Սերժ Սարգսյանը փոխում է անձեռնմխելիների շրջանակը

2

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և հատուկ անդրադարձել հակակոռուպցիոն պայքարին: Նա հայտարարել է, որ հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա:

 « Կասկածից վեր է, որ ապացույցների գնահատման և փաստերի հաստատման դժվարին գործում ձեր գլխավոր ուղենիշը պրոֆեսիոնալիզմն է լինելու: Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները:

Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ, և  այս կապակցությամբ ՀՔԾ-ից ակնկալվում է պատշաճ ջանասիրություն:

Թերևս ավելորդ է նշել, որ այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը, դասագրքային ճշմարտություն է: Կոռոպցիայի դեմ պայքարի կարևորության մասին Սերժ Սարգսյանը առաջին անգամ չէ, որ խոսում է. այդ կարգի զրույցներ նա ունեցել է բազմաթիվ անգամներ՝ տարբեր իրավապահ կառույցների հանդիպումների ժամանակը: Այս իմաստով  Հատուկ քննչական ծառայությունում նրա ելույթը օրիգինալ համարել չի կարելի:

Ուշագրավը թերևս կոռուպցիայի դեմ պայքարի գնահատման չափանիշն է, որը, ինչպես Սերժ Սարգսյանն ասել, «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի վրա է հենվում: Սերժ Սարգսյանը փայլուն հասկանում է, որ այդ պաշտոնների ցանմում եղել են և կան անուններ, որոնք մշտապես կաշկանդել են իրավապահներին: Բայց այժմ Սերժ Սարգսյանը փաստացի նրանց գործելու ազատություն է տալիս, ասելով՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով:

Ըստ էության Սերժ Սարգսյանն ընդունում է, որ պաշտոնների և պաշտոնյաների որոշակի շերտ եղել է անձեռնմխելի, նրանք եղել են օրենքից բարձր: Բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէր կարող լինել՝ առանց քաղաքական կամքի և Սերժ Սարգսյանի համաձայնության:

Ի վերջո այդ արատավոր անձեռնմխելիության շղթան առաջին հերթին վերաբերել է իշխանության ամենաբարձր բուրգում կանգնածներին, իսկ նրանք բոլորը Սերժ Սարգսյանի ընտրյալներն ու թիմակիցներն են: Հիմա փաստորեն Սերժ Սարգսյանը հայտարարում է խաղի կանոններ փոխելու մասին: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք. Մի բան է ասելը, բոլորովին այլ բան՝ անելը: Չի կարելի նաև բացառել, որ փոխվում է անձեռնմխելիների շրջանակը և ամեն ինչ ասվել է՝ ասելու համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache