Լրահոս

Սերժ Սարգսյանը պարտվում է եւ օգնություն խնդրում

 

Անարդարությունը մեր թիվ մեկ թշնամին է, եւ մենք պատերազմ ենք հայտարարել անարդարությանը, գլխավոր դատախազություն կատարած այցի ընթացքում հայտարարել է Սերժ Սարգսյանը, խոսելով դատախազության առանձնահատուկ դերի մասին, որ այդ կառույցն ունեցել է եւ առավել եւս ունենալու է կառավարման նոր մոդելի, նոր Սահմանադրության պայմաններում:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը պարտվում է պատերազմը, որ հայտարարել է անարդարությանը, որովհետեւ համենայն դեպս առայժմ Հայաստանում նկատելի չէ արդարության կամ արդարադատության ծավալների այնպիսի աճ, որը թույլ կտար խոսել հայտարարված պատերազմում հաջողության մասին:
Թեեւ, իհարկե տարբեր են պատկերացումներն անարդարության մասին: Օրինակ, Սերժ Սարգսյանի համար գուցե անարդար է, որ 2018 թվականի ապրիլից հետո ինքն այլեւս չի լինելու իշխանության առաջին դեմք: Ըստ երեւույթին, Սարգսյանը պատերազմ է հայտարարել հենց այդ անարդարությանը: Բայց այստեղ էլ հաջողություն առանձնապես կարծես թե չկա, ինչի մասին վկայում է այն, որ ՀՀԿ մոտ որոշակի խուճապային տրամադրություն է. ՀՀԿ-ականները հայտարարում են, որ ինչ էլ լինի եւ ով էլ լինի վարչապետ, Սերժ Սարգսյանն է իրենց առաջնորդը:
Ըստ ամենայնի, հենց այդ «անարդարության» դեմ պատերազմի համար էլ Սերժ Սարգսյանը դիմում է դատախազության օգնությանը: Հակառակ դեպքում, տասը տարի նախագահի պաշտոնում աշխատող մարդը այդ տասնամյակի վերջում ոչ թե չպետք է այցելեր դատախազություն եւ հայտարարեր, թե պատերազմ են հայտարարել անարդարությանը, այլ տասնամյակի վերջում պետք է ներկայացներ առկա անարդարության հանդեպ հաղթանակի համոզիչ վկայություններ:
Այդ ժամանակ գուցե իսկապես անարդար լիներ նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում չհայտնվելը: Եվ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը գուցե չունենար դրա համար դատախազություն այցելելու եւ օգնություն խնդրելու կարիք, քանի որ հանրությունն ինքը Սարգսյանին կխնդրեր մնալ արդեն իբրեւ վարչապետ եւ օգնել Հայաստանում հաղթանակ տանել այլ համակարգային արատների նկատմամբ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing