Սերժ Սարգսյանը կստանձնի Երկրապահի ղեկավարումը

726

newsday.am — Վերջին տարիներին հանրային գիտակցության մեջ արմատավորվել էր մտայնություն, թե Հայաստանում իշխանության միակ իրական կենտրոնը այլևս Սերժ Սարգսյանն է, ում հաջողվել էր նախագահության տաս տարիների ընթացքում վերջնականապես իր ազդեցությանը ենթարկել իշխանական ամբողջ բուրգը։

Այս միֆը հօդս ցնդեցրեց թավշյա հեղափոխությունը, որի հաջողությունը էապես պայմանավորված էր ներիշխանական խմբավորումների իշխանության համար պայքարով։ Արձանագրենք, որ Հայաստանում այս տարիներին ձևավորվել էին իշխանության մի քանի ստվերային կենտրոններ, որոնցից մեկը Երկրապահն էր՝ գեներալ Մանվելի գլխավորությամբ։ Եվ պետք չէ ԵԿՄ դիտարկել ուղղակի որպես ՀՀԿ կցորդի, իրականում այդպես չէ։

Չարժե նաև թերագնահատել Մանվել Գրիգորյանը դերակատարությունը իշխանական վերնախավում։ Հիշեցնենք, որ էջմիածնեցի գեներալը Վազգեն Սարգսյանի սանիկն էր, նրա կույր սուրը։ Ժամանակին Սյունիք գործուղված Վազգեն Սարգսյանի մերձավոր պաշտոնյայի վկայությամբ հաստատվում է, որ զբաղեցնելով երկրի օրենսդրությամբ գոյություն չունեցող պետնախարարի պաշտոնը, ով համակարգում էր ուժային բոլոր կառույցների գործունեությունը, ամենազոր Սպարապետը փաստացի հանդիսանում էր ուժային նախարարների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի իրական ղեկավարը։

Աղբյուրը հաստատում է, որ այդ ժամանակ կամավորական 5-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարի պաշտոնում նշանակված գնդապետ Մանվել Գրիգորյանը նախարար Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում անգամ իրեն պահում էր ընդգծված կոպիտ ու բռի, երբեմն բարձրաձայն հայհոյում։

Զարմանալի չէ, որ 1996 թվականին նախագահական ընտրություններին հաջորդած օրերին Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրի անվտանգությունը ապահովում էր ոչ թե Սերժ Սարգսյանի գլխավորած Ազգային անվտանգության նախարարությունը, ինչպես պահանջում էր օրենքը, այլ Վազգեն Սարգսյանի հավատարիմ զինյալները, որոնց թվում ԵԿՄ Էջմիածնի ջոկատը՝ գնդապետ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, և Սեյրան Սարոյանի կարմիր բերետավորները։ Հենց նրանք կրակով ցրեցին 1996 թվականին Բաղրամյան 26-ի դիմաց հավաքված ժողովրդին։

Երջանիկ պատահականությամբ միայն հաջողվեց խուսափել մեծաթիվ զոհերից, չնայած ինչպես վկայում է Արշալույս գեյթի տեսանյութը հեղաշրջում իրականացրած խունտան պատրաստ էր ունենալ մինչև 800 զոհ։ Խոսքը հայ մարդկանց մասին էր։ Մանվել Գրիգորյանը ժողովրդական ցույցը ցրելու ժամանակ ցուցաբերած արիության համար Վազգեն Սարգսյանի առաջարկով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ստացավ գեներալ-մայորի զինվորական կոչում և նշանակվեց բանակային առաջին կորպուսի հրամանատար։

Սա հատուկ նրանց համար, ովքեր չեն հիշում, թե Մանվել Գրիգորյանը ինչ ծառայությունների համար է արժանացել գեներալական ուսադիրների։ Եվ հատուկ նրանց համար,  ովքեր չեն հիշում կոչում շնորհողներին։ Վազգենի սպանությունից հետո Մանվելը ստանձնեց Երկրապահի ղեկավարումը։ Ռազմականացված այդ հասարակական կազմակերպության հետ հարաբերություններում իշխանությունները ունեցել են տարբեր խնդիրներ, և անգամ եթե կարողացել են պարտադրել իրենց որոշումները, փորձել են այդ անել պայմանավորվելով։ Ու պատճառների թվում այդ կառույցը ղեկավարող մարդկանց վտանգավորությունն է, երբեմն ոչ ադեկվատությունը։

Ամեն դեպքում ԵԿՄ ղեկավարի հետ կապված վերջին միջադեպը, որքան էլ տարօրինակ է, ձեռնտու է առաջին հերթին Սերժ Սարգսյանին։ Մանվել Գրիգորյանի չեզոքացումից հետո նա հաստատ կկարողանա իր լիակատար վերահսկողության տակ վերցնել այս կառույցը, որ 1998 թվականից հանդես է գալիս որպես իրական իշխանության ստվերային կենտրոններից մեկը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache