Լրահոս

Սերժ Սարգսյանը պատրաստ էր թույլ տալ, որ Բաբայանը հեռանա՞

 

«Իգլայի» գործը ուշագրավ զարգացում է  ապրում, հնարավոր է քննչական գործողությունների արդյունքում պարզվի, որ կանխվել է նախագահի դեմ մահափորձ կամ էլ առնվազն  զենքի ներմուծումը հենց այդ նպատակի համար է արվել: Մարտի 24-ին Երեւանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սամվել Բաբայանը 2 ամսով կալանավորել է: Նրա պաշտպան Ավետիք Քալաշյանը հաստատել է կալանքի որոշման մասին տեղեկությունը,  ինչպես նաև կրկնել իր ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ Բաբյանը չի ընդունում, որ ինքն առնչությունի ունի զենքի ներկրման հետ  կամ ճանաչում է  գործով ձերբակալված 2 անձանց:Սակայն մարտի 25-ին  ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունները Իգլային. «Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա  մի խումբ անձանց կողմից  նախնական համաձայնությամբ  ապօրինի կերպով ռազմամթերք  ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար  Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում  նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Զուգահեռաբար ԶԼՄ-ներում  շրջանառության մեջ է դրվում մահափորձի նախապատրաստման վարկածը:«Ժամանակ»  թերթը  տեղեկություն է հրապարակել, որ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով։Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է։ Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախների խոցման համար։«Իգլա» հրթիռն արձակվում է և ուղղվում է թիրախի վրա գտնվող տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը և խոցում թիրախը։ Տվյալ դեպքում թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը»,- գրումէ  թերթը։

Դրանից մեկ օր առաջ նման ակնարկ արված էր նաև  «Հայակական ժամանակ» օրաթերթում: Ըստ այդմ՝ քաղաքական ու իրավապահ նեղ շրջանակում պտտվող տեղեկությունների համաձայն, գոյություն ունի ձայնագրություն, որտեղ  լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում այն երկու անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի և կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ:  «Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որ այդ զենքով թռիչքի ժամանակ պետք է հարված հասցվեր այն ուղղաթիռին, որով պետք է թռչեին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ հավանաբար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, փաստաբան Քալաշյանը երեկ մեզ նաև ասել է, որ Բաբայանն առայժմ չի հայտարարում, որ իր ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի»,-  մասնաորապես գրել էր ՀԺ-ն:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սամվել Բաբայանին  ձերբակալել էր մարտի 22-ին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Վրաստանից հայաստան տեղափոխելու կասկածանքով: Ս.Բաբայանի հետ այդ գործով ձերբակալված են ևս երկու անձ: « Կատարված քննչական գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ստեղծված իրավիճակը  բարդ  ու հակասական է. իրականում եթե կա որևէ ձայնագրություն Բաբայանի առնչություններր հետ կապված,  այն կարող էր  հրապարկվել: Ի դեպ, ՕՐՕ դաշինքն արդեն նման պահանջի մասին հայտարարել է:

Մարտի 22-ն ու պետության ղեկավարների դեմ մահափորձի նախապատրաստման գործոնը Սամվել Բաբայանի համար դառնում են ճակատագրական: 2000 թվականին դարձյալ մարտի 22-ին Սամվել Բաբայանը ձերբակալվեց, իսկ հետո նրան մեղադրանք առաջադրվեց ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:

Պետության ղեկավարի դեմ մահափորձի նախապատրաստումն, անշուշտ, ծանր մեղադրանք է և այստեղ պետք է բացառապես իրավապահների անաչառությանը  և պրոֆեսիոնալիզմին ապավինել: Բայց կոնկրետ Սամվել Բաբայանի դեպքում կա մի նուրբ պահ. կարո՞ղ էր արդյոք պատերազմի բովով անցած  և արդեն պատկառելի փորձ ունեցեղ գործիչը նույն սխալը երկրորդ անգամ թույլ տալ: Տարօիրնակ չէ՞ր, որ նման մտադրություն ունեցող մարդը հրապարակավ, շատ բաց տեքստով հայտարարում էր  իշխանությանը պատժելու մասին և զգուշացնում էր, որ ոմանք կարող են իրենք իրենց ողջ և առողջ չգտնել: Հետաքննական լուրջ ունակություններ պետք չէ ունենալ հասկանալու համար, որ նման բաները սովորաբար գաղտնի են ծրագրվում:

Կա նաև երկրորդ նրբությունը՝ երբ ԱԱԾ-ն տարածեց առաջին հաղորդագրությունը Իգլայի մասին, այնտեղ Սամվել Բաբայանի անունը չէր շոշափվում և նա դեռ ձերբակալված չէր: Արդյեք սա ազդանշա՞ն էր,  որպեսզի Բաբայանը  ինքնակամ հեռանա Հայաստանից:

 

Արման Վարդանյան     

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing