Լրահոս

Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի ինչ է կատարվում, ուրեմն պարտադրել են գնալ հանդիպման

 

Ճիշտ քայլ չէ, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդիպել Ադրբեջանի նախագահին: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում: Եվ այդ պայմաններում գնում է բանակցության, ուրեմն Հայաստանին պարտադրել են դա անել, ինքն էլ սուս ու փուս անում է՝ խաբելով ժողովրդին:

«Ալիևին բանակցություններ պետք չեն: Նրան այս հանդիպումն ընդամենը պետք է, որ նշի, թե բանակցություններ եղել են ու գա հայտարարի, որ՝ տեսա՞ք, ես Հայաստանին հաղթեցի, ոչ մի նախապայման էլ չկա: Միայն դրա համար է Ադրբեջանին այդ հանդիպումը պետք, Ալիևը խոսելու բան չունի, կարող է մեկ վայրկյանով մտնի այդ հանդիպմանն ու դուրս գա»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ինչ է կատարվում: Նախ, հայկական կողմը կարծես նորից հիշեց, որ գոյություն ունի Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման խնդիր: Ալիևն էլ ասաց հակառակը՝ որևէ նախապայման գոյություն չունի:

«Չգիտենք՝ հիմա նրանցից ո՞վ է ճիշտ: Եվ կոշտ հայտարարություններից հետո այդ բանակցությունների իմաստը պարզ չէ: Ի՞նչ են քննարկելու կամ չեն քննարկելու: Կամ երկուսն էլ թաքցնում են հանրությունից իրականությունը»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանն անդրադարձավ նաև արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե բովանդակային բանակցություն չկա, վստահության մասին է խոսքն այս փուլում:

«Ալիևն էլ դրա հակառակն է ասել, հիմա ո՞ւմ հավատանք: Ալիևը հայտարարել է այն ժամանակ, երբ մեկ ամսից ավելի մերոնք լուռ էին, ոչ մի բան չէին խոսում: Հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ որևէ նախապայման չկա, և բանակցություններն սկսվում են անկախ դրանցից: Այդ ժամանակ այստեղ հանկարծ նորից սկսեցին հիշել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին», ասաց նա:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am