good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանը կհրաժարվի՞ քննարկումներից. ի՞նչ կանեն Իսկանդերը

 

arm147436121713

lragir.am — Նախորդ շաբաթավերջին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ Վեհաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին՝ Սիրիայում մարդասիրական աղետի հետագա ծավալումը կանխարգելելուն ուղղված ջանքի համար, եւ հայտարարել, որ քննարկվում է մարդասիրական առաքելությունում Հայաստանի եւ Սիրիայի հայ համայնքի ներգրավման հնարավորությունը:
Մինչ Սարգսյանի ելույթը, նախորդ շաբաթվա սկզբին ազդարարվել էր Սիրիայում հրադադարի վերաբերյալ ամերիկա-ռուսական համաձայնության մասին:
Ընթացիկ շաբաթը մեկնարկում է այդ հրադադրի չեղարկման մասին հայտարարություններով: ԱՄՆ եւ Ռուսաստանը մեղադրում են միմյանց պայմանավորվածությանը հավատարիմ չլինելու համար: Հրադադարը այլեւս փաստացի չի պահպանվում եւ պարզ չէ, թե արդյոք կհաջողվի «փրկել» ամերիկա-ռուսական համաձայնությունը:
Այդ իրավիճակում հարց է առաջ գալիս, թե արդյոք Հայաստանը շարունակում է մարդասիրական առաքելության հարցում Հայաստանի եւ Սիրիայի հայ համայնքի ներգրավման շուրջ քննարկումները, որոնք նախորդ շաբաթվա վերջին ազդարարել էր Սերժ Սարգսյանն ԱՊՀ Վեհաժողովում:
Մանրամասներ, թե ում հետ եւ ինչ էր քննարկում Հայաստանը, հայտնի չեն: Բայց նախորդ շաբաթավերջին իրավիճակն այլ էր, ներկայում՝ այլ: Ըստ այդմ հարց է առաջ գալիս, թե արդյոք Հայաստանը վերանայելու է այն, ինչի մասին խոսել էր Սարգսյանը նախորդ շաբաթ: Որովհետեւ հայկական ներգրավվածությունը մի բան է, երբ Սիրիայի հարցում կա հրադադարի եւ իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ ամերիկա-ռուսական կայուն համաձայնություն, եւ մեկ այլ բան է, երբ դիմակայությունը վերսկսվում է, եւ շարունակվում են մարտական գործողությունները:
Սիրիայի հայկական համայնքն առանց այդ էլ թիրախ է այդ գործողություններում: Դրանց շարունակության պայմաններում որեւէ առաքելության մեջ ներգրավումը պարունակում է այդ «թիրախն» առավել տեսանելի «վայր» դուրս բերելու մեծ ռիսկ:
Միեւնույն ժամանակ, այդ զարգացումների ֆոնին ուշագրավ էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ուղերձը Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առիթով, որում Քերին հատուկ ընդգծել էր, որ «մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում ունեցած առաջատար դերակատարումը»:
Արդյոք դա ակնարկ էր Հայաստանին, որ այն, ինչ կա, գնահատելի է, ասել է թե` բավարար, եւ պետք չէ ստանձնել եղածից ավելի դեր: Արդյոք Ռուսաստանը Հայաստանին ինչ որ դեր է առաջարկում Սիրիայում, եւ ԱՄՆ պետքարտուղար Քերին անկախության տոնի առիթն օգտագործում է Հայաստանին ակնարկելու համար, որ պետք է ցուցաբերել ինքնիշխանություն եւ զերծ մնալ այդ առաջարկն ընդունելուց:
Առաջիկայում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մտադիր է կազմակերպել Վեհաժողով՝ միգրացիայի խնդիրների քննարկման համար: Այն տեղի է ունենալու ԱՄՆ-ում: Հոկտեմբերին Նահանգներ է մեկնելու նաեւ Սերժ Սարգսյանը, որտեղ նա մասնակցելու է Նյու Յորքում կազմակերպվող ներդրումային ֆորումին: Կազմակերպիչը Հայաստանի կառավարությունն ու ասիական զարգացման բանկն են:
Հնարավո՞ր է Սերժ Սարգսյանի մասնակցությունն Օբամայի կազմակերպած Վեհաժողովին: Արդյոք հայկական կողմն այդտեղ կփորձի բարձրացնել Հայաստանում ապաստան ստացած մոտ երկու տասնյակ հազար սիրիահայերի աջակցության մեխանիզմների հարց:
Արդյոք դրա դիմաց Հայաստանին որեւէ նոր առաջարկ ունի ԱՄՆ, թե՞ Հայաստանն է փորձում Ռուսաստանի հետ նոր դերի քննարկումը դարձնել Հայաստանում ապաստանած սիրիահայության համար աջակցության շուրջ ԱՄՆ հետ քննարկումների խաղաքարտ:
Իսկ կարո՞ղ էր արդյոք Հայաստանի որեւէ նոր դերակատարման առաջարկը ձեւավորված լինել ամերիկա-ռուսական համաձայնության փաթեթում, եւ հետեւաբար «ուժը կորցներ» այդ համաձայնության տապալմանը զուգահեռ:
Հետաքրքիր է, որ այդ զարգացումներին զուգահեռ կիսապաշտոնապես ազդարարվեց, որ Հայաստանում տեղակայված է Իսկանդեր համակարգ, ինչն օպերատիվ-մարտավարական հեռահար զինատեսակ է, որի տեղակայումը ենթակա է քաղաքական խորհրդակցությունների: Իսկանդերի մասին պաշտոնապես հայտարարված չէ, չնայած մամուլում աշխույժ շրջանառվող տեղեկություններին, դրանց պաշտոնական հաստատում դեռեւս չկա: Ակնհայտ է, որ Իսկանդերի տեղակայումն զգալիորեն փոխում է Հայաստանի տարածաշրջանային քաղաքական դերակատարումը, հետեւաբար հազիվ թե ադ հարցը չլիներ Կովկասի տարածաշրջանում անվտանգության համակարգի վերափոխման նկատելիորեն աշխուժացած «դիլեման» քննարկող ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերության օրակարգում:
Այդ տեսանկյունից էլ հատկանշական է, թե արդյոք սեպտեմբերի 21-ի զորահանդեսում Հայաստանում Իսկանդերի տեղակայումը կազդարարվի պաշտոնապես, թե՞ Սիրիայի հարցում ամերիկա-ռուսական համաձայնության «տատանումը» կպահի հարցը ոչպաշտոնական կամ կիսապաշտոնական հարթությունում: Որում այն, ի դեպ, նոր չէ, որ հայտնվել է, այլ դեռեւս 2013-14 թվականներից:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am