Սերժ Սարգսյանը մնաց արանքում. բախումն անխուսափելի է

0

Ունի՞ Արմեն Սարգսյանը բավարար իշխանական լիազորություն, Հայաստանում այն փոփոխությունները կամ խնդիրները լուծելու, եւ ընդհանրապես իրավիճակի վրա որակապես նոր կերպ ազդելու համար, որի ազդակները հղում էր անցնող շաբաթների ընթացքում:Հայաստանի հանրային, քաղաքական, փորձագիտական տարբեր շջանակներ բավական հաճախ են հնչեցնում, դիտարկում այդ հարցը, որի հիմքն անկասկած կա: Նոր կառավարման մոդելի պայմաններում նախագահի ազդեցությունն իշխանության քաղաքականության վրա բավական նվազ է, գրեթե խորհրդանշական:

Մյուս կողմից, այստեղ կա սկզբունքային խնդիր, կապված նաեւ իշխանության հանրային ընկալման հետ: Հայաստանի հանրային պատկերացումներում իշխանությունն ունի միայն մեկ ձեւ՝ ուժ, վարչական լիազորություն: Իշխանության այլ տեսակ, տարբերակ Հայաստանի հանրությունը «չի տեսել եւ չի լսել», քանի որ մնացյալ բոլոր ձեւերը խլացրել են նաեւ տարատեսակ ընդդիմությունները՝ տարբեր շարժառիթներով կամ քաղաքական մտածողության անհամարժեքությամբ:Արմեն Սարգսյանի «մուտքը» հատկանշական է նրանով, որ նա խոսեց իշխանության այլ ձեւի մասին՝ հնարավոր է իշխանություն ոչ միայն վարչական, այլ իշխանություն խոսքով, գաղափարներով, հանրությանը հղվող հաղորդագրություններով:

Սկզբունքորեն, նոր մոդելի պայմաններում նախագահի ինստիտուտի հիմքում դրված է հենց այդ փիլիսոփայությունը, կամա թե ակամա: Առիթ ունեցել եմ ասելու, երբ Սերժ Սարգսյանն առանց անուն տալու դեռ միայն նկարագրել էր, թե ինչ թեկնածու է պատկերացնում, որ այդ չափանիշները կարծես լինեն իշխանության «խղճի» նկարագրություն: Գործնականում, այստեղ է, եւ թերեւս այդտեղ էլ կարող էր լինել նախագահի իշխանությունը, տվյալ դեպքում արդեն Արմեն Սարգսյանի իշխանությունը:Գործնականում, Հայաստանի իշխող համակարգում ըստ էության «ազատ» է եղել հենց այդ՝ այսինքն «խղճի» լծակը, որն էլ հանձնվում է Արմեն Սարգսյանին: Իսկ դա բավական ուժեղ լծակ է: Այլ հարց է, թե նա ինչպես կգործադրի այդ իշխանությունը, ինչ արդյունավետությամբ եւ դինամիկայով:Ի վերջո, այդ առումով բավական խոսուն էր Սերժ Սարգսյանի վարչապետության թեմայով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, թե նա շարքային կուսակցական է եւ պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին:

Այստեղ իհարկե առաջին հայացքից ամեն ինչ թողնում է բեմականացման տպավորություն՝ այդպես փորձում են Սերժ Սարգսյանին ազատել վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին քառամյա վաղեմության խոսքից: Բայց, խնդիրն իրականում բազմաշերտ է` Սերժ Սարգսյանը կայացնում է որոշումները, սակայն գործնականում անկասկած հաշվի առնելով իշխող մեծամասնության հնարավոր ռեակցիաները:

Եվ եթե նախագահական կամ կիսանախագահական մոդելում նա բուրգի գագաթին է դե ֆակտո եւ դե յուրե, ապա տվյալ պարագայում նա գործնականում հայտնվում է իշխանության «խղճի»՝ նախագահ Սարգսյանի, եւ անխղճության՝ ՀՀԿ քրեա-օլիգարխիկ մեծամասնության արանքում: Ըստ այդմ, ու՞մ խոսքն է Սերժ Սարգսյանի համար լինելու հիմնարար, ու՞մ արձագանքն է նա ավելի շատ հաշվի առնելու քաղաքական որոշումներ կայացնելիս եւ քաղաքականություն մշակելիս:

Արմեն Սարգսյանի՞, եթե նա օրինակ ասի, թե չի կարող ընդունել նրա այս կամ այն որոշում, թե՞ կուսակցության, եթե ՀՀԿ-ն որոշի, որ Արմեն Սարգսյանը չափից շատ է խոսում: Ընդ որում, հարց է, թե արդյոք Արմեն Սարգսյանը չի կաշկանդվի եւ կասի դա, եթե վարչապետ մնա Սերժ Սարգսյանը:Միեւնույն ժամանակ, խնդիրը շատ ավելի խորն է եւ առնչվում է Հայաստանի իշխող համակարգի ճգնաժամին: Այդ ճգնաժամը բերել է նրան, որ համակարգն այլեւս ունակ չէր արդյունավետ արձագանքել արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին: Պակասել է փողը, ավելացել է աշխարհքաղաքական դիմակայությունը, մսխելն ու արտաքին տնտեսա-քաղաքական նպաստավոր կոնյուկտուրայի վրա մակաբուծելը դարձել է անհնար:

Իսկ անարդյունավետությունն այդ դեպքում սպառնում է ոչ միայն հանրությանն ու պետությանը, այլ արդեն հենց իշխանությանը:Պետք են վիճակը էապես, խորքից փոխելու քայլեր: Մյուս կողմից, դա նշանակում է, որ ինչ որ մեկը պետք է վճարի այդ քայլերի գինը: Փոփոխությունն անխուսափելի պետք է հարվածի իշխող քրեա-օլիգարխիկ շերտի շահին, բայց ոչ ոք չի ցանկանում վճարել, կամ դրա դիմաց պահանջում է համարժեք իշխանություն: Իրավիճակն այդ առումով բավական բարդ է, անգամ ռեպրեսիվ մեթոդներով հարցը լուծելու տեսանկյունից: Հատկապես որ Սերժ Սարգսյանի ոճից ու մոտեցումներից դատելով՝ նա գերադասում է հնարավորինս խուսափել սուր անկյունից եւ ծայրահեղ քայլերից:

Այստեղ կարծես թե ընտրվել է հակակշիռների մեխանիզմը, որի միջոցով է Սարգսյանը փորձում վիճակը բերել որակապես նոր աստիճանի, բարձրացնել իշխող համակարգի արդյունավետությունն ու արտադրողականությունը եւ ըստ այդմ ներքին ու արտաքին դիմադրունակությունը, անաղմուկ վերարտադրության կարողությունը:Այդ իրավիճակում Արմեն Սարգսյանը կարեւոր հակակշռող մեխանիզմ է, եւ ամենեւին պատահական չէ նրա ընտրությունը նախագահի պաշտոնի համար, որը սկզբունքորեն փոխեց այդ պաշտոնի կամ կարգավիճակի հանդեպ հանրային հետաքրքրության աստիճանը:

Այդ իմաստով, խոսքի կամ «խղճի» իշխանության կայացումը՝ ի դեմս Արմեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի համար մի կողմից վստահելի է անակնկալներ չունենալու տեսանկյունից, մյուս կողմից կարեւոր ռեսուրս է դրանով իշխող քրեա-օլիգարխիկ մեծամասնությանը զսպելու, կառավարելու, թելադրելու եւ խաղի կանոնների փոփոխության խնդիրը առաջ մղելու համար:Այդ առումով, Սերժ Սարգսյանը շահագրգռված է որպես գործոն Արմեն Սարգսյանի կայանալու գոնե նվազագույն աստիճանի մասով: Այլ հարց է, թե կկարողանա՞ Սարգսյանն անել ավելին, որովհետեւ այդուհանդերձ Սերժ Սարգսյանը թույլ չի տա, որ նա կայանա այնքան, որ կանոն թելադրի նաեւ իրեն:Այստեղ իհարկե առկա է ավելի նուրբ եւ բազմաշերտ խաղի հեռանկար, երկուստեք, որը սակայն օրակարգում առաջ կգա այն բանից հետո, երբ սկզբունքորեն կլուծվի այդ հեռանկարի ճանապարհից քրեա-օլիգարխիան որոշակի հեռացնելու, երկրորդ պլան մղելու հարցը

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache