Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով

1

Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո, կառավարության առաջին նիստերն ինտրիգային բնույթ ունեին. որոշ նախարարներ հայտնվեցին Կարապետյանի թիրախում: Նրանցից մեկն էլ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էր. հիշում ենք, երբ 2016-ի սեպտեմբերի 15-ի նիստում անհամբեր վարչապետին ձանձրացրել էր նախարարի երկար-բարակ ելույթը և նա կոչ էր արել, այսպես ձևակերպենք, կարճ կապել.

«Ես առաջարկում եմ զեկուցողներին զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել»:

Նախնական տրամադրություններից արդեն իսկ պարզ էր, որ Կարապետյանը չի ցանկանում աշխատել տիկին նախարարուհու հետ: Այդպես էլ եղավ. օրեր անց՝ սեպտեմբերի 27-ին, պաշտոնապես հայտնի դարձավ Մշակույթի նոր նախարարի անունը՝ Արմեն Ամիրյան: Այլ խոսքով՝ Հասմիկ Պողոսյանին վարչապետն անգործ թողեց:

Դրանից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մտերիմ ընկերուհուն, նույն իրեն՝ Հասմիկ Պողոսյանին, անգործ չեն թողնի և հավանաբար որևէ երկրում դեսպան կնշանակեն: Տիկինն այդ լուրերը համառորեն չէր մեկնաբանում:

Այսօր արդեն նույն Սերժ Սարգսյանի հրամանագրով Հասմիկ Պողոսյանը նշանակվում է նախագահի խորհրդական: Որպես նախագահ՝ Սարգսյանի պաշտոնավարումն ավարտվելու է երկու ամսից էլ պակաս ժամկետում: Հուսով ենք՝ այդքան միամիտ չեք լինի, որ հավատաք, թե Սարգսյանն այս մեկուկես ամիսը չէր կարող պաշտոնավարել՝ առանց Պողոսյանի խորհուրդների:

Հետևաբար՝ ինչի մասին է այս «ֆիլմը»:

Սերժ Սարգսյանն այսկերպ մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. առաջնահերթ, իհարկե, տիկնոջ ընկերուհուն  վերադարձնում է յուղոտ աթոռի՝ այդպիսով շոյելով Առաջին տիկնոջ ինքնասիրությունը: Բայց սա դեռ ամենը չէ. նա կարող էր դա և ավելի վաղ անել, հետևաբար կարող ենք եզրակացնել, որ Հասմիկ Պողոսյանի «խորհուրդները» Սարգսյանի համար առաջնային չէին:

Այստեղ գուցեև կա Կարեն Կարապետյանի գործոնը. Սարգսյանը ցույց է տալիս Կարապետյանին, որ նա իր կադրերին միևնույնն է պահելու է իշխանությունում, ուզի դա Կարապետյանը, թե ոչ: Եվ ամենևին չի բացառվում, որ վարչապետից խռով կադրերի նշանակումների այս շարքը շարունակվի նախագահականում կամ Սարգսյանի՝ նոր ձևավորվելիք կառավարությունում:

Եվ «փամփուշտների» գլխավոր թիրախը. Սերժ Սարգսյանն իր հավատարիմ կադրերին է ներդնում նոր նախագահի՝ Արմեն Սարգսյանի թիմում, և միամտություն է կարծելը, թե նորեկ Սարգսյանն այնքան համարձակություն կունենա աշխատանքից ազատելու «փորձառու» Սարգսյանի կադրին՝ Հասմիկ Պողոսյանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache