Լրահոս

Սերժ Սարգսյանը շտապել է Մելիք-Ադամյան

 

Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին ՀՀԿ Մելիք Ադամյան կենտրոնական գրասենյակում է հավաքել կուսակցական այսպես կոչված ռեյտինգային թեկնածուներին: Հավաքի պատճառը Մասիսում տեղի ունեցած միջադեպն էր, երբ միմյանց են բախվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված երկու թեկնածուների՝ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիմակիցները:
Կայծից հետո Սերժ Սարգսյանը թերեւս փորձում է թույլ չտալ հրդեհի բռնկում, որը մարելը կարող է բարդ լինել:
Կասկած չկա, որ Սարգսյանը նախազգուշացրել է ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներին, որ եթե կրկնվեն այդօրինակ միջադեպեր, ապա հետեւանքը կարող է լինել ծանր: Սարգսյանը նրանց համար գուցե կրկնել է խաղի կանոնները, որոնք պետք չէ խախտել, իսկ գուցե նաեւ ներկայացրել նոր կանոններ, որոնք էլ ավելի խիստ վերահսկողություն պետք է ենթադրեն այդօրինակ միջադեպերը բացառելու համար:
Ռեյտինգային ընտրակարգի ներդրումը շատերին հիմք տվեց եզրակացնելու, որ դրա հետեւանքով ՀՀԿ-ականները մրցելու են միմյանց դեմ, իսկ քանի որ ՀՀԿ-ականները մրցելու այլ տարբերակ չունեն, քան ուժը, ապա միմյանց դեմ են բանեցնելու իրենց ուժը: Հատկապես որ խոսքն այսպես ասած օդիոզ ՀՀԿ-ականների մասին է, որոնք տեղավորվել են ռեյտինգային ցուցակում:
Մասիսի միջադեպն արձանագրում է հենց այդ կանխատեսման կամ ենթադրության իրավացիությու՞նը, թե՞ հակառակը՝ Մասիսը շեղում էր բացառությունից, կանոնից, պարզապես Սերժ Սարգսյանը արագ է արձագանքում այդ շեղումները կանոն չդարձնելու համար:
Ռեյտինգային ընտրակարգն իսկապես ստեղծում է հակասական վիճակ: Մի կողմից միմյանց դեմ են առաջադրվում իշխանության թեկնածուները, մյուս կողմից այդ ընտրակարգը իշխանության համար տալիս է ձայների հավաքագրման ամենաարդյունավետ, ձայները առավելագույնս «քերելու» հնարավորությունը, ինչի համար էլ իշխանությունը գնացել է այդ ընտրակարգի ներդրմանը:
Աներկբա է, որ իշխող համակարգը չէր գնա իր համար ռիսկային տարբերակի ներդրմանը եւ պետք է ընտրեր նվազագույն ռիսկ եւ առավելագույն էֆեկտ, կամ ռիսկի եւ էֆեկտի համադրության, հարաբերակցության տեսանկյունից հանրագումարում ամենաէֆեկտիվ տարբերակը:
Այդ տեսանկյունից, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջեւ բախումները կամ դրանց հնարավորությունը հանրության համար գուցե դիտարժան տեսարան է, նույնիսկ «սիրտ հովացնող», սակայն խորքային առումով այդ տեսարանները ոչ միայն կապ չունեն հանրային շահի հետ, այլ նույնիսկ կարող են կատարել հանրային գիտակցությունը բթացնող դեր:
ՀՀԿ-ականները մրցում են միմյանց հետ, նույնիսկ բախվում իրար, ուժ կիրառում, կարող են նույնիսկ լինել ձերբակալվողներ: Առերեւույթ դա ցույց է տալիս իշխանության ճաքի, խնդիրների առկայությունը, ինչն էլ փորձում են հանրությանը ոգի տվող քարոզչության ծառայեցնել նաեւ շատ ընդդիմադիր սուբյեկտներ:
Խորքային առումով դա այլ բան չէ, քան հանրային մոլորության կամ ինքնախաբեության ճանապարհ: Խնդիրն այն է, որ Հայաստանում փոխվում է իշխանության կառուցվածքն ու տրամաբանությունը, ընդ որում՝ այդ փոփոխությունն ամենեւին նոր միտում չէ: Հայաստանի իշխանության կառուցվածքում ծանրության կենտրոնը քրեա-օլիգարխիայից վաղուց տեղափոխվել է անվտանգության եւ իրավապահ մարմիններ: Այստեղ իհարկե կա այդ մարմինների եւ քրեա-օլիգարխիայի սերտաճածության խնդիր, բայց մինչեւ որոշակի սահման: Որոշակի սահմանից այն կողմ իրավիճակն այլ է, եւ ներկայում իրավապահ համակարգն է այն հենարանը, որի վրա կառուցվում է իշխանության վերարտադրության որեւէ սցենարային տարբերակ:
Այդ պատճառով է նաեւ, որ իշխանությունն իրեն թույլ է տվել գնալ ներկուսակցական մրցակցության առերեւույթ ռիսկային տարբերակի ներդրմանը, քանի որ այդ մրցակցությունն այլեւս հենարանում չէ, որ տեղի է ունենալու:
Ավելին, այդ մրցակցությունը հենց իշխող համակարգի սնուցման աղբյուրն է, համակարգի էներգիայի վերարտադրության եւ կենսունակության գեներացիայի աղբյուր: Իհարկե, այդ մրցակցությունը լինելու է այն որակի շրջանակում, որի կրողն են մրցակիցները: Իսկ նրանք այդքան էլ առաջադեմ որակների կրող չեն: Սակայն ներկայիս փուլում իշխող համակարգի համար առաջնայինը մրցակցության փաստն է ինքնին, այսինքն համակարգի «արտադրողականության աճի» խնդիրը:
Հայաստանի իշխող համակարգում «արտադրողականության» ճգնաժամ է, եւ մրցակցային համակարգի ներդրմամբ իշխանությունը փորձել է լուծել այդ ճգնաժամի խնդիրը՝ նվազագույնը ընտրական վերարտադրության խնդիրը լուծելու համար, իսկ հնարավորության դեպքում՝ նաեւ հետագա խնդիրների լուծման որոշակի «պաշար» կուտակելու համար:
Այդ տեսանկյունից, մոլորություն է այն, թե հանրությունը, քաղաքացին կարող է իր շահը սպասարկելու խորքային խնդրի հարցում ձեռքերը տաքացնել իշխանության այդ մրցակցության վրա:
Հանրության ձեռքերը կարող է տաքացնել ընդդիմության դաշտում առավել որակյալ եւ արդյունավետ մրցակցային համակարգի ձեւավորումը, որի շնորհիվ ընդդիմադիր դաշտը կարող է վերականգնել իշխանության հանդեպ կենսունակության եւ մրցունակության, իսկ առաջին հերթին՝ հանրային վստահություն առաջացնող էներգիայի «արտադրությունը»:
Ընդդիմության դաշտն ունի սեփական «արտադրողականության աճ» ապահովելու մրցակցային մեխանիզմի անհրաժեշտություն, առանց որի գործնականում անհնար է լինելու լուրջ մրցակցություն առաջադրել իշխանությանն ու հավակնել դրանում թեկուզ համեմատական հաջողության:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing