Սերժ Սարգսյանը շրջանցեց գետաձիուն. զենքն ու ռիսկը

1

Նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը, բացատրելով Հայաստանում վերջին շրջանում հաճախակիացած զինված միջադեպերը, ասում է, թե անցումային շրջան է, տեղի են ունենում ֆինանսական, տնտեսական խնդիրների պարզաբանումներ. «Անցումային իրավիճակ է, պարզաբանումների շրջան է, ֆինանսական, տնտեսական ոլորտների հետ կապված միմյանց նկատմամբ ինչ-որ հարաբերությունների պարզաբանում է, տարբեր ոլորտներ իրենցով կարգավորելու ցանկություն է։ Կարծում եմ՝ սրանք էլ ժամանակավոր բնույթ են կրում», Lragir.am-ի հետ զրույցում ասում է Ալիկ Սարգսյանը, խոսելով ոստիկանությանը Սերժ Սարգսյանի տված հանձնարարության մասին՝ հավաքագրել հանրության մոտ գտնվող անօրինական զենք զինամթերքը:

Սարգսյանը նաեւ ասում է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եղել է պարբերաբար, նաեւ նախկին ոստիկանապետերին, այդ թվում իրեն:Հանձնարարությունն անկասկած նոր չէ, առաջինը չէ, հաստատ չի լինելու նաեւ վերջինը: Սակայն ներկայում այն հնչում է առանձնահատուկ տոնայնությամբ, ինչի պատճառը հենց Ալիկ Սարգսյանի մատնանշած անցումային փուլն է:

Այդ փուլն էլ ամենեւին նոր չէ, այն սկսվել է 2008 թվականին, երբ նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանից փոխանցվեց Սերժ Սարգսյանին:Հայաստանում անցումային փուլը սկսվել է գործնականում այդ շրջանից ու մինչ այժմ չի ավարտվել: Փոխվել է պարզապես այդ փուլի տրամաբանությունը: 2008 թվականի ապրիլից Հայաստանի իշխող համակարգը փորձում է ադապտացվել Սերժ Սարգսյանին: Առաջին տարիներին համակարգի ներկայացուցիչներից շատերը չէին թաքցնում անգամ, որ չեն կարողանում հասկանալ, թե որոնք են խաղի նոր կանոնները, ինչպիսին են դրանք:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ իրավիճակը բնորոշում էր բավական հետաքրքիր մի համեմատությամբ, կապված գետաձի վարժեցնող հայ հայտնի արտիստ Իսահակյանի հետ: Գետաձին գործնականում չվարժեցվող կենդանի է եւ Իսահակյանին հարցրել են, թե ինչպե՞ս է կարողացել վարժեցնել այդ կենդանուն, որի մականունն ի դեպ Մանուկ էր: Իսահակյանը պատասխանել էր, որ ոչ թե վարժեցրել է գետաձիուն, այլ ինքն է վարժվել նրան: Բարձրաստիճան պաշտոնյան, որ այժմ նախկին է, ակնարկում էր, որ համակարգը ի վերջո վարժվելու է, հարմարվելու է, ադապտացվելու է Սերժ Սարգսյանի «անկանոնությանը»:

Սարգսյանի խնդիրը բավականին բարդ էր՝ նա ժառանգում էր Ռոբերտ Քոչարյանի կառուցած համակարգը, որտեղ առանցքային նշանակություն ուներ ոչ թե իշխանական ստատուս-քվոն, այլ ավելի շատ՝ կապիտալինը: Մինչդեռ, Քոչարյանը փոխանցել էր իշխանությունը, բայց ոչ կապիտալը: Հենց այդ հանգամանքը Սարգսյանի համար առաջացրեց խորքային խնդիր, որն առավել ծանր դարձավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով, ՌԴ տնտեսության վրա դրա ազդեցությամբ:

Երբ թվում էր, թե այդ խնդիրը հաղթահարվում է, առաջացավ ճգնաժամը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, ինչը առաջ բերեց հարվածի երկրորդ ալիքը: Քոչարյանի հարցը Սարգսյանը լուծեց, թուլացնելով լարվածությունը ներսից, սակայն կապիտալի բացը մնաց եւ շարունակվում է առ այսօր:Գործնականում, չի հանգուցալուծվել հենց այդ անցումը, եւ խնդիրն ամենեւին լոկ կառավարման մոդելի փոփոխությունը չէ: Հայաստանում 2008-ի ապրիլից ի վեր Սարգսյանին չի հաջողվում ձեւավորել դե յուրե իշխանության եւ դե ֆակտո կապիտալի բաշխվածության այսպես ասած «ներդաշնակություն», ինչը ոչ միայն թույլ չի տալիս ապահովել ներիշխանական խորքային կայունություն, այլ իշխող համակարգի խորքում մշտապես պահպանում է ներքին ռազբորկաների, ընդհուպ զենքի օգնությանը դիմելու ռիսկը, խթանները:

Խորհրդարանական կառավարման մոդելի անցմամբ Սարգսյանը փորձում է լուծել իրավիճակը կայունացնելու հարց: Իհարկե ոչ միայն այդ հարցը, սակայն առանցքային նպատակների շարքում անկասկած նաեւ դա է:Սերժ Սարգսյանի մոտ մի շարք ներքին ու արտաքին օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով չհաջողվեց լուծել կապիտալի կենտրոնացման խնդիրը: Չկարողանալով կենտրոնացնել կապիտալը, նա չկարողացավ կենտրոնացնել իշխանությունը եւ ապահովել իշխանության հուսալի կառավարելիություն, դուրս գալ օպերատիվ կառավարման ռեժիմից:

Կար մի իրավիճակ, երբ ամեն ինչի համար պատասխանատու էր մեկը, սակայն իշխանության հիմք հանդիսացող կապիտալ այսպես ասած տարբեր տեղերում էր, ամեն ինչի համար պատասխանատու մեկը գործնականում չուներ դրա «50+1» հսկիչ փաթեթ:Ի վերջո Սարգսյանն էլ իր հերթին փորձեց հարմարվել կամ «վարժվել», շրջանցել «գետաձիուն» եւ մոտենալ այսպես ասած հակառակ կողմից՝ գնալով իշխանության ապակենտրոնացման, այսպես ասած բազմաբեւեռացման, ըստ այդմ այդպես համադրելով ու ներդաշնակեցնելով կապիտալն ու դե յուրե իշխանությունը, դրա միջոցով իրավիճակը բերելով ինստիտուցիոնալ ու քիչ թե շատ հեռանկարային կայունացման:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache