացրել, ըստ որոնց՝ Ծառուկյան դաշինքը կստանա 26 %, իսկ ՀՀԿ-ն՝ 17-22 %: Ճիշտ է, հարցումները պարզել են, որ ընտրողների երրորդ մասը չի կողմնորոշվել, այնուամենայնիվ, հասարակությանը թերեւս պատրաստում են այն տարբերակին, եթե ՀՀԿ-ն չստանա ձայների մեծամասնությունը եւ ստիպված կլինի կոալիցիա մտնել:

Ու՞մ հետ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ն: Իհարկե, Ծառուկյանի դաշինքի հետ, որին Սերժ Սարգսյանը «մեծահոգաբար» թույլ է տվել վերադառնալ քաղաքականություն: Կոալիցիայի դեպքում վարչապետի հարցը ոչ թե ՀՀԿ-ն է լուծելու, այլ Սարգսյանն ու Ծառուկյանը: Այդ դեպքում վարչապետ կարող է լինել ով ասես, անգամ Սարգսյանը, որին Ծառուկյանը նախընտրական փուլում թույլ չի տալիս քննադատել ու «քաղաքականացնել»:

Այսպիսի զարգացումը հավանական է՝ ելնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունից: Առավել եւս, որ ինքը չի մասնակցում նախընտրական արշավին՝ կարծես թե ՀՀԿ-ին հնարավորություն տալով «ինքնուրույն» մեծամասնություն ստանալ:Ռեյթինգային համակարգը միմյանց դեմ է հանել ՀՀԿ թեկնածուներին, եւ կուսակցությունը, ինչպես նշում են, փորձագետները, բաժանված է մի քանի մասի՝ Կարեն Կարապետյանի կողմնակիցներ, Սերժ Սարգսյանի թիմ եւ հին ու բարի օլիգարխներ:Այդ վիճակում ՀՀԿ-ն կարող է առաջինը լինել ձայների թվով, սակայն չհաղթել:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing