Լրահոս

Սերժ Սարգսյանը փոխարինել է վարչապետին

 

Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին եւ լսել նրա զեկույցը գյուղատնտեսական վիճակի, ոլորտում դրական զարգացում ապահովելու համար անհրաժեշտ քայլերի մասին: Սերժ Սարգսյանը տվել է նաեւ հանձնարարություններ, թե ինչ պետք է անել:
Սարգսյանը տեւական ժամանակ է ընդունում է տարբեր նախարարների, լսում նրանց զեկույցները: Օրերս էլ ընդունել էր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին, զեկույց լսել, հանձնարարական տվել:
Սերժ Սարգսյանը փաստորեն փոխարինում է վարչապետին: Նա զբաղված է մի բանով, որի համար լիազորված չէ: Ընդ որում, դա վկայել է հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, 2015 թվականի դեկտեմբերի 3-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, պատասխանելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ հարցերին եւ մի շարք օրինակներով բացատրելով, թե ինչու է պետք է կիսանախագահականից անցնել խորհրդարանականի:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրության 55 հոդվածը հանրապետության նախագահին չի օժտում տնտեսության հետ կապված լիազորությամբ:
«Այսինքն` Հայաստանի Հանրապետության Նախագահն ի պաշտոնե պատասխանատու չէ տնտեսական իրավիճակի համար: Բայց, քանի որ Հանրապետության Նախագահն այսօր ներկայացնում է նույն ուժը, ինչ ներկայացնում է կառավարությունը, ամբողջ պատասխանատվությունը գալիս է Հանրապետության Նախագահի վրա: Խոսենք օրինակներով: Նաիրիտի բանվորներն ինչու՞ են գալիս Բաղրամյան և պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին թե՝ ինչու՞ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք և գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է Հանրապետության Նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ու՞ր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը: Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել», 2015 թվականի դեկտեմբերին Սահմանադրության հանրաքվեից մի քանի օր առաջ բացատրում էր Սերժ Սարգսյանը:
Այժմ Հայաստանը գործնականում հինգ րոպե կամ մեկ տարի է պակաս լիարժեք խորհրդարանական մոդելից: Սերժ Սարգսյանը ներկայում փաստորեն մասնակցում է տնտեսական որոշում կայացնողների պատասխանատվությունը լղոզելով: Անում է մի բան, որը խնդիր էր համարում 2015 թվականի դեկտեմբերին եւ որը համարում էր կառավարման մոդելի փոփոխության փաստարկներից մեկը:
Սարգսյանը փաստորեն փոխարինում է վարչապետին, որը տնտեսական քաղաքականության պատասխանատուն է, կառավարության, այսինքն նախարարների անմիջական ղեկավարը:
Սերժ Սարգսյանը նրանց կուսակցական ղեկավարն է, բայց նրանց ընդունում է ոչ թե կուսակցության գրասենյակում, այլ նախագահի նստավայրում, եւ ոչ թե ՀՀԿ, այլ ՀՀ նախագահի կարգավիճակում:
Ինչու՞ է Սարգսյանը յուրացնում վարչապետի լիազորությունը եւ ստանձնում տնտեսական գործողությունների եւ որոշումների պատասխանատվություն՝ 55-րդ հոդվածով չունենալով տնտեսության հետ կապված որեւէ լիազորություն, այն էլ ոչ թե խորհուրդ տալիս նախարարի պաշտոնակատարին, այլ «հանձնարարություն»՝ ինչպես նշում է նախագահի նստավայրի հաղորդագրությունը:
2015-ի դեկտեմբերին վարչապետի պաշտոնում էր Հովիկ Աբրահամյանը, եւ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նրբորեն ակնարկում էր, որ տնտեսական վատ իրավիճակի պատասխանատուն Աբրահամյանն է, ոչ թե նախագահը: Ընդ որում, հատկանշական էր, որ Սերժ Սարգսյանը գրեթե երկու տարվա ընթացքում ցուցադրաբար հեռու մնաց Աբրահամյանի կառավարությունից:
Այժմ Սերժ Սարգսյանը «վերցնում» է Կարեն Կարապետյանի կառավարության ղեկը, այն էլ մի իրավիճակում, երբ առավել տրամաբանական կլիներ հակառակը՝ ղեկն ավելի ու ավելի տանել դեպի կառավարություն, ինչպես բխում է նոր Սահմանադրության տրամաբանությունից:
Սերժ Սարգսյանն այդպիսով օգնու՞մ է Կարապետյանին, թեթեւացնու՞մ նրա բեռը՝ նաեւ համակարգի շահերի կենտրոնների հետ աշխատանքի առումով, թե՞ սկսել է նրանից «դափնին» խլելու գործընթաց:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing